Սերժ Սարգսյան. Ճնշումների մասին խոսելն ավելորդ է
«Հիմա էլ մենք պատրաստ ենք Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու»,- Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանում, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան շվեդ պատգամավոր Մարիետտա Փյուրբեյ-Լունդինի հարցին` «արդյոք Հայաստանը Ռուսաստանից ստացե՞լ է այնպիսի առաջարկ, որից չէր կարող հրաժարվել»:
Սերժ Սարգսյանը նշեց, որ, ցավոք սրտի, Մաքսային միություն մտնելու մասին հայտարարությունից հետո Եվրահանձնաժողովի գործընկերները հայտարարեցին, որ Մաքսային միությունը հակասում է Եվրոպայի ազատ առևտրի գոտուն: Ըստ Սերժ Սարգսյանի, քանի որ Եվրամիության պաշտոնյաները գտնում են, որ Մաքսային միությունը հակասում է Ասոցացման պայմանագրի երկու մասերից մեկին` Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրին, այդ պարագայում Հայաստանը պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագրի առաջին մասը:
«Մենք պատրաստ ենք, վճռական ենք մեր երկրում այդ բարեփոխումներն իրականացնելու: Հիմա այդ գործընթացն է գնում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշման գործադրման տեսակետին, այս մասին Սերժ Սարգսյանը ասաց. «Գիտեք, ճնշումների մասին խոսելն ավելորդ է: Ես Ձեզ անկեղծորեն ասում եմ, չեմ կարող հրապարակ ոչ ճշմարտություն ասել, որևէ պաշտոնյա Ռուսաստանի Դաշնությունից կամ Մաքսային միությունից կես բառ անգամ չի ասել Հայաստանի անդամակցության մասին: Մենք ենք այդ ցանկությունը հայտնել, որովհետև ելել ենք շատ պարզ իրողությունից. մենք 20 տարուց ավելի է` գտնվում ենք ռազմական անվտանգության մի համակարգում, որի բաղկացուցիչ մասերն են կազմում այն պետությունները, ովքեր այսօր ձևավորել են Մաքսային միությունը»:
Սակայն միաժամանակ նա ասաց, որ Հայաստանն ուզում է սերտորեն համագործակցել Եվրամիության հետ: «Մենք ուզում ենք մոտ լինել ԵՄ-ին, այդ քաղաքականությունը կշարունակվի»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նա նաև ուղղեց շվեդ պատգամավորին, ով Մաքսային միությունն անվանել էր «Ռուսաստանի Մաքսային միություն»:
Սերժ Սարգսյանը նշեց, թե Հայաստանը չի շեղվել իր ուղուց և իրականացնում է փոխլրացման քաղաքականություն: Ընգծեց, թե եվրոպացի գործընկերների հետ բանակցություններում ՀՀ իշխանությունները մշտապես ասել են, որ Հայաստանի քաղաքականությունը հիմնված է շահերի համադրման, այլ ոչ թե հակասության վրա
Մեկ այլ եվրոպացի պատգամավոր հետաքրքրվեց, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Սերժ Սարգսյանը նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի և արդյոք Հայաստանը մասնակցելո՞ւ է դրան:
«Մենք մասնակցելու ենք Վիլնյուսի գագաթաժողովին, և մեր ակնկալիքն է մինչ այդ որոշակի փոփոխություններ մտցնել բանակցված փաստաթղթում և ամբողջովին պատրաստել ստորագրման Ասոցացման համաձայնագիրը»,- ի պատասխան ասաց Սերժ Սարգսյանը:
Ի դեպ, Սերժ Սարգսյանն ավելացրեց, թե վստահ է, որ Հայաստանի հանրության մեծ մասը համաձայն է Ասոցացման համաձայնագրի հետ, բայց չի կարծում, թե հանրաքվեի կարիրք կա: