Բաժիններ՝

«Շնորհակալություն. Բոլորդ ազատ եք…»

«Իսկական տղամարդը միշտ ցանկանում է, իսկական կինը միշտ դիմադրում է»: Ժամանակին իշխանության և ԶԼՄ-ների փոխհարաբերություններն այսպես էր բնութագրել ՌԴ նախագահ Պուտինը: Այսինքն` իրեն հարգող իշխանությունը ցանկանում է վերահսկել ԶԼՄ-ները, իսկ ԶԼՄ-ները, եթե իրենց հարգում են, պետք է դիմադրեն:

Հետաքննող լրագրողների «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի` ֆեյսբուքի իր էջում կատարած գրառումը ստիպեց ևս մեկ անգամ անդրադառնալ հայկական մեդիային: «Յուրաքանչյուր պաշտոնյայի սրբազան պարտքն է դարձել ունենալ նվազագույնը մեկ լրատվական կայք: Հիմա ձեռի հետ պատգամավոր աշխատող Լֆիկը միանգամից բացել է երկուսը»,- գրում է Էդիկ Բաղդասարյանը:

Ի՞նչն է զարմանալի, և ի՞նչն է նոր. հայաստանյան մեդիա դաշտը միշտ էլ վերահսկվել է: Գուցե նվաստացուցիչ է վերահսկվել օլիգարխների՞ կողմից, որոնց համար թերթի բազմաթիվ ֆունկցիաներից վերջինը նոր միայն այն ընթերցելն է: Դժվար թե:

«Բավականին ժամանակ է մտմտում եմ «Հետք» թերթը փակելու մասին: Որովհետև մեդիա դաշտում մենք կարծես թե արդեն տեղ ու անելիք չունենք»,- գրել է Է. Բաղդասարյանը: Ասել, թե «Հետքը» տեղ ու անելիք չունի լրատվական դաշտում, կարծում եմ, օբյեկտիվ եզրակացություն չէ: Եթե մեդիա ոլորտում համատարած անառողջ վիճակ է, ապա «Հետքի» խմբագրատան վրա մեծ կողպեք կախելը դաշտի առողջացմանը նպաստող ամենաարդյունավետ միջոցը չէ:

Կարդացեք նաև

Հայաստանում, խոշոր իմաստով, չկա ինֆորմացիայի պակաս, չկան փակ թեմաներ, որոնք բացել հնարավոր չլինի: Եթե այսինչ թերթին գումար են տալիս` լռելու համար, օրինակ, թե որքանով է կոռումպացված հարկային ու մաքսային ոլորտն ու անձամբ դրանց պատասխանատուն, մյուս թերթն ամենայն մանրամասնությամբ նկարագրում է վերջինիս հեքիաթային հարստությունը: Այս դեպքում` լրագրողների համար գուցե բարոյական չէ` գումար վերցնել` լռելու համար, կամ գումար վերցնել` ճշմարտությունը հրապարակելու համար: Սակայն ընթերցողը, խոշոր հաշվով, անտարբեր է ինֆորմացիայի հեղինակի բարոյական նկարագրի հանդեպ: Տեղեկատվությունն արդեն տարածված է:

Սակայն խնդիրն ամենևին այն չէ, թե Քրեական օրենսգիրքն ի՞նչ պատիժ է սահմանում կոռումպացված, բիզնեսի միանգամից մի քանի ձևով զբաղվող պետական բարձրաստիճան չինովնիկի հանդեպ: Խնդիրն այն է, որ նա շարունակում է ողջ և առողջ պաշտոնավարել:
Բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների կոռումպացվածության, պետական դիրքի չարաշահման մասին մամուլում հրապարակումները հարյուրներով կարելի է հաշվել:

Միայն այն փաստը, թե ինչ արձագանքներ են գտնում Էդիկ Բաղդասարյանի և «Հետքի» աշխատակիցների լրագրողական հետաքննությունները, պիտի որ թույլ չտային «Հետքի» խմբագրին հուսահատվել և ձեռքերը վեր բարձրացնել: Ի վերջո, եթե չլիներ նրա հետաքննությունն ու համառությունը, այսօր էլ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանն ազատության մեջ կլիներ:

Նա իր գրառման մեջ խոստանում է ներկայացնել մեկ հետաքննություն ևս. «Ինչպես իշխանությունը կարողացավ ոչնչացնել մեդիադաշտը: Ի՞նչ պրոյեկտներ է իրականացրել նախկինում և այժմ ի՞նչ է անում Բաղրամյան 26-ը: Այս կամ այն լրատվամիջոցի որ լրագրողն է տանում, ասենք, վարչապետի գիծը, որը ոստիկանապետի գիծը… որ օլիգարխը որ լրատվամիջոցին ինչքան է վճարում (…) Եվ հրաժեշտ հայաստանյան մեդիադաշտին»:

Իհարկե, լրագրողական հետաքննությունն այս դեպքում ևս հետաքրքիր է, հատկապես, եթե ներկայացվելու են կոնկրետ փաստեր: Թեև, չեմ թաքցնի, ինքս չեմ պատկերացնում` որքանո՞վ ոչ խտրական է լինելու այս բացահայտումը: Ի վերջո, Էդիկ Բաղդասարյանն էլ մարդկային ջերմ հարաբերությունների մեջ է շատ լրագրողների, խմբագիրների հետ:

Մյուս կողմից` քաղաքականությունից քիչ թե շատ հասկացող մեկի համար բավական է բացել թերթը կամ դիտել լուրերի թողարկումը` հասկանալու համար, թե ո՛ր խմբի շահերն է սպասարկում տվյալ լրատվամիջոցը: Սակայն նեղանալ իրականությունից, ընդ որում, այն իրականությունից, որը կա ավելի քան 20 տարի, այնքան էլ տրամաբանական չէ:

Անկախ նրանից` ո՞վ է ֆինանսավորում այս կամ այն լրատվամիջոցը, բոլորը` տարբեր ինտոնացիաներով, հանգում են նույն եզրակացության` գործող իշխանությունները զավթել են իշխանությունը, այսինքն` չեն ընտրվել ազատ ու արդար ընտրությունների միջոցով: Այդ տեղեկությունը գիտեն բոլորը` անգամ առանց որևէ թերթ կարդալու. ընտրակաշառք բաժանելու և վերցնելու, ընտրակեղծարարության պրոցեսի մեջ ներգրավված է ողջ հանրապետությունը:

Փակ կամ դժվար հասանելի ինֆորմացիա կա ֆինանսական հոսքերի, եկամուտների մասով: Պետական չինովնիկներից և ոչ ոք աշխատավարձով չի ապրում, իսկ եկամտի այլ աղբյուր օրենքը նրանց համար չի նախատեսում: Ուրեմն որտեղի՞ց նրանց թանկարժեք մեքենաներ, շքեղ առանձնատներ…

Սակայն այս ինֆորմացիան էլ, մեծ հաշվով, ունի մեկ` բոլորին հայտնի պատճառ` ոչ լեգիտիմ, օլիգարխների փողերի ու իշխանության վրա հիմնված իշխանություն: Ստացվում է` ամենակարևոր, անկյունաքարային տեղեկությունը բաց է և հայտնի բոլորին: Ընդ որում` առանց կոնկրետ պատվիրատուի:

Ինչ վերաբերում է Էդիկ Բաղդասարյանի գլխավորած «Հետքի» գործունեության կասեցմանը, «Հետքը» կատարում է լրագրության ամենաբարդ, ժամանակատար աշխատանքը` լրագրողական հետաքննություն: Իշխանությունների, քաղաքական գործիչների համար այս լրատվամիջոցի հեռանալը դաշտից ամենացանկալի լուծումն է: Սակայն այն ճշմարտությունը, որը բացահայտվում է երկար, քրտնաջան աշխատանքի արդյունքում, գուցե հանդիպում է մեծ խոչընդոտների, սակայն ազդում է հասարակական կարծիքի, տրամադրությունների վրա: Մենք` ընթերցողներս, սպառում ենք այդ տեղեկատվությունը, սակայն դրա համար չենք վճարում:

Սակայն, եթե «Հետքն» իրոք խնդիր է դրել զբաղվել իր աշխատանքով, սակայն ֆինանսական խնդիրները թույլ չեն տալիս, դա ևս լուծում ունի: Կարելի է բացել ֆոնդ: Վստահ եմ, անկախ լրատվամիջոց ունենալու ցանկությունը մեծ է: «Հետքը» կարող է դառնալ հանրային մեդիայի նախադեպ, երբ հասարակությունը պատրաստ է վճարել անկողմնակալ, գրագետ տեղեկատվության համար: Իհարկե, ակնկալելով հրապարակային հաշվետվություն` ինչպե՞ս են տնօրինվում գումարները: Այդպես հնարավոր կլինի եղանակ ստեղծել գուցե ոչ օբյեկտիվ, ոչ այնքան պրոֆեսիոնալ և ազնվության պակաս ունեցող մեդիա դաշտում, որից ցանկանում է հեռանալ «Հետքի» խմբագիրը:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս