Բաժիններ՝

Թուրքիայի քրդերը դժգոհ են Էրդողանի առաջարկած ժողովրդավարական բարեփոխումների փաթեթից

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի քրդերի «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) համանախագահ Գյուլթան Քըշանաքը հայտարարել է, որ կառավարության առաջարկած ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթը չի համապատասխանում կուսակցության ակնկալիքներին և չի նպաստի թուրք-քրդական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Քըշանաքի խոսքերով՝ քրդական ու ալավիական փոքրամասնությունը հույսեր էին փայփայում իրենց խնդիրների լուծման հնարավորության հետ, սակայն առաջարկված փաթեթը չի բավարարում ժողովրդավարության, իրավունքների ազատության ու ընդլայնման ոլորտներում նրանց պահանջները:

Քըշանաքը հայտարարել է, որ բարեփոխումների փաթեթը չունի խնդիրը լուծելու և թուրք-քրդական հարաբերությունների կարգավորումը փակուղուց դուրս բերելու պոտենցիալ: Հիշեցնելով հազարավոր քուրդ քաղբանտարկյալների առկայության մասին՝ Քըշանաքն ընդգծել է, որ փաթեթը պատրաստվել է ոչ թե ժողովրդի, այլ՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կարիքները բավարարելու համար:

Քըշանաքն այդ փաթեթը որակել է որպես նախընտրական փաթեթ և ոչ թե ժողովրդավարական փաթեթ:

Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտին Թուրքիայում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, որոնց շատ մեծ նշանակություն է տալիս ԱԶԿ նախագահ, երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Բացի այդ, նույն տարվա օգոստոսին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Այս անգամ Թուրքիայի նախագահին ընտրելու է ժողովուրդը, և ոչ թե երկրի խորհրդարանը: 2015 թվականի հունիսին էլ Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս