Թբիլիսիի հայկական թատրոն. վթարային բեմ, փլվող առաստաղ ու հրաշքի ակնկալիք (լուսանկարներ)

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնը միակն է Հայաստանի սահմաններից դուրս եղած հայկական թատրոններից, որ ունի սեփական շենք ու պետական կարգավիճակ: 158-ամյա թատրոնն իր ուրույն տեղն ունի հայկական և վրացական մշակութային կյանքում, մասնակցում է երկու երկրներում կազմակերպվող փառատոներին և հաճախ մեկնում հյուրախաղերի: Նախորդ դարի երեսունականներին վրացական կառավարությունը շենք հատկացրեց հայկական թատրոնին, և այսօր Ցամեբուլի 8 հասցեն գիտեն ոչ միայն հայերը, այլև վրացիները:

Թբիլիսիում հայկական թատրոնի առանձնահատկությունն այն է, որ այստեղ պահպանվել է տասնամյակների ավանդույթը, բեմադրվում են ոչ միայն հայկական, այլև վրացական պիեսներ, ներկայացումներին էլ ուղեկցում է թարգմանությունը:

Հատկապես մեծահասակ վրացիները թատրոնն անվանում են՝ հայկական թանգարան Թբիլիսիում: Թատրոնն իր մեջ ամբողջացրել է ոչ միայն հայկական միտքը, արվեստն ու մշակույթը, այլև դժվարությունները հաղթահարելու և դրանց դեմ պայքարելու հայկական կամքն ու նվիրվածությունը:

Թատրոնի շենքը միայն դրսից է գեղեցիկ ու բարեկարգ: Ներսից այն տառապած է, վիրավոր ու վթարային: Արդեն երեք տարի թատրոնում սպասում են շենքի նորոգման աշխատանքների մեկնարկին: Վրացական կառավարությունը խոստացել է, սակայն ֆինանսավորումն ուշանում է:

Կարդացեք նաև

Նկարներն ու բառերը չեն կարող ցուցադրել այն ամբողջ սարսափը, որ առկա է թատրոնում: Տանիքից ջուր է կաթում: Անձրևի հետքերն առկա են երկհարկանի շինության բոլոր հատվածներում: Առաստաղը վթարային է ու ամեն վայրկյան կարող է փուլ գալ:

Բեմում ներկայացումներ անցկացնելն արգելվում է: Արդեն երեք տարի է՝ ներկայացումները բեմադրվում են այլ շենքերում: Մեկ ժամից ավելի չի կարելի բեմում մնալ. հետևանքները կարող են ողբերգական լինել: Բեմի տեխնիկան հնագույններից է, հիսունականներից հետո ոչինչ չի փոխվել, և թատրոնում հույս ունեն, որ վերանորոգումից հետո նոր տեխնիկայի շնորհիվ՝ բեմադրությունների որակն ավելի բարձր կլինի:

Տիկին Կարինեն գրեթե քսան տարի աշխատում է թատրոնում. թատրոնի դերձակն է: Այս տարիների ընթացքում մի քանի հազար հագուստ է կարել, հաճախ անձրևի տակ էլ է աշխատել: Տիկին Կարինեի աշխատասենյակի առաստաղից կապույտ ցելոֆան է կախված: «Ցելոֆան ենք կապել, որ ջուրը գա ու լցվի լվացարանի մեջ: Որ դա էլ չանենք, ամբողջ սենյակը ջրով կծածկվի»,- ասում է տիկին Կարինեն` հավելելով, որ անգամ այդ պայմաններում չի պատրաստվում թատրոնը լքել:

«Էս իմ թատրոնն ա, իմ կյանքը, իմ ընկերները, ո՞նց թողնեմ: Որ բոլորը գնան, բա ո՞վ է մնալու մեր թատրոնում: Մեր կոլեկտիվում բոլորն են այդպես մտածում: Մենք մեր թատրոնն այնքան ենք սիրում, որ, եթե գործ էլ չենք ունենում, գալիս ենք, քանի որ կարոտում ենք թատերական միջավայրը, հայկական մթնոլորտը»,- ասում է տիկին Կարինեն:

Ռոման Մատիաշվիլին արդեն մի քանի տասնամյակ թատրոնում է: Բեմադրել է տասնյակ ներկայացումներ ու իր կյանքն առանց թատրոնի չի պատկերացնում: Ասում է` հույսով սպասում է, թատրոնի նորոգմանն ու թատրոնի երկրորդ շնչառությանը:

«Մեր թատրոնում կան տաղանդավոր երիտասարդներ, մասնակցել են տարբեր փառատոների ու մրցանակներով վերադարձել: Սա բացառիկ թատրոն է, և սպասում ենք օժանդակության երկու կառավարություններից, որպեսզի կարողանանք մշակութային օջախը պահպանել: Սա զուտ թատրոն չէ, այլև հայապահպանության կենտրոն, վայր, որտեղ պահպանվում է հայոց լեզուն, մշակույթը, երաժշտությունն և միջավայր ստեղծվում հայկական գրականության և թատերարվեստի ներկայացման համար»,- ասում է Ռոման Մատիաշվիլին:

Ռոման Նուրալյանը վաստակավոր դիմահարդար է: Հիսունհինգ տարվա ընթացքում հազարավոր դիմահարդարումներ է արել ու արժանացել վաստակավորի կոչման: Սենյակի դարակներում, մազակալների ու սանրերի կողքին թերթերի ու ամսագրերի հսկայական կապոց է. տարբեր տարիներին վրացական և ռուսական մամուլում տպագրված հացազրույցներ են. պահում է՝ որպես լավագույն ապացույց՝ ի հիշատակ անցյալի:

«Ես Լենինին ու Ստալինին էլ եմ դիմահարդարել, քսանվեց կոմիսարներին, ու արժանացել բարձր գնահատականի: Չի եղել մի դեպք, որ ասեն` Ռոման, դիմահարդարումդ վատն է, ամեն ինչ անում եմ, որ լավ արդյունքի հասնեմ»,- ասում է Ռոմանը` հավելելով, որ միշտ ձգտում է հասնել կատարելության:

Ռոման Նուրալյանը թատրոնի խնդիրներից խոսել չի ցանկանում. ասում է` իմ երկրորդ տունն է, ու մինչև վերջ էլ կմնամ թատրոնում:

«Սպասում ենք լավ օրվա, սպասում ենք, որ մի օր բեմադրությունները մեր թատրոնում կլինեն, անձրևի տակ չենք աշխատի, ու շենքը կջեռուցվի»,- ասում է նա` հավելելով, որ թատրոնի ամբողջ անձնակազմը հույսով սպասում է հրաշքի:

Tbilisi-Tatronn2

Tbilisi-Tatron3

Tbilisi-Tatron4

Tbilisi-Tatron5

Tbilisi-Tatron6

Tbilisi-Tatron7

Տեսանյութեր

Լրահոս