ԱԺ պատգամավորները Վանաձորի պատվավոր քաղաքացի չեն կարող լինել
Սեպտեմբերի 2-ին Վանաձորում տեղի ունեցած համայնքի ավագանու նիստում քննարկվող հարցերից մեկը վերաբերում էր «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու նոր կանոնակարգին: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նպատակն է՝ բարձրացնել է այդ կոչման հարգը և կոչում տալու գործընթացը դարձնել թափանցիկ ու ընկալելի ոչ միայն ավագանու անդամների, այլև քաղաքացիների համար: Նոր կանոնակարգով՝ քաղաքապետին կից գործելու է հատուկ ստեղծված հանձնաժողով, որտեղ անձին կոչում շնորհելու մասին առաջարկությունները նախ՝ կուսումնասիրվեն, հետո նոր միայն, անհրաժեշտության դեպքում, կներառվեն ավագանու օրակարգում: Նոր կանոնակարգում գործելու են նաև սահմանափակումներ, այն է՝ գործող պատվավոր քաղաքացիների թիվը չպետք է գերազանցի 30-ը, իսկ կոչումը քաղաքացուն պետք է տրվի միայն նրա կենդանության օրոք: Կոչումը կարող է շնորհվել տարեկան միայն մեկ, բացառության դեպքում՝ նաև երկու անձի: Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչում չեն կարող ստանալ գործող պետական պաշտոնյաներն ու ԱԺ պատգամավորները:
Ուսումնասիրելով մինչ օրս այդ կոչմանն արժանացած մարդկանց ցուցակը, պարզ է դառնում, որ նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը վաղուց կար:
Էդվարդ Արզումանյան