
ԱՄՆ-ում վրա է հասել «սև երեքշաբթին»

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում վրա է հասել «սև երեքշաբթին». հանրապետականներն ու դեմոկրատները Կոնգրեսում չեն կարողացել փոխզիջման գալ ֆինանսական նոր տարվա բյուջեի շուրջ: ԱՄՆ-ում ֆինանսական նոր տարին մեկնարկել է այսօր՝ հոկտեմբերի 1-ին:
Բյուջեի չհաստատվելու հետևանքով դադարեցվել է ԱՄՆ-ի դաշնային հիմնարկների ֆինանսավորումը: Դա աննախադեպ իրադարձություն է վերջին 17 տարվա ընթացքում: Սեպտեմբերի 30-ին Ներկայացուցիչների պալատում, ուր մեծամասնություն են կազմում հանրապետականները, և Սենատում, ուր մեծամասնություն են կազմում դեմոկրատները, փորձել են երեք անգամ համաձայնեցնել համապատասխան օրինագիծը, սակայն ապարդյուն:
Երկու պալատներն էլ մի քանի օրվա ընթացքում փոխանակվել էին օրինագծի տարբերակներով, որոնք նախատեսում էին մինչև դեկտեմբեր ֆինանսավորել կառավարության ծախսերը: Սակայն գլխավոր խոչընդոտ է հանդիսացել նախագահ Բարաք Օբամայի առաջարկած առողջապահական բարեփոխումը, որը դարձել էր նրա նախընտրական կամպանիայի խորհրդանիշը և նախընտրական գլխավոր խոստումներից մեկը: