«Ի վերջո, մեր կյանքն ունի մեկ փամփուշտի գին»
Երբ տղամարդը լաց է լինում, ուրեմն տեղի է ունեցել անդառնալի մի բան: Այդ կանայք են, որ լաց լինելում վարպետացած են այնքան, որ գիտեն անգամ` ինչպես լաց լինել, որ հանկարծ ճակատը շատ չկնճռոտվի, ինչպես լացի մեջ չկորցնեն հմայքը: Բնությունը տղամարդուն այնպես է ստեղծել, որ լացը նրա դեպքում գրեթե հակացուցված է: Եվ դա է պատճառը, որ լաց լինող տղամարդը նշանակում է` ծայրահեղ հուսահատություն, անզորություն: Սիրիահայ լուսանկարիչ Վահե Շահինյանը` հիշելով Դամասկոսում կորցրած իր խաղաղությունը, ամեն օր ողջ մնալու ճիգերը, թալանված տունն ու այն, որ այսօր ոչինչ չի մնացել իր 35 տարվա աշխատանքից, լաց է լինում: Ու թերթում իր իսկ արած լուսանկարները, որոնցում խաղաղ, շքեղ Դամասկոսն է: Լուսանկարիչն օրեր առաջ Հովհ. Թումանյանի թանգարանում ցուցադրեց իր 155 լուսանկարները:
– Հենց երեկ Դամասկոսում պայթյուններ եղան: Զոհերի մեջ նաև հայ կար: Իսկ Դուք ցուցադրում եք այն Սիրիան, որը հիմա չկա:
– Սրանք իմ 35 տարվա աշխատանքներն են: Այս ցուցադրվող պատմական հուշարձանների 40 տոկոսն արդեն չկա: Թե ինչ ավերածություններ են եղել Հալեպում, անգամ չգիտենք էլ: Պատկերացրեք, Սիրիայում յուրաքանչյուրը գիտի իրենից 1,5 կմ շառավղով տեղի ունեցող իրադարձությունները: Միայն քաղաքի կենտրոնի մի փոքր մասն է ապահով: Թեև դա էլ շատ եմ ասում. ռումբն ընկնում է` առանց հարցնելու` քաղաքի կենտրո՞ն է, թե՞ ոչ: Քայլում ես ու մտածում` որտեղի՞ց ռումբ կընկնի, ողջ կհասնե՞ս տուն: Երևանում մոտ 15.000 սիրիահայ կա: Ցանկանում եմ նրանց հուշերն արթնացնել: Եվ ուզում եմ, որ հայաստանցիները գիտենան` Սիրիան պատերազմի դաշտ չէ, Սիրիան ամենահին քաղաքակրթություններից մեկն է:
– Արդեն երեք տարի է, ինչ սկսվել է Սիրիայի ճգնաժամը, և այս երեք տարիներին Դուք և ոչ մի անգամ լուսանկարչական ապարատը չեք վերցրել: Անգամ հեռախոսով որևէ լուսանկար չեք արել:
– Լուսանկարելու գինը փամփուշտն է: Եթե մեկին փողոցում տեսնեն` լուսանկարչական ապարատով կամ անգամ հեռախոսով լուսանկարելիս, գնդակահարում են: Ընդ որում` երկու կողմից էլ: Լավագույն դեպքում կարող են ձերբակալել` մինչև պարզեն` ինչ նպատակով ես լուսանկարել:
– Ըստ պաշտոնական տվյալների` այսօր Սիրիայում ունենք 60.000-անոց համայնք…
– Ոչ, ոչ. հավանաբար դրա կեսը: Հալեպում ունենք մոտ 20.000 հայրենակից: Հալեպից դուրս գալ նրանք արդեն չեն կարող: Դամասկոսում գործազրկություն է, աղքատություն: Մարդիկ արթնանում են, և նրանց ողջ նպատակն այդ օրը ողջ մնալն է: Ինքս փոքրիկ խանութ ունեի: Ամեն օր գնում էի, բայց ո՛չ հաճախորդ կար, ո՛չ աշխատանք: Փողը 5 անգամ արժեզրկվեց: Ապրանքը թանկացավ: Հալեպին մինչև անցած տարի որևէ վտանգ չէր սպառնում: Միանգամից պաշարեցին, ու վերջ: Հիմա այնտեղ դարձյալ զոհեր ու առևանգումներ են լինում:
– Թե՛ Սիրիայում, թե՛ Հայաստանում, շատ մտավորականներ, հոգևորականներ, քաղաքական գործիչներ նկատում էին, թե սիրիահայ համայնքը մեր ամենակուռ, ամենամեծ համայնքն է, և, ինչպես լիբանանահայ համայնքը ժամանակին դիմակայեց պատերազմը, այնպես էլ հիմա մեր հայրենակիցները պետք է դիմանան Սիրիայում, չլքեն երկիրը:
– Լիբանանի պատերազմն այլ է, Սիրիայինը` այլ: Եթե իսլամիստներն իշխանության գլուխ անցան, կարծում եմ, հայն այլևս այնտեղ գործ չունի: Ոչ միայն հայը, քրիստոնյան: Իսկ եթե իշխանությունները նույնը մնացին, անշուշտ, ավելի ապահով է, սակայն, կարծում եմ` հայերի ներկայությունն այնտեղ էապես կնվազի:
Այդ մտավորականները, որոնք այդպես էին խոսում Սիրիայում, հիմա արդեն Սիրիայում չեն: Սա ապուշ խոսակցություն է: Թող նախ` իրենք մնային, հետո` ժողովրդին ասեին` մնացեք: Այդ ազգային ջոջերից մեկն անգամ չի մնացել. բոլորը Եվրոպա, Ամերիկա են փախել: Երբ ամեն օր քեզ մահ է սպասում, կմնա՞ս այդ երկրում: Չէ, չես մնա:
– Մահվան սպառնալիքն, ինչ խոսք, ստիպում է մեր սիրիահայ հայրենակիցներին` հեռանալ համեմատաբար ապահով տեղ: Սակայն զանգվածային ներգաղթ Հայաստան չեղավ: Շատերը նախընտրեցին երրորդ երկիրը:
– Հայաստանն օգնում է սիրիահայերին, բայց Հայաստանն էլ հարուստ երկիր չէ: Այստեղ գալը, բնակվելը, ապրելը մեծ ծախս է: Ասացեք ինձ. եթե հայաստանցին ինքը գաղթում է` օրվա հաց ճարելու, ինչի՞ մասին է խոսքը: Հայաստանը մեզ համար հայրենիք է, սակայն որպես ապրելու երկիր` նոր է, օտար, այստեղ լրիվ այլ քաղաքակրթություն է: Եթե մեծահարուստ մեկը գա, կկարողանա ապրել: Սակայն միջին կամ աղքատ խավը` դժվար: Օրինակ` ես իմ ապագան տեսնում եմ Հայաստանում: Եթե Սիրիայում վիճակը լավանա, կարողանամ վաճառել ունեցվածքս, որ ձեռքիս գումար լինի, նախ` կփորձեմ բնակվել Հայաստանում: Դատարկ ձեռքով հնարավոր չէ ոչ մի երկրում ապրել:
– Ինչո՞ւ եք համոզված, որ ո՛չ գործող իշխանության, ո՛չ ընդդիմության հաղթանակի դեպքում քրիստոնյաները, մասնավորապես` հայերը, Սիրիայում այլևս չեն ունենա նույն ներկայությունը:
– Եթե տեսականորեն այսօրվանից խնդիրը կարգավորվեց, կարծում եմ, 10-12 տարի է պետք` երկիրն իր նախկին վիճակին հասցնելու համար: Հույս չունեմ, որ Սիրիայից հեռացած հայերը կվերադառնան Սիրիա: Շատ պատճառներ կան, ամեն բան ասել չեմ կարող: Հիմա եթե ընդդիմությունը հանկարծ հաղթեց, հայությանը կկոտորեն: Ի վերջո, յուրաքանչյուրիս կյանքն այս պահին մեկ փամփուշտի գին ունի:
– Իսկ հայկական հարստությունը` դպրոցներ, եկեղեցիներ, գերեզմաններ…
– Այդ ամենը մնաց այնտեղ: Ինչպե՞ս Թուրքիայում մնացին մեր հողերը, մեր հարստությունը: Մեր իշխանությունները, մտավորականները հեռատես չեղան: Քրիստոնյաները, հատկապես` հայերս, Մերձավոր Արևելքում գործ չունեինք: Արդեն լիբանանյան իրադարձությունները նշան էին, որ արաբական երկրները գնում են ծայրահեղ իսլամի:
– Սակայն հայերը, արդեն որ տասնամյակն է` Մերձավոր Արևելքում լավ էին զգում, այնտեղի համայնքներն ամենամեծն էին, ամենակազմակերպվածը:
– Թուրքիայում էլ 20-րդ դարասկզբին հայերը լավ էին զգում. ի՞նչ պատահեց 1915-ին: