«Միասնական քննչական մարմնի ստեղծումը բավական դրական ազդեցություն կունենա նախաքննության որակի վրա». փաստաբան
Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահի որոշմամբ ստեղծվել է միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննչական մարմինը կազմավորվելու է ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, պետական եկամուտների կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա: 168.am-ը փաստաբան Միհրան Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանում նման մարմին ստեղծելու անհրաժեշտություն կա՞:
«Իմ կարծիքով՝ նման քննչական մարմնի ստեղծումը բավական դրական ազդեցություն կունենա թե նախաքննության որակի վրա, թե «խաղի» միասնական կանոններ սահմանելու ուղղությամբ, քանի որ այդ մարմնի ստեղծվելուց հետո բոլորը տեղեկացված կլինեն, որ նախաքննությունն իրականացվում է նույն մարմնում, և տվյալ քննչական մարմնում թե որակումների, թե տեխնիկական հարցերի հետ կապված դիրքորոշումը նույնն է: Կարծում եմ՝ դա որակապես դրական փոփոխությունների կբերի: Օրինակ՝ մաքսային մարմիններում և ոստիկանության քննչական մարմիններում պաշտպան ներգրավվելու գործընթացն այլ կերպ է ընթանում, այսինքն՝ բոլորը թելադրում են «խաղի» իրենց կանոնները և յուրովի են մեկնաբանում օրենքը: Իսկ եթե լինի միասնական մարմին, հնարավոր չէ որևէ տարբերություն լինի, օրինակ, Երևանի քաղաքի և Լոռու մարզային քննչական բաժիններում»:
Կարծիք հայտնելով միասնական քննչական մարմնի ստեղծման մասին՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասել էր. «Անկեղծ ասած՝ առաջին տպավորությունը, որ ինձ մոտ առաջացավ այդ լուրը կարդալուց հետո, այն էր, որ այդ մարմինը հատուկ ստեղծվում է արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համար»: Միևնույն ժամանակ նա ասել էր, որ եթե իրավապահ մարմինները գործեն ՀՀ Սահմանադրության ու օրենքների շրջանակում, ապա որևէ խնդիր չի կարող առաջանալ:
Միհրան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք համաձա՞յն է Մ. Շուշանյանի այս տեսակետի հետ:
«Միասնական քննչական մարմին ստեղծելու անհրաժեշտության մասին ես լսել եմ դեռևս բավական ժամանակ առաջ, այսինքն՝ Աղվան Հովսեփյանի՝ պաշտոնավարման ժամկետը ավարտվելուց դեռ բավական ժամանակ առաջ: Հետո, չեմ կարծում, որ ամբողջովին նոր ինստիտուտ ստեղծելու համար պետությունից չի պահանջվի բավական երկար ժամանակ, իսկ այդպիսի երկարաժամկետ պլաններով միասնական քննչական մարմին ստեղծելու անհրաժեշտությունն ու տրամաբանությունը ես չեմ տեսնում: Այսինքն՝ հանձնաժողովի աշխատանքների համախմբումը կամ հանձնաժողովի նախագահ լինելը, չեմ կարծում, որ ուղիղ ճանապարհ է դեպի տվյալ մարմնի ղեկավարի պաշտոնը: Տվյալ հանձնախմբում կան այլ անձիք, որոնք աշխատելու են:
Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ նրանք նշանակվելու են ենթակառուցվածնքերի ղեկավարներ, սակայն ես վստահ եմ, որ այնտեղ կան մարդիկ, որոնց ես անձնապես ճանաչում եմ, որոնք իրականում հավաքվել են լավ գործ անելու համար, պետությունում իրականացվող նախաքննության որակը բարձրացնելու համար: Դա չեմ դիտարկում որպես հետագայում որևէ պաշտոնի հասնելու ճանապարհ»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Անդարադառնալով հարցին՝արդյոք նախաքննության իրականացնող հատուկ քննչական և Ազգային անվտանգության ծառայությունների՝ միասնական քննչական մարմնի կազմում ընդգրկվելու հարցին՝ փասատաբանն ասաց. «Կարծում եմ, որ հատուկ քննչական ծառայությունն իր ֆունկցիաներով պետք է որ առանձին գործի, իսկ Ազգային անվտանգության քննչական մարմնի հետ կապված, իմ կարծիքով, հստակ դիրքորոշման հանգել հնարավոր չէ:
Հասկանում եմ տրամաբանությունը՝ ինչու է սկզբնական փուլում նման որոշում կայացվել, քանի որ Ազգային անվտագության քննչական մարմինների, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության կողմից քննվող քրեական գործերի ոլորտները մի փոքր այլ է, քան ոստիկանության, պաշտպանության նախարարության քննած գործերի ոլորտը: Եթե հաջողություն ունենանք, միասնական քննչական մարմինը կատարի իր վրա դրված խնդիրները, լուծումներ առաջարկի, ինչու ոչ, կարող է նաև Ազգային անվտանգության քննչական ծառայությունը ներառվել տվյալ մարմնի մեջ: Բայց սկզբանական փուլում, կարծում եմ, որ տրամաբանական է»:
Լուսանկարը՝ Միհրան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից