«Ռեգեներատիվ բժշկությունը բժշկության ապագան է»
Արտասահմանցի վիրաբույժները Հայաստանում վիրահատություններ կանեն Հայաստանի պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանում հոկտեմբերի 24-26-ը կանցկացվի միջազգային կոնֆերանս: Ինչպես «168 Ժամի» հետ զրույցում ասաց «Ավանգարդ» բժշկական կենտրոնի ղեկավար, պլաստիկ վիրաբույժ Գագիկ Ստամբոլցյանը, կոնֆերանսը հիմնականում նվիրված է լինելու պլաստիկ վիրաբուժության ոլորտում գործածվող նորագույն տեխնոլոգիաներին:
«Այժմ առողջապահությունը, մասնավորապես` պլաստիկ վիրաբուժությունը, պարզապես 7 մղոնանոց քայլերով է շարժվում առաջ, բավական արագ է առաջ գնում, և բավական մեծ գումարներ են ներդրվում բժշկության մեջ: Պլաստիկ վիրաբուժությունն էլ համարվում է բժշկության ամենազարգացող ճյուղերից մեկը»,- ասաց Գագիկ Ստամբոլցյանը:
Նրա խոսքով` հոկտեմբերին անցկացվելիք կոնֆերանսին կմասնակցեն հայտնի վիրաբույժներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` եվրոպական մի շարք երկրներից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Հարավային Կորեայից, Չինաստանից, ինչպես նաև` ԱՊՀ որոշ երկրներից:
Միևնույն ժամանակ, Գագիկ Ստամբոլցյանի տեղեկացմամբ, կոնֆերանսի ընթացքում պլաստիկ վիրաբույժները կքննարկեն նաև ռեգեներատիվ պլաստիկ վիրաբուժության խնդիրները: Վիրաբույժի խոսքով` վերջինս բժշկության մեջ նոր ուղղություն է. անցյալ տարի ստեղծվել է Ռեգեներատիվ պլաստիկ վիրաբուժության միջազգային ասոցիացիան: Վիրահատությունների այս տեսակը` նոր լինելու պատճառով, այնքան էլ հայտնի չէ հասարակությանը: Ինչպես բացատրեց պլաստիկ վիրաբույժ Գ. Ստամբոլցյանը, նոր ուղղությունն օգտագործում է օրգանիզմի ռեգեներատիվ հատկությունները. «Սա վիրաբուժության նոր ուղղություն է, որն օգտագործում է օրգանիզմի ռեգեներատիվ հատկությունները: Ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ ռեգեներատիվ բժշկությունը լինելու է բժշկության ապագան:
Այն օգտագործում է օրգանիզմի բնական ռեսուրսները: Վերջերս հայտնաբերվեց, որ մարդու ճարպում իսկ կան բջիջներ, որոնք որոշ քիմիական պրոցեսներից հետո անջատվում են և նպաստում արյան շրջանառության լավացմանը, երիտասարդացմանը` մարմնի տարբեր մասերում: Դրանք համարվում են փոխարինող մասեր: Եթե ինչ-որ տեղ որևէ բան վնասված է, դրանք փոխարինում են բջիջներին, առաջացնում են ռեգեներացիա: Բոլորին հայտնի է լիպոսակցիան` ճարպի հեռացումը:
Նախկինում մենք ճարպը հեռացնում էինք և այն չէինք օգտագործում: Այժմ այդ հեռացված ճարպն անցնում է որոշակի վերամշակում, որոշակի քիմիական ռեակցիաների միջոցով ստանում ենք ֆրակցիան, որը մեզ անհրաժեշտ է: Ստացված ֆրակցիան օգտագործում ենք մարմնի տարբեր մասերի ռեգեներացիայի համար»:
Այս վիրահատությունները լինում են ինչպես` էսթետիկ, այնպես էլ` վերականգնողական: Այսպես, էսթետիկ վիրահատության դեպքում կատարվում է, օրինակ` դեմքի, ձեռքերի երիտասարդացում, մարմնի կոնտուրների շտկում, սեփական ճարպով` կրծքագեղձերի մեծացում: Եթե նախկինում կրծքագեղձի մեծացում հնարավոր էր միայն իմպլանտներով, որոնք կարող էին որոշակի խնդիրներ առաջացնել, ապա այժմ դրան այլընտրանք է ստեղծվել. կրծքագեղձը մեծացվում է սեփական ճարպով: Արդյունքում` պլաստիկ վիրաբույժի խոսքով, չեն առաջանում ալերգիկ ռեակցիաներ:
Ռեկոնստրուկտիվ` վերականգնողական վիրահատությունների դեպքում բուժվում են քրոնիկական վերքերը, դրանց արդյունքում թեթևանում են ծայրանդամներում արյան շրջանառության խանգարումներով պայմանավորված խնդիրներով, սկելոդերմիայով տառապող անձանց վիճակը:
Ի դեպ, ինչպես բացատրեց պլաստիկ վիրաբույժը, ճարպի վերամշակումը կատարվում է հենց վիրահատության ընթացքում: «Շատ դեպքերում հիվանդներին վիրահատում ենք տեղային անզգայացման պայմաններում, կախված` ինչ չափի ռեկոնստրուկցիայի մասին են խոսում»,- ասաց Գ. Ստամբոլցյանը:
Վերջինիս տեղեկացմամբ` Հայաստանում այս վիրահատությունները կատարվում են սկսած նախորդ տարվանից: Գ. Ստամբոլցյանի խոսքով` ճարպի տրանսպլանտացիա արվում է Հայաստանի տարբեր վիրաբուժական կլինիկաների կողմից: Ճարպի վերամշակում, սակայն, առայժմ կատարվում է միայն «Ավանգարդ» բժշկական կենտրոնում: Մինչ այժմ ռեգեներատիվ պլաստիկ վիրաբուժության է դիմել 25 հիվանդ: Այդ անձանց մեծ մասը հետայրվածքային խնդիրներ են ունեցել, հետվնասվածքային սպիներ, չլավացող քրոնիկ վերքեր. «Ունեցել ենք նաև հիվանդներ, որոնք այս կամ այն պատճառով դեմքի որևէ մասի խնդիր են ունեցել: Վիրահատության արդյունքում դրանք շտկվել են»:
Հոկտեմբերի 27-29-ն ընկած ժամանակահատվածում 3 մասնագետ` 2 վիրաբույժ` Ամերիկայի Միացյալ Նահանգներից, և մեկը` Իսպանիայի Թագավորությունից, այցելելու են «Ավանգարդ» բժշկական կենտրոն` հետազոտելու հիվանդներին և վիրահատելու նրանց: Վիրահատությունների ընթացքում արտասահմանցի մասնագետները կօգտագործեն նոր սարքավորումներ: Բացի այդ, այլ կլինիկաների, բժշկական կենտրոնների պլաստիկ վիրաբույժներին հնարավորություն կտրվի այդ օրերի ընթացքում ուսումնասիրել արտասահմանցի մասնագետների փորձը, ներկա լինել նրանց կողմից կատարվող վիրահատություններին: Միջոցառման շրջանակներում Հայաստան կգան նաև Ռուսաստանի Դաշնության վիրաբույժներ, ովքեր, մասնագետի խոսքով, ցանկություն են հայտնել տեղում ուսումնասիրել փորձը: Թե քանի՞ հիվանդի կվիրահատեն արտասահմանցի մասնագետներն, այժմ Գ. Ստամբոլցյանը դժվարանում է ասել. դա կախված է այն հանգամանքից, թե որքան հիվանդ կդիմի բժշկական կենտրոն:
Գ. Ստամբոլցյանի խոսքով` վիրահատությունների գները տարբերվում են` կախված վիրահատության չափերից. «Եթե խոսում ենք, օրինակ, դեմքի հետվնասվածքային որևէ խնդրի մասին, ապա գումարը շատ ավելի փոքր կլինի: Գումարների մասին դժվարանում եմ ասել, որովհետև դրանք իրարից շատ են տարբերվում, որովհետև այն սարքավորումները, որոնց մեջ հավաքվում է ճարպը, մեկանգամյա օգտագործման են:
Միայն այդ սարքավորումները բավական գումար արժեն: Մենք հիմա ունենք համաձայնություն այդ սարքավորումներից արտադրող ամերիկյան գործարանի հետ: Այժմ դրանք ձեռք են բերվում գործարանային գնով, որը շատ ավելի էժան է, քան ընդհանրապես վաճառվողը: Դա մեզ թույլ է տալիս բավական իջեցնել ինքնարժեքը: Տեսնենք` ինչպես կլինի հետագայում: Համենայն դեպս, ես ասում եմ, որ դրանք սովորական պլաստիկ վիրահատությունների գներից չեն տարբերվում»:
Գ. Ստամբոլցյանի խոսքով` հասարակության շրջանում որոշակի անտեղյակություն կա այս մեթոդի մասին: Միևնույն ժամանակ, վերջինս նշեց, որ կոնֆերանսի անցկացումը զարկ կտա նշված մեթոդի զարգացմանը: Գ. Ստամբոլցյանն ասաց նաև, որ մեթոդիկայի ճիշտ գործածման խնդիր ևս կա: Որոշ դեպքերում մեթոդիկան սխալ կիրառելու արդյունքում` ընկնում է դրա վարկը. ցանկալի ու ճիշտ արդյունք չստանալու դեպքում` բժիշկն ու հիվանդը կարող են մտածել, թե մեթոդիկան լավը չէ: «Մեթոդիկան շատ լավն է, պարզապես պետք է իմանալ` ե՞րբ և ո՞ր դեպքերում և ի՞նչ ձևերով այն կարող է կիրառվել: Եթե դու պահպանում ես նորմերը, ապա մեթոդիկան շատ լավ արդյունք է տալիս: Ցավոք սրտի, այսօր Հայաստանում իսկապես այդ խնդիրը կա: Ոչ միայն պլաստիկ վիրաբուժության, այլև բոլոր ոլորտներում»:
Հ.Գ. Այն անձինք, ովքեր կցանկանան հետազոտություն անցնել կենտրոնում, վիրահատվել արտասահմանցի մասնագետների կողմից, կարող են կապվել «Ավանգարդ» բժշկական կենտրոնի ղեկավար, պլաստիկ վիրաբույժ Գագիկ Ստամբոլցյանի հետ` հետևյալ հեռախոսահամարով` (091) 409232: