
842 միլիոն մարդ տառապում է քրոնիկ սովից. ՄԱԿ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 842 միլիոն մարդ կամ մոլորակի մոտավորապես յուրաքանչյուր 8-րդ մարդը տառապում է քրոնիկ (շարունակական) սովից: Այսպիսի տվյալներ են պարունակում ՄԱԿ-ի Սննդամթերքի ու գյուղատնտեսական կազմակերպության, Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամի և Համաշխարհային սննդային ծրագրի հրապարակած համատեղ զեկույցը:
Փորձագետներն ընդգծում են, որ համաշխարհային սովի մասշտաբն ունի նվազելու միտում: Դրան նպաստել է զարգացող երկրներում դիտարկվող տնտեսական աճը, որը հանգեցրել է եկամուտների աճին և սննդամթերքն առավել մատչելի դարձնելուն:
Բացի այդ, զեկույցում նշված է, որ իրավիճակի բարելավմանը նպաստում է գյուղատնտեսության արդյունավետության մեծացումը, ինչին իր հերթին վերջին շրջանում ապահովվում է պետական ու մասնավոր ներդրումների հաշվին:
Սակայն իրավիճակի բարելավումը չի վերաբերում բոլորին: Օրինակ, Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներում չի գրանցվել զգալի առաջընթաց, այդ տարածաշրջանը շարունակում է մնալ թերսնման հարցում «առաջատար»: Այստեղ սովից տառապում է յուրաքանչյուր չորրորդ բնակիչը կամ բնակչության մոտ 24.8 տոկոսը: