Շուտով Հայաստանի սողանքավտանգ տարածքների նոր քարտեզ կունենանք
10 տարի առաջ հայ մասնագետները, ճապոնացի մասնագետների հետ, ուսումնասիրել էին Հայաստանի սողանքավտանգ տարածքներն ու քարտեզագրել դրանք: Այդ քարտեզն իր մեջ ներառում է Հայաստանի 130 ամենավտանգավոր սողանքային տարածքները: Այժմ՝ կրկին ճապոնացիների հետ միասին, մեր մասնագետները քարտեզագրման նոր աշխատանքներ են կատարում: Հայաստանի սողանքավտանգ տարածքների նոր քարտեզը պատրաստ կլինի հավանաբար մինչև 2014 թվականի առաջին կիսամյակը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Հենրիկ Քոչինյանը: Նրա խոսքով` ճապոնացիների հետ միասին, Հայաստանից այդ աշխատանքներում ներգրավված են ՀՀ արտակարգ իրավիճակների, Քաղաքաշինության, Տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան մասնագետները:
«Այս ամենը մեզ կօգնի ճիշտ հասկանալ խնդիրը, ինչը չափազանց կարևոր է և հնարավորություն կտա հեռանկարային ծրագիր մշակել այդ վտանգները վերացնելու համար»,- ասաց Հ. Քոչինյանը: Նրա խոսքով` եթե տվյալ սողանքը բնակավայրից և ճանապարհից հեռու է` «դա մի վտանգ է», իսկ եթե անմիջապես բնակավայրին հարող տարածքում է, ապա վիճակը բոլորովին այլ է:
«Այսօր, օրինակ` Դիլիջան քաղաքը սողանքավտանգ տարածքներ շատ-շատ ունի, Դիլիջանն այսօր փորձում ենք դարձնել ֆինանսական և հանգստի կենտրոն, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է կարողանանք այդ խնդիրը շատ արագ լուծել: Բացի այդ, հեռու չգնանք, օրինակ` Ողջաբերդում` Գառնի տանող ճանապարհի մոտ, գետինն ամբողջովին դեֆորմացված վիճակում է: Իսկ դա այնպիսի տարածք չէ, որ կարող ենք դրանից հեռու մնալ: Այսինքն` այնտեղ, ուզենք թե չուզենք, խնդիրը լուծում է պահանջում»,- ասաց Հ. Քոչինյանը` նշելով, որ նոր քարտեզը հնարավորություն կտա հասկանալու տվյալ տարածքների խնդիրները` դրանց համապատասխան լուծումները գտնելու համար: