Բագրատ Ասատրյանը եվրոպարտատոմսերի թողարկումը գնահատում է դրական, իսկ ֆինանսների նախարարի հայտարարությունը՝ պրիմիտիվ
Եվրապարտատոմսերի արդյունքում ստացված միջոցները կարելի է շատ ավելի դրական գնահատել, քան միջպետական հարաբերությունների արդյունքում միջոցներ ներգրավելը: ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց 1994-1998 թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը, ռուսական վարկը Libor+3% տոկոսադրույքով էր, իսկ Libor-ի թռիչքի հավանականությունը բավականին բարձր է և, հնարավոր է, այն հասնի 3-4-ի, որի արդյունքում ռուսական վարկը կթանականա:
Բ.Ասատրյանը շատ նորմալ է համարում, որ եվրոբոնդերի գումարն ուղղվում է ռուսական վարկի մարմանը, քանի որ թեև այն այս պահին ավելի էժան է, քան եվրոպարտատոմսերի գինը, բայց այնուամենայնիվ բոլոր չափանիշները հաշվի առնելով, ավելի վատ վարկ է և դրա պայմաններն ուղղակի խայտառակություն են:
«ՀՀ համար սա առաջին գործարքն է և, ակնհայտ է, որ առաջին գործարքը պետք է լինի թանկ, բայց մի անգամ մենք պետք է մտնենք այդ շուկա և պետք է վճարենք այդ մուտքի գինը: Հուսամ, որ ՀՀ կառավարությունը, իշխանություններն այնքան խելամիտ կգտնվեն, որ դա նոր բեռ չի դառնա: Ամեն դեպքում, եթե լավ իշխանություն չունենանք, փողը միշտ էլ թանկ է լինելու մեզ համար: Այսինքն, ամեն ինչ կախված է զարգացումներից: Եթե քաղաքական համակագը չփոխվի, այսպես էլ մնալու է և ես չեմ պատկերացնում ինչ պետք է լինի, բայց հուսով եմ, որ քայլեր պետք է արվեն, որովհետև մենք հասել ենք ծայրահեղության, նաև ֆինանսական միջոցների ներգրավման առումով: ՀՀ-ն ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: Այսօր ներդրումներ չեն գալիս, տարեցտարի նվազում են օտարերկրյա ուղղակի ներդրումները, և մենք դատարկ տաշտակի առաջ ենք հայտնվել: Այս պայմաններում ինչ-որ մի բան պետք է արվի: Այդ առումով լայն իմաստով եվրոպարտատոսմերի թողարկումը շատ դրական երևույթ է, բայց սա կարող է վերածվել բացակսականի, եթե այս քաղաքական հանցավոր համակարգը չփոխվի: Դա միանշանակ է»,- ասաց Բ.Ասատրյանը:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հայտարարությունը, որ այս եվրոպարտատոմսերը մարելու համար 7 տարի հետո ՀՀ-ն կրկին պարտատոմսեր կթողարկի, Բ.Ասատրյանը «պրիմիտիվ» անվանեց. «Պաշտոնյան իրավունք չունի նման բան ասելու: Իսկ եթե արտահանումը զարգանա՞ ու 5 անգամ աճի և մենք բյուջեի պրոֆիցիտ ունենք, դա բացառո՞ւմ ենք, ինչ է: Չի կարելի այդպես ասել, դա միամտություն է այսօր ասել, որ 7 տարի անց եվրոպարտատոմսեր կթողարկեն: Թե ինչ կլինի հետո, ժամանակը ցույց կտա»: