Կողբավան. Փոքրիկ համայնք, հսկայական խնդիրներ
Կողբավանն աշխարհից, քաղաքակրթությունից կտրված մի համայնք է: Ինչպես տեղի բնակիչներն են ասում` աշխարհից հեռու, մոռացված ու անտեսված:
Իրականում Կողբավանը մարզկենտրոնից այնքան էլ հեռու չէ` ընդամենը 30-35 կմ, սակայն խնդիրներն այնքան շատ են, որ դժվարությամբ ես Կողբավանը գյուղ անվանում: Գյուղում խնդիրներն անհաշվելի են: Մեկ կամ երկու գլոբալ հարցով կողբավանցիները չեն սահմանափակվում: «Մեր գյուղում ոչ մի բան չկա»,- կարճ-կոնկրետ պատասխանում են գյուղի հարսները: Իրականում նրանց պատասխաններում չափազանցություն չկա:
Գյուղի ճանապարհները սարսափելի են, խմելու ջուր չկա, գազ՝ նույնպես, դպրոց ու մանկապարտեզ անգամ խորհրդային տարիներին չի եղել, իսկ անկախության տարիներից կողբավանցիները մթերային խանութ չեն տեսել:
Շաբաթը մեկ անգամ գյուղացիները գնում են Արմավիր քաղաք՝ գնումների: Ամբողջ շաբաթվա ընթացքում գյուղի մեքենա ունեցող ընտանիքները հարևաններից գնումների ցուցակներ են վերցնում ու էդպես միմյանց օգնելով՝ փորձում են հաղթահարել կենցաղային դժվարությունները:
Գյուղի ամենամեծ խնդիրը խմելու ջրի բացակայությունն է, յուրաքանչյուր ընտանիքի շաբաթական 200 լիտր ջուր է հասնում: Գումարը վճարում է գյուղապետարանը, ջուրը հարևան համայնքներից են բերում:
«Ինչ ուզում ես՝ արա՝ պետք ա էդ 200 լիտրի մեջ տեղավորվես»,- ասում է Նորոն ու ավելացնում, որ լվացքի, լողանալու և անասունների համար նախատեսված ջուրը գնում են: «Որ մի գյուղում ջուր չլինի, գազ չլինի, ո՞նց պետք ա լինի էդ գյուղացու կյանքը… Շան օրի, մի կերպ ապրում ենք: Արդեն յոլա էլ չենք գնում, համարյա գոյատևում ենք»,- ասում է Համբարձում պապն ու հավելում, որ իրենք գոնե սովետի տարիներին մի քիչ բան տեսան: Իսկ թոռներն ամեն ինչից են զուրկ: Գյուղում մանուկների համար ոչինչ չկա:
Խաղահրապարակի ու մանկապարտեզի մասին մեծահասակները լռում են: Առաջնահերթ խնդիրը դպրոցի կառուցումն է: Գյուղի երեխաները դպրոց չեն գնում. Մոտակա դպրոցը Վանանդ գյուղում է` հեռու է, և ահագին ճանապարհ պետք է կտրել-անցնել: Լավագույն դեպքում՝ գյուղի երեխաները 5-րդ դասարանի կրթություն ունեն: Դրանից հետո դպրոցից դուրս են գալիս և ծնողներին են օգնում տան ու հողամասի հարցում:
Այս տարի գյուղից ընդամենը 4 երեխա է դպրոց հաճախում` հիմնականում առաջին կամ երկրորդ դասարանցիներ: Տրանսպորտը գյուղապետարանն է տրամադրում: Տարիքով մեծերը հրաժարվում են դպրոց գնալ: Մի քանի տարի բաց են թողել և հիմա ամաչում են փոքրերի հետ նույն նստարանին նստել: Ծնողներից շատերն էլ չեն ստիպում. պատճառը ոչ միայն դպրոցի հեռավորությունն է, այլև կրթության հետ կապված ֆինանսական խնդիրները: Կողբավանում աշխատանք չկա, մի կերպ յոլա են գնում, ու այդ «յոլա»-ի մեջ կրթությունը չի տեղավորվում:
Կողբավանի խնդիրների մասին քաջատեղյակ են թե՛ մարզպետարանում, թե՛ կառավարությունում: Գյուղապետը մի քանի տարի առաջ խմելու ջրի հարցով դիմել է մարզպետարանին, հետո՝ նաև կառավարությանը: Կառավարությունից պատասխանը չի ուշացել. ֆինանսներ կգտնենք խորքային ջրերի հարցը կարգավորելու, և գյուղը կապահովվի ջրով: Անցել է մի քանի տարի, կառավարությունում դեռ գումար են հայթայթում:
Մնացած հարցերի վերաբերյալ գյուղապետարանում անիմաստ են համարում դիմել կառավարությանը: Եթե գյուղի հրատապ հարցի համար գումար չի ճարվում, դպրոցի կամ գազիֆիկացման համար հաստատ չի ճարվի:
Եթե խորքային ջրի հարցը Կողբավանում լուծվի, ապա գյուղացիները կկարողանան հողագործությամբ զբաղվել, և անապատ հիշեցնող գյուղը կրկին զարթոնք կապրի:
«Գոնե մեր բանջարեղենը, մեր կանաչին կունենանք, շուկայից չենք առնի: Բայց որ ջուր չկա` հող չենք կարողանում մշակել, մենակ ծառերն են, որ անձրևաջրերով են ոռոգվում ու շատից-քչից միրգ տալիս: Մնացած ամեն ինչը գնում ենք: Հաճախ կաթով կամ ձվով ենք փոխանակում»,- ասում է տիկին Աստղիկը: