
Կատարը Եգիպտոսից հետ է պահանջել 1.5 միլիարդ դոլարի իր ավանդները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կատարը Եգիպտոսից պահանջել է ընդհանուր 1.5 միլիարդ դոլարի ավանդների վերադարձ: Այս մասին հայտնել են լոնդոնյան գործարար շրջանակները:
Գումարը պետք է վերադարձվի առաջիկա նոյեմբերին, Եգիպտոսի Կենտրոնական բանկի ակտիվներից՝ երեք չափաբաժնով, որոնցից յուրաքանչյուրը պետք է կազմի 500 միլիոն դոլար: Այս ամենը վկայում է, որ մեծանում է Կահիրեի վրա Կատարի ֆինանսական ճնշումը:
1.5 միլիարդ դոլարը՝ որպես ավանդ, Կատարի կողմից Եգիպտոսի Կենտրոնական բանկին էր փոխանցվել 14 ամիս առաջ: Այդ գումարը պետք է օգներ տվյալ ժամանակվա նախագահ Մոհամմեդ Մուրսիի կառավարությանը՝ կայունացնել ազգային ֆինանսական շուկան: Սակայն Մուրսիի գահընկեցությունից հետո Կատարը պահանջել է իր ներդրումների վերադարձ: