Ընդդիմության հուղարկավորությունը
Այսօր ԱԺ պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ գլխավոր դատախազ ընտրեցին Գևորգ Կոստանյանին: Քվեարկության արդյունքներով նա ստացավ 103 կողմ, 3 դեմ և ևս երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Քվեարկությունից և արդյունքների հրապարակումից հետո ԱԺ-ում սկսվեց դեմ քվեարկողների փնտրտուք, քանի որ պետք էր պարզել, թե ովքեր են այն երեք համարձակները, ովքեր դեմ էին քվեարկել գլխավոր դատախազի թեկնածությանը:
ԱԺ-ում երեք խմբակցություն իրենց հայտարարել են ընդդիմադիր, ևս մեկը իրեն այլընտրանք է հռչակել: Այս երեքից ՀԱԿ-ը խմբակցության որոշում էր կայացրել դեմ քվեարկել Գևորգ Կոստանյանին, «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը դեմ էր խոսում, իսկ ՀՅԴ-ն հայտարարում էր որ իրենք քվեարկում են ազատ ռեժիմով: ԲՀԿ-ն էլ որոշեց շանս տալ նոր գլխավոր դատախազին:
Դժվար է բացահայտել և միանշանակ պնդել, թե ովքեր են դեմ քվեարկել Գևորգ Կոստանյանի թեկնածությանը: Պարզ է մի բան, որ անվավերներից մեկը Ստեփան Դեմիրճյանինն է. պատգամավորները գիտեն, թե նա ինչպես է ծալում իր քվեաթերթիկը: Դեմիրճյանը ոչ թե գիծ է քաշել և ջնջել «կողմը»` թողնելով «դեմը», այլ «կողմի» վրա նշան է արել:
Մտածել, որ դա պատահականություն է, այնքան էլ ճիշտ չէ: Դեմիրճյանը քվեարկել է այնպես, ինչպես կարելի էր սպասել նրանից`ոչ կողմ և ոչ դեմ:
Հիմա հերթով թվարկենք նրանց, ովքեր պետք է և կարող էին դեմ քվեարկել:
ՀԱԿ խմբակցությունից քվեարկել են Լյուդմիլա Սարգսյանը, ով պնդում է, որ ինքը բաց է «դեմ» քվեարկել, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Գևորգ Կոստանյանին դեմ քվեարկելու մասին են հայտարարել նաև Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբիկ Հակոբյանը: Ստացվում է վեց թեկնածու` երեք «դեմի» և մեկ «անվավերի» համար:
Չհաշված Հրանտ Բագրատյանին, ով ևս կարող էր դեմ քվեարկել: Այսպիսով` մարդիկ, ովքեր իրենց ընդդիմադիր են հռչակում, չեն ընդունում նախագահ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, նույնիսկ փակ գաղտնի քվեարկության ժամանակ քվեարկում են նրա կողմից առաջադրված դատախազի թեկնածության օգտին: Առնվազն նրանց կեսը:
Այս քվեարկությունը ցույց տվեց, որ ԲՀԿ-ն` որպես այլընտրանք գոյություն չունի. այն իշխանության և ՀՀԿ-ի կցորդն է այնպես, ինչպես ՕԵԿը, ու դրանից էլ դեռ վատ, քանի որ ՕԵԿ-ը բացահայտ է հայտարարում իշխանությանը սատարելու և նրա ներկայացրած ցանկացած նախաձեռնությանն անվերապահ կողմ լինելու մասին:
ՀՅԴ պահվածքը ոչնչով չի տարբերվում ԲՀԿ-ի պահվածքից. այս կուսակցությունը արդեն անթաքույց պատրաստ է պաշտպանել իշխանության ցանկացած նախաձեռնություն, չնայած Արծվիկ Մինասյանը կարող է իրեն թույլ տալ որոշակի տարաձայնություններ ունենալ նվազագույն աշխատավարձի կամ կենսաթոշակի չափի հարցում:
Վստահ ենք, որ ժամանակի ընթացքում անցյալի մնացորդ այդ վատ սովորույթներն էլ կանցնեն: «Ժառանգությունը» վաղուց գոյություն չունի. Թևան Պողոսյանը չի փորձում ընդդիմադիր երևալ, իսկ Ռուբիկ Հակոբյանը «դեմ» լինելով կարող է և «կողմ» քվեարկել: Նա ԱԺ ամբիոնից այդպես էլ հստակ չհայտարարեց, որ «դեմ» է քվեարկելու Գևորգ Կոստանյանի թեկնածությանը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա ՀԱԿ-ում ստիպված եղան որոշում կայացնել և ինչ-որ մասով դեմ քվեարկել: Մինչ այդ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԲՀԿ-ի բառապաշարով և ԲՀԿ-ին հատուկ հիմնավորումներով հայտարարել էր, որ պետք է Գևորգ Կոստանյանին աշխատելու շանս տալ, քանի որ նա իր որակներով ավելի բարձր է, քան Աղվան Հովսեփյանը: Աշխատելու շանս տալը նշանակում է «կողմ» քվեարկել, ինչը Լևոն Զուրաբյանը չկարողացավ անել` Ստրասբուրգում լինելու պատճառով, բայց խմբակցության անդամները իրենց դեմքը և ընդդիմադիր իմիջը փրկելու համար ստիպված եղան ինչ-որ մասով դեմ քվեարկել:
ԱԺ-ում հավաքված են մարդիկ, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ հարաբերություններ փչացնել գլխավոր դատախազի հետ: Վախը, որ վաղը նա կարող է իրենց անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ ներկայանալ ԱԺ, նստած է նրանցից յուրաքանչյուրի մեջ: Պատգամավորներին թվում է, որ եթե իրենք քծնեն գլխավոր դատախազին, որ իրենք քվեարկեն նրա օգտին, ապա նա էլ իրենց դեմ քրեական գործեր չի հարուցի և անձեռնմխելիությունը զրկելու միջնորդությամբ չի ներկայանա խորհրդարան:
Այս հարցում նրանք միանշանակ ճիշտ են. երբեք որևէ դատախազ չի գա խորհրդարան իշխանությանը հաճոյացող և նրան անվերապահորեն ծառայող «ընդդիմադիր» պատգամավորի հետևից:
Մինչև այս էլ պարզ էր, որ Հայաստանում ընդդիմությունը վախճանվել է, բայց այսօր տեղի ունեցավ հանգուցյալի հրապարակային հուղարկավորությունը: Չի կարող խորհրդարանում լինել ընդդիմություն, բայց չլինել ընդդիմադիր պատգամավոր: