Կենսաթոշակային բարեփոխո՞ւմ, թե՞պատուհաս. Պետության հետ «ղումար» չեն խաղում
2014 թվականից կսկսի գործել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, երբ օրինական աշխատավարձի 5%-ը փոխանցվելու է կուտակային հիմնադրամին, իսկ պետությունն էլ իր կողմից՝ ավելացնելու է նույնքան գումար, բայց 25 հազար դրամից ոչ ավելի: Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից են լինելու 1974 թվականից հետո բոլոր ծնվածները:
168.am-ը փոքրիկ հարցախույզ անցկացրեց՝ պարզելու, թե ՀՀ քաղաքացիները որքանո՞վ են տեղյակ և արդյո՞ք համաձայն են անցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Արդյունքները «տխրեցնող» են. 28-ամյա Լիանան գրեթե ոչինչ չգիտի սպասվող փոփոխությունների մասին, բայց նաև նկատեց, որ «վաղվա օրվա՝ գլխին գալիքն էլ չգիտի»: Նա հույս հայտնեց, որ կենսաթոշակային տարիքում իր եկամտի աղբյուրներն այլ կլինեն, և թոշակի «հույսին չի մնա»:
33-ամյա Լեռնիկը տեղյակ էր, որ պարտադրված է լինելու 5% փոխանցել «ինչ-որ հիմնադրամի», և պետությունն էլ այդքան ներդնելու է. «Բայց ես չգիտեմ, թե այդ հիմնադրամն իրենից ինչ է ներկայացնում, և վստահ չեմ, թե հետագայում ինչպե՞ս ետ կստանամ իմ փողերը»:
31-ամյա Հասմիկը տեղյակ չէր կենսաթոշակային բարեփոխումներին, բայց դեմ էլ չարտահայտվեց, որ իր աշխատավարձի 5%-ը փոխանցվի կենսաթոշակային հիմնադրամներին:
26-ամյա Արթուրը լսել էր, որ ինչ-որ փոփոխություն է լինելու, բայց հստակ պատկերացում չուներ մեխանիզմների մասին. «Գիտեմ, որ մասնավոր անձանց մոտ է կուտակվելու, բայց թե ինչո՞ւ պետք է ես իմ գումարը մասնավոր մեկին տամ, պարզ չի»:
42-ամյա Մարիան պարտադրված չի լինելու վճարել այդ 5%-ը, իսկ կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգին միանալուն կտրականապես դեմ արտահայտվեց. «Իհա՛րկե չեմ միանա, ես այս պետությանը չեմ վստահում: Մինչև հիմա ի՞նչ մի լավ բան են արել, որ հիմա էլ վստահեմ»:
40-ամյա Արմինեն նույնպես պարտադիր համակարգի մասնակից չի լինելու, բայց կամավորին էլ ինքնակամ չի մասնակցի. «Ես չգիտեմ, թե հետո ինչ կլինի: Ամեն դեպքում, այդ գումարն ինձ հիմա ավելի անհրաժեշտ է, քան պահեմ՝ կենսաթոշակային տարիքում ստանամ: Եվ հետո, եթե ես հիմա ինձ զրկեմ, աշխատավարձիս 5%-ը փոխանցեմ, ի՞նչ երաշխիք, որ տարիներ անց ետ կստանամ այդ գումարը: Իմ ծանոթներից մեկը սրտի ինֆարկտից մահացավ, երբ ԽՍՀՄ բանկում իր գումարը կորցրեց: Պետության հետ ղումար չեն խաղում»:
Ամբողջ աշխարհում նման խոշոր փոփոխությունները հանրության կողմից շատ դժվար են ընդունվում, հատկապես՝ արդեն հասուն տարիքի անձանց կողմից: Եվ, առավել ևս, որ նրանց կուտակած գումարը փոքր է լինելու ու չի բավարարելու սովորական դարձած կենսակերպի համար: Նոր սերունդն իրերը հիմնականում ընդունում է այնպես, ինչպես կա: Այստեղ կարևոր է նաև փոխհատուցման գործակիցը, որը լավագույն տարբերակում կազմում է 70% (աշխատանքային գործունեությունը սկսելուց հետո կենսաթոշակի հարաբերությունը կյանքի ընթացքում ստացած միջին աշխատավարձին):
Ներկայիս իրականության պայմաններում կենսաթոշակառուներին նախանձել, մեղմ ասած, չի կարելի: Համոզվելու համար կատարենք մի պարզունակ հաշվարկ. 2014 թվականից ՀՀ պետական միջին աշխատավարձն ավելանալու է 40%-ով: 2013 թ. օգոստոսին միջին ամսական աշխատավարձը կազմել է 149,725 դրամ+40%=209,615 դրամ: Եթե սա ընդունենք՝ որպես մաքուր աշխատավարձ, ապա ամսական թոշակը կստացվի 28,067դրամ: 2013 թ. առաջին կիսամյակում, հիշեցնենք, պարենային զամբյուղն արժեր ամսական 32,090 դրամ, իսկ սպառողական զամբյուղը՝ 56,799.9 դրամ: Իհարկե, այդ մեծությունը կախված կլինի նաև կուտակած տարիների թվից, բայց, ինչպես նշել էին մեր հարցման մասնակիցներից ոմանք՝ ի՞նչ իմանաս, թե ինչ կկատարվի անորոշ ապագայում:
Մինչ օրս հայտնի չեն կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչները, հայտնի չէ, թե քաղաքացիները երբ են հասցնելու ծանոթանալ դրանց, և ստացվում է, որ, ըստ էության, «կույր ընտրություն» են անելու:
Ի դեպ, www.epension.am կայքը, որտեղ կարելի կլինի ընտրել կենսաթոշակային ֆոնդ/ֆոնդի կառավարիչ, ուղղել կուտակային վճարները նոր ֆոնդ կամ փոխանակել փայերն այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով, ընտրել կենսաթոշակի ստացման ձևը, նաև հաշվել սպասվող կենսաթոշակը, դեռ մշակման փուլում է և կգործարկվի 2013թ. նոյեմբերից: Առայժմ միակ կենսաթոշակի հաշվիչը մենք գտանք ծրագրավորող Վարդան Գրիգորյանի բլոգում: