Համաներման արդյունքում` «Հարսնաքարի» գործով ամբաստանյալի պատժաչափը կկրճատվի 6 ամսով

«Հարսնաքարի» գործով մեղադրող դատախազ Արթուր Դավթյանը միջնորդել է գործով 6 ամբաստանյալներին դատապարտել 13 տարի ազատազրկման: Ինչպես հայտնի է, ռեստորանային համալիրի աշխատակիցները մեղադրվում են ռազմական բժիշկ Վահե Ավետյանին և նրա ընկերներին` Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի ենթարկելու մեջ:

Մասնավորապես, 6 ամբաստանյալներին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 118-րդ հոդվածով (ծեծը): Մեզ հետ զրույցում գործով ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ իր կարծիքով՝ Ա. Բաղդասարյանի մեղքը նրան մեղսագրվող արարքում ընդհանրապես չի ապացուցվել.

«Այդ իսկ պատճառով, ես կարծում եմ` թեկուզ մեկ տարի պահանջված ազատազրկումը կոնկրետ իմ պաշտպանյալի մասով չի բխում քրեական գործով հետազոտված ապացույցներից, քանի որ մեղադրողի կողմից ներկայացված ապացույցները որևէ կերպ չէին խոսում այն մասին, որ իմ պաշտպանյալը որևէ մեկին ծեծի ենթարկելու նախնական համաձայնություն է ունեցել: Այդ իսկ պատճառով գտնում եմ, որ ընդհանրապես իմ պաշտպանյալի վերաբերյալ տվյալ մեղադրանքն ապացուցված չէ: Ինչ վերաբերում է ընդհանրապես հասարակական հնչեղություն ունեցող գործին և մնացյալին, գտնում եմ, որ ամեն դեպքում, եթե նույնիսկ տվյալ հանցագործությունն ապացուցված համարվի որևէ մեկի վերաբերյալ, առավել խիստ պատիժ մտածել հնարավոր չէր սույն քրեական գործի շրջանակներում:

Դա` այն պայմաններում, եթե լինեն բավարար ապացույցներ, ու հաստատված համարվի ամբաստանյալներից որևիցե մեկի մեղքը. դատախազը դատարանին միջնորդել է նշանակել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված առավելագույն պատիժը՝ հաշվի չառնելով նույնիսկ այն պարագաները, որ ամբաստանյալներից մի քանիսն ունեն մեղմացնող հանգամանքներ, իսկ օրենքը մեղմացնող հանգամանքների հաշվի առնելը ցանկացած պարագայում պարտադիր է համարում»:

Կարդացեք նաև

Միհրան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է բացատրում այն հանգամանքը, որ գործը մեղադրական եզրակացությամբ հասել է դատարան, այն դեպքում, երբ իր խոսքով` իր պաշտպանյալի մեղքը չի ապացուցվել: «Դա պայմանավորում եմ այն հանգամանքով, որ տվյալ պարագայում հենց գործի հարուցման պահից հասարակական մեծ ազդեցություն ունեցավ, ոչ բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց այն փաստը, որ պետությունում իրավական համակարգ կառուցելիս գոյություն ունեն սկզբունքներ, որոնցով պետք է առաջնորդվել յուրաքանչյուր ժամանակ՝ հաշվի չառնելով գործի հասարակական հնչեղությունը: Ցանկացած անձ, թեկուզ, եթե ինչ-որ արարքում մեղավոր է, պետք է պատասխանատվության ենթարկվի պետության կողմից հռչակած սկզբունքների պահպանմամբ: Ես հասկանում եմ, որ ցավալի փաստ է տեղի ունեցել, սակայն հասարակության պահանջն այլ էր:

Տվյալ պարագայում որևէ տարբերություն չդնելով, թե ով և ինչ չափով պետք է պատասխանատվություն կրի տվյալ հանցագործության համար, հասարակությունը պահանջում էր, որպեսզի բոլորը ենթարկվեն քրեական պատասխանատվության` առանց ապացույցների: Դատախազությունը, որպեսզի բավարարի տվյալ պահանջմունքը, նման դիրքորոշում է որդեգրել և ըստ նման դիրքորոշման էլ` սույն քրեական գործի հարուցման օրվանից մինչ օրս քրեական գործով քննություն է կատարում»:

Մ. Պողոսյանի խոսքով՝ ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշումը կանդրադառնա նաև իր պաշտպանյալի վրա. նշանակված պատժաչափը կկրճատվի վեց ամսով:
Նշենք, որ այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա գործով հերթական նիստը: Ճառով հանդես կգա գործով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս