Մանվել Սարգսյանը` Զ. Փոստանջյանի հարցի շուրջ քննարկումների մասին. «Հասարակությունը մնում է ինտրիգների մակարդակում»

«Դա հարց չէ, որը պիտի վերաբերի հանրությանը և քաղաքագիտական շրջանակներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը` մեկնաբանելով Ստրասբուրգում Զարուհի Փոստանջյանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին սկանդալային հարցի շուրջ բուռն քննարկումները:

Նա ցավով արձանագրեց, որ հասարակությունը ներկայումս չի ուզում քննարկել կարևորագույն աշխարհաքաղաքական, ներքաղաքական ու հասարակական հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանին, այլ հետաքրքրվում է միայն մանր սկանդալներով և «մնում է այդ ինտրիգների մակարդակում»:

««Ճիշտ էր այնտեղ հարցը տալը, ճիշտ չէր, էն մեկը կազինո գնացել է, չի գնացել»: Սա է դառնում հանրության խնդիրը, ուզում են, որ մարդիկ խոսեն դրանից` «մի´ խոսեք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք տրամադրելուց, մի´ խոսեք Ղարաբաղի, մի´ խոսեք Ռուսաստանի, Եվրոպայի հետ հարաբերությունների մասին, խոսեք դրա´ մասին»»,- նշեց Մանվել Սարգսյանը:

Իսկ մեր կեսկատակ հարցին, թե սա, փաստորեն, Զարուհի Փոստանջյանի՞ «դավադրությունն» էր, Մանվել Սարգսյանն այսպես պատասխանեց. «Զարուհի Փոստանջյանն էլ է դրա մասին խոսում, բոլորը ներգրավված են դրա մեջ: Ֆեյսբուքն ինչո՞վ է զբաղված»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս