Սերժ Սարգսյան. «Ես չեմ խաղում կազինոներում»
«Հայտնի է, որ Դուք այստեղ հայտնվել եք ոչ թե հայ ժողովրդի կամքի, այլ կազմակերպված հանցագործության հետևանքով: Այդ իսկ պատճառով` Դուք այստեղ դե յուրե չեք կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքը և իրավունքը»,- այսօր Ստրասբուրգում` դիմելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողի (ԵԽԽՎ) կողմից հյուրընկալված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, հայտարարեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ոչ մշտական անդամ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
«Դուք վերջերս եղել եք Եվրոպայում` կազինոյում, քանի որ Դուք հանրությանը հայտնի եք նաև որպես խաղամոլ, և այնտեղ կորցրել եք 70 մլն եվրո, ո՞վ է վճարել Ձեր տեղը` այդ կորցրած գումարի համար: Եթե այդքան չի կազմել, ապա որքա՞ն է կազմել խաղատանը Ձեր կորցրած գումարը»,- հարցրեց Զարուհի Փոստանջյանը:
Ի պատասխան Սերժ Սարգսյանը նշեց. «Տիկին Փոստանջյան, ես խորապես համոզված եմ, որ ներկայացնում եմ հայ ժողովրդին և դրանով հպարտ եմ: Ցավոք սրտի, Ձեր թեկնածուն չկարողացավ նախագահական ընտրություններում ցուցաբերել այնպիսի որակներ, որպեսզի կարողանա ներկայացնել հայ ժողովրդին:
Ձեր ասածը` կապված կազինոյի հետ, Ձեր հերթական երևակայության արդյունքն է: Ես երբեք չեմ եղել Եվրոպայի որևէ կազինոյում, ես չեմ խաղում կազինոներում, ցավոք սրտի, ես հնարավորություն չունեմ տնօրինելու 70 մլն եվրոյի, եթե այդպիսի հնարավորություն ունենայի, մի մասը Ձեզ կնվիրեի, որպեսզի կյանքից գոհ լինեիք, և այդքան չարություն Ձեր մեջ չկուտակվեր: Հաշվեք, որ ես Ձեզ չեմ պատասխանել»: