«Վերին Լարս» անցակետն այսօրվանից անցում է կատարում աշխատանքի ձմեռային ռեժիմի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ու Ռուսաստանի սահմանին ընկած «Վերին Լարս» անցակետն այսօրվանից սկսած դադարեցնում է շուրջօրյա աշխատանքային ռեժիմը և անցում է կատարում աշխատանքի ձմեռային ռեժիմի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԴԾ սահմանային վարչությունը (Հյուսիսային Օսիայում):

Վերջինիս հաղորդմամբ՝ «Վերին Լարս» անցակետն ամեն օր գործելու է ժամը 06.00-22.00 (մոսկովյան ժամանակով): Հունիսի 1-ից սկսած՝ «Վերին Լարս» անցակետը 4 ամիս աշխատել է շուրջօրյա ռեժիմով: Եվ չնայած դրան՝ մարդիկ շարունակել են դժգոհել՝ սահմանին ժամերով հերթ կանգնելու համար:

Այդ ժամանակահատվածում անցակետով անցել է 783.000 մարդ և ավելի քան 202.000 տրանսպորտային միջոց, ինչը 1.6 անգամ ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ: Գագաթնակետը գրանցվել է օգոստոսին՝ ավելի քան 280.000 մարդ, ինչը գրեթե 50.000-ով ավելին է՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ, և ավելի քան 70.000 տրանսպորտային միջոց՝ նախորդ տարվա 42.000-ի դիմաց:

Ամռանը բոլորից շատ սահմանը հատել են Ռուսաստանի քաղաքացիները՝ մոտ 430.000 մարդ, և Հայաստանի քաղաքացիները՝ մոտ 241.000 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս