Գերմանիայի քաղաքական վերնախավը և հասարակությունը նման դեպքում հաստատ չէր լռի
Մեր հայրենակից, աբստրակցիոնիստ Գագիկ Բաբայանն արդեն 20 տարի բնակվելով Գերմանիայում՝ նկարչության հետ համատեղում է ժամագործի իր աշխատանքը: Նա համագործակցում է եվրոպական հանրային սրահների հետ, ինչպես նաև՝ արդեն Հայաստանում ցուցադրվելու առաջարկներ է ստացել: 1992 թվից Գերմանիայի Նկարիչների միության անդամ է: Այն քչերից է, որ արժանացել է Քյոլնում Հենրիխ Բյոլլի հեղինակավոր հիմնադրամի կրթաթոշակին: Ասում է՝ Գերմանիան ստեղծագործելու, կայանալու, հեղինակություն վայելելու լայն հնարավորություն տալիս է, բայց շատ քչերին է հաջողվում ինքնահաստատվել արվեստի ոլորտում և առանց երկրորդ աշխատանքի, միայն արվեստով գոյատևել: Բնակվելով Գերմանիայի Հայդերբերգ փոքրիկ քաղաքում, որտեղ տեղակայված է այդ երկրի քաղցկեղի բուժման ամենախոշոր, տեխնիկապես զինված կլինիկան, Գ. Բաբայանը մեծ ցավ է ապրում, որովհետև այդ կլինիկա դիմողների ամենամեծ հոսքը Հայաստանից է: Նա վստահեցնում է, որ վերջին տարիներին քաղցկեղով հիվանդ ազգությամբ հայերը, ընդ որում՝ երիտասարդներն, աննկարագրելի մեծ թիվ են կազմում: 15 տարի Հայաստանում չլինելուց հետո նա այս անգամ Երևանը հայտնաբերել է բոլորովին այլ դեմքով, որտեղ կանաչ գոտուն, ճարտարապետական արժեքներին եկել են փոխարինելու առևտրի կետերը, կրպակներն ու ավտոտնակները:
– Նախկինում ապրում էի Մյունհենում, որն ավելի կոնսերվատիվ քաղաք է, և այնտեղ շատ կարևոր է, թե որ երկրից է տվյալ նկարիչը: Դեռ նոր էի մուտք գործել Գերմանիա, երբ Մյունհենի կենտրոնում գտնվող «Ժան» գալերեայի ազգությամբ հայ տնօրենն իր հիացմունքն արտահայտելով իմ արվեստի նկատմամբ՝ հրավիրեց ցուցադրվելու: Անկեղծ ասած՝ դա ինձ շատ շոյեց, որովհետև գրաֆիկական գործերս կախված էին Պիկասոյի և այլ մեծությունների կողքին:
Հետագայում դարձա Նկարիչների միության անդամ և ստացա կարևորագույն կրթաթոշակ: Այն ժամանակ ես, ճիշտն ասած՝ առաջ գնալու խիստ մարտավարություն չունեի և շատ խելամիտ առաջարկների չէի արձագանքում: Իդեալիստ էի… աշխարհը, մարդկանց նկարչության միջոցով փոխելու մտքեր ունեի: Մյունհենի շատ հեղինակավոր գալերեաներից մեկն ակվարելներով աշխատանքներս տեսնելով՝ անմիջապես առաջարկեց ցուցադրել: Նայեցի այդ հսկայական ցուցափեղկերին և միանգամից ասացի՝ չէ… Շատ հնարավորությունների հետ կապված` միշտ չէ, որ ճիշտ որոշում եմ կայացրել, զուտ փորձի պակասից ելնելով: Գերմանիայի արվեստի շուկա մուտք գործել ձգտում են աշխարհի բոլոր երկրներից, որովհետև պատշաճ գնահատվում է նկարը:
– Կա՞ կոնկրետ վերաբերմունք կամ հետաքրքրասիրություն հայ արվեստագետի նկատմամբ:
– Նախկինում Հայաստանի մասին շատ քչերը գիտեին, ինֆորմացիա չկար: Առաջին բանը, որ հիշատակվում է՝ Ցեղասպանությունն է: Վերջերս գերմանական հեռուստաընկերություններով շատ հաղորդումներ ցուցադրեցին կոտորածի մասին: Այսինքն՝ հիմա այդ երկրում բաց խոսում են Հայաստանի Ցեղասպանության մասին` իր բոլոր օբյեկտիվ, փաստագրական շեշտադրումներով, անգամ նշելով, որ գերմանացի սպաները մասնակից, դաշնակիցներ են եղել կոտորածի կազմակերպման հարցում: Գերմանիան աշխարհում այսօր առաջնորդող երկիր է, մասնավորապես՝ ֆինանսական ճգնաժամից հետո, երբ բոլոր երկրները սնանկացան, բացի Գերմանիայից:
Այս երկիրը՝ ճկուն լինելով, է՛լ ավելի հարստացավ, որտեղ մեծ փողեր են կուտակված: Հայաստանի մասին այսօր Գերմանիան տեղեկացված է, իսկ հայ արվեստագետները նույնքան հետաքրքրություն կարող են առաջացնել, որքան՝ որևէ երկրի տաղանդավոր արվեստագետ:
– Հայ հասարակության մեջ այդ երկրում պաշտպանություն գտնելու, կարելի է ասել, մոլուցք կա. օրինակ՝ արվեստագետները, բժիշկները ելքեր են որոնում Գերմանիա մեկնելու համար, առողջապահության հետ կապված խնդիր ունեցող մարդիկ՝ նույնպես, գործարար դասի բիզնես համագործակցության թիրախը նույնպես հիմնականում այդ երկիրն է: Այդ երկրի քաղաքականությունն այնպիսին է, որ բոլոր ոլորտներում դրսևորվելու իդեալական հնարավորություններ կա՞ն:
– Մեր քաղաքում է գտնվում քաղցկեղի խոշորագույն կենտրոններից մեկը, որտեղ տեղակայված է լավագույն տեխնոլոգիան, և բուժման մեթոդները համարվում են ամենալավը: Հայաստանից քաղցկեղի բուժման համար հոսքը շատ մեծ է, բայց, որն ունի նաև մեկ այլ պատճառ՝ կլինիկան Հայաստանում գրասենյակ ունի: Հայ գործարարներից մեկի կինը, կարծեմ, համագործակցում է կլինիկայի հետ: Հայաստանից նման հիվանդություն ունեցողների հոսքը սարսափելի է, ընդ որում՝ քաղցկեղը հայերի մոտ շատ երիտասարդացել է:
Ընդհանուր առմամբ՝ Գերմանիան մարդու իրավունքները հարգող երկիր է, որտեղ բոլոր ոլորտներում մարդն իր իրավունքների շրջանակներում կարող է ազատորեն գործել:
– 15 տարի Հայաստանում չէիք եղել: Շա՞տ բան է փոխվել:
– Սկսած օդանավակայանից՝ փոփոխությունը շատ մեծ է` թե՛ դրական, թե՛ բացասական առումներով: Նոր օդանավակայանն ինձ շատ դուր եկավ: Մինչ այդ, ես չորս ժամ անցկացրեցի Վարշավայում, որը շատ չոր և անհյուրընկալ էր: Տուն տանող ճանապարհն է շատ փոխվել՝ լուսավորված կազինոներ: Առաջ էլ հրճվելու բան չկար, որովհետև առաջ օդանավակայանից քաղաք մտնող ճանապարհին տավար էին մորթում, իսկ հիմա խաղատներ են գործում:
Քաղաքի մասին կասեմ հետևյալը. մետրոյի կայարանների մոտ փակցված են սև-սպիտակ լուսանկարներ, որոնք պատկերում են, թե 1925-1978թթ. ինչ շենքեր են կառուցվել: Նայեք այդ լուսանկարներին, և ինքներդ կտեսնեք, թե քաղաքը որքան է փոխվել: Քաղաք մտնելուց հետո ինձ մոտ տպավորություն է, կարծես շուկան անվերջ շարունակվում է: Մեր տունը գտնվում է Կիևյան փողոցի վրա, որտեղ խանութը` խանութի վրա, հացի խանութը՝ հացի խանութի վրա է. չկա ոչ մի սկզբունք: Երբ ես մեկնեցի՝ շատ կանաչ, գեղեցիկ բակ ունեինք, իսկ հիմա ավտոտնակները, բետոնը խեղդում է: Կոմունիստների օրոք ճարտարապետական սկզբունքներ կային, համաձայն որոնց՝ ամեն ինչ չէր, որ թույլատրելի էր: Շենքի տարածքում էլ մշտապես ինչ-որ բան քանդվում, կառուցվում է, աղմուկ, փոշի… Եվրոպայից հետո առաջին տպավորությունս շոկային էր, բայց հիմա մի քիչ ընտելացել եմ, գուցե այնքան վատ, տհաճ չի թվում, որովհետև մարդկային ջերմությունը, ընկերությունը կոտրում է այդ շոկը:
– Հայ մարդը խառնվածքով ջերմ է, ծայրահեղ նվիրվող, տաքարյուն, հյուրասեր, իսկ գերմանացիներն առավել սառը, հավասարակշռված ու չափավոր են: Դժվար չէ՞:
– Գերմանիայում ամեն ինչ չափված, ձևված, կանխամտածված է, որը այդ երկրի բացասական կողմն է: Ոչ մի անակնկալ բան տեղի չի ունենում, մարդկային հարաբերությունները կանխատեսելի են: Դա շատ հանգիստ, ոչ սթրեսային կյանք է, ուղղակի նկարչի համար նման իրավիճակը բարենպաստ չէ, որովհետև չես կարող կյանքն այդքան հաշվարկել: Տարիներ, ամիսներ շարունակ ամեն ինչ նույնն է: Հայաստանում ավելի շատ քաոս կա, որը հետաքրքիր է, որովհետև նաև գործողություն կա:
Այնտեղ բացասականը նույնիսկ շատ գեղեցիկ թաքցրած է: Նույնիսկ մահը, գերեզմանոցները: Հայաստանի գերեզմանոցները սարսափեցնող են, իսկ իրենցը՝ ծերերի համար ծաղիկ դնելու վայր է: Իրենց փիլիսոփայությունն է՝ ամեն ինչի մեջ պոզիտիվ դնել: Թաղմանը գալիս են սպիտակ հագուստով, փուչիկներ են կախում և այլն: Դիակը փողոցով տանելը Գերմանիայում կդիտվի անպատկերացնելի մի բան, չնայած՝ իրենց ավանդույթն էլ չեմ կարողանում ընկալել:
Օրինակ՝ այս քանակի շքեղ մեքենաներ, որոնք առկա են Հայաստանում, Հայդերբերգում հազվադեպ կարելի է տեսնել: Գերմանացիները թանկ մեքենաներ գնելու նպատակ չեն դնում իրենց առաջ: Ամենահարուստները կարող է թանկ մեքենաների կոլեկցիա նույնիսկ ունենան, բայց միջին միլիոնատերը՝ ոչ: Էնտեղի մեծահարուստներն իրենց գումարները ծախսում են ճանապարհորդությունների, նկարներ գնելու վրա: Իրենց հետաքրքրության ասպարեզը շատ մեծ է, ցուցամոլություն չունեն, ճիշտ հակառակը՝ շատ համեստ են, անգամ կարող ես շփվել ու չիմանալ, որ մարդը միլիոնատեր կամ միլիարդատեր է:
– Այս օրերին, երբ Հայաստանում եք, ամենաքննարկվող թեման ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատգամավոր, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի սկանդալային հայտարարությունն էր՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Երկար տարիներ բնակվելով Եվրոպայում` Դուք, հավանաբար, նման միջադեպերի մասին շատ եք լսում, մանավանդ, երբ Գերմանիայում բարձր ամբիոններից այս կամ այն պաշտոնյայի արատավոր անցյալի մասին փաստեր հնչեցվում են: Ի՞նչ եք կարծում, այդ հայտարարությունն ինչ-որ կերպ վնասե՞ց մեր երկրի հեղինակությանը:
– Կարող եմ ասել, որ պատգամավորն ամեն դեպքում ճիշտ արեց, որ նման հայտարարություն հնչեցրեց: Գերմանիայում նման դեպքեր շատ են լինում, և ոչ մի արտառոց բան չկա: Եթե նման փաստ տեղի է ունեցել, ապա պետք է ընթացք տալ: Այնտեղ լրատվամիջոցները, հասարակությունը նման փաստերի նկատմամբ շատ ուշադիր են: Անգամ, եթե որևէ բարձրաստիճան պաշտոնյա անցյալում մի վրիպում է թույլ տվել՝ դա ի հայտ է գալիս և երբեք չի մոռացվում: Եվրոպայում նման դեպքերն այնքան շատ են, որ կարող եմ անվերջ թվարկել: Ի վերջո, կա մրցակցություն, և հակառակորդները փորձում են ինչ-որ արատավոր բան գտնելով՝ տապալել մրցակցին: Դա բաց մրցակցություն է, ինչն էլ պաշտոնյաներին ստիպում է լինել սահմանների մեջ, սխալներ չգործել:
– Այսինքն՝ դա ընդամենը մրցակցային խաղի կանո՞ն է, մարդու կյանքի արատավոր փաստերն օգտագործելով իր դեմ՝ ոչնչացնել նրան, թե՞, այնուամենայնիվ, հասարակական պահանջ կա` երկրի վերնախավում տեսնել քիչ թե շատ պարկեշտ կենցաղով, կյանքով ապրող քաղաքական ֆիգուրների:
– Բնականաբար, այդ իդեալները կան: Եթե որևէ պաշտոնյայի գործունեության մեջ նույնիսկ կոռուպցիայի տարրեր հայտնաբերվեն՝ նրա կարիերան, անկասկած, վերջացած է: Վերջերս Մինիստրների սովետի նախագահը հայտնեց, որ իր գիտական աշխատանքը կեղծված է, 60 էջ ինչ-որ տեղից թխած էր: Վերջ… այդ մարդն անհետացավ: Ընդ որում՝ նա շատ լավ մասնագետ էր և կարող էր երկրին մեծ օգուտներ բերել: Բայց Գերմանիայում նման անօրինականությունն անմիջապես վերցնում են մանրադիտակի տակ և ոչնչացնում են մարդու կարիերան: Էնտեղ նման երևույթներն օբյեկտիվորեն չեն ներվում:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի հետ կապված այս միջադեպին, ապա պետք է նշեմ, որ, եթե նման բան իսկապես տեղի է ունեցել, ուրեմն՝ իսկապես դա մեծ ստվեր է գցում մեր երկրի վրա, բայց հայտարարությունը հիմնավորված է, և հնչեցնելը միանշանակ ճիշտ էր: Իսկ եթե դա ուղղակի պրովոկացիա էր, և հայտարարությունը փաստական հիմքեր չունի, ապա, անշուշտ, շատ վատ է, որ հնչեցվել է, և հնչեցնողին սուտ հայտարարության համար պետք է դատի տալ: Այսինքն, եթե երկրի նախագահին, այն էլ՝ նման ամբիոնից մեղադրում ես խաղամոլության մեջ, ապա, բնականաբար, պետք է հիմնավորես և փաստեր ունենաս:
– Հայաստանի ներսում նախագահի այդ հակումների մասին գրում են լրատվամիջոցները, և հասարակության համար հայտարարության բովանդակությունը նորույթ չէր: Այլ հարց է, որ դա դրվեց աշխարհի առաջ:
– Համարում եմ, որ հայտարարությունը տեղին էր: Գերմանիայի քաղաքական վերնախավը և հասարակությունը նման դեպքում հաստատ չէր լռի: Այնտեղ լրատվությունը ոչ միայն հետևողականորեն լուսաբանում է, այլև սկանդալը սկսվում է հետազոտվել, հետաքննվել և փաստերը նույնպես հրապարակվել: Եթե քաղաքական դեմքն իր գումարներն է խաղատանը ծախսել, դա իր անձնական գործն է, թեև խաղամոլ լինելն արդեն վատ համբավ է բերում: Տվյալ դեպքում, եթե համեմատելու լինենք, ապա նախ` այնտեղ նման գումարների քաղաքական գործիչները չեն տիրապետում: Կոնկրետ այս դեպքի հետ կապված կարող եմ վստահեցնել, որ Գերմանիայում նման սկանդալից հետո ուղղակիորեն այդ մարդն ինքնակամ կհեռանար:
Օրինակ՝ Գերմանիայի նախկին պրեզիդենտներից մեկի անձնական կյանքից որոշ փաստեր բացահայտվեցին, համաձայն որոնց՝ նա հաճույքով նվերներ էր ընդունում, իր ընտանեկան թռիչքների, հյուրանոցի համար վճարում էին, և ինքը հաճույքով ընդունում էր դա, ընդ որում՝ դրանք այնքան էլ մեծ գումարներ չէին: Այդ բացահայտումներից հետո ահավոր մեծ սկանդալ եղավ, որին հաջորդեց նրա հրաժարականը, և մինչև հիմա դատական պրոցես է ընթանում: Այդ մարդը նման վրիպումից հետո այնքան թուքումուր կերավ, որ ուղղակի տապալվեց, անգամ կինն ամուսնալուծվեց իրենից: Հասարակությունը ոչնչացրեց նրան, որովհետև մարդիկ չեն ներում նման սխալները:
– Խնդիրն այն է, որ եվրոպական որևէ խաղատուն, բնականաբար, 70 մլն-ի մասին փաստեր չի տրամադրի, հետևաբար` այս հայտարարությունը դատական ընթացք չի ստանա: Էլ չենք խոսում այն մասին, որ նախաքննական մարմինն էլ իր հերթին` պետական գումարները եվրոպական երկրների խաղատներ ճանապարհելու` նախագահի գործողությունները բացահայտելու քայլեր չի ձեռնարկի շատ պարզ պատճառով՝ ՀՀ դատախազությունը նախագահի ցուցումներով գործող մարմին է:
– Ուրեմն՝ կմոռացվի, ինչպես մոռացվել և ներվել են շատ հարցեր: