
Նիկոլ Փաշինյան. Եթե պարզվի, որ Ավետին կանչողը Սուրիկ Խաչատրյանն է, Կոստանյանի առաջ քաշած վարկածը, թե նա քնած էր՝ կջախջախվի

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր խորհրդարանում անդրադարձավ ՀՀ նախագահի կողմից գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված Գևորգ Կոստանյանի թեկնածությանը: Նա նշեց, որ Գ. Կոստանյանին` որպես թեկնածու առաջադրելու մասին ամեմատպավորիչ մեկնաբանությունը լսել է փաստաբանների մի խմբում.
«Նրանք ասում էին, որ Սերժ Սարգսյանը մտածել է՝ Աղվան Հովսեփյանից հետո ո՞ւմ նշանակի, որ նրանից ավելի վատ լինի: Եզրակացությունը միանշանակ էր՝ դա կարող էր լինել Գևորգ Կոստանյանը: Նրա հասցեին նույնիսկ իրենց ընդդիմադիր համարող որոշ շրջանակներ են դիֆերամբներ ձոնում»: Նիկոլ Փաշինյանն ասաց, թե գործող զինդատախազ Գևորգ Կոստանյանը պետք է վերահսկեր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործը, բայց դեպքից անմիջապես հետո, Գ. Կոստանյանը գործի ընթացքը կանխորոշող հայտարարություններ է հնչեցրել՝ պնդելով, որ Սուրիկ Խաչատրյանը տանը քնած է եղել արյունահեղության ողջ ընթացքում:
Ն. Փաշինյանը նաև անդրադարձավ իր երեկվա հարցադրմանը` ասելով. «Կոստանյանին ողղված իմ հարցի պատասխանը ցույց տվեց, որ նախաքննության մարմինը պատշաճ ձևով չի նույնականացրել` Բուդաղյանի ստացած չորս վնասվածքներից որ մեկը ով է հասցրել, որ պահին, որ դիրքով, որ կետից: Սա կարևոր է, որովհետև նույնականացումը կպարզեր, որ թիվ մեկ վնասվածքը դարձել է Բուդաղյանի մահվան հիմնական պատճառ, չէին կարող հասցված լինել ոչ Տիգրան Խաչատրյանի, ոչ Զարզանդի կողմից, որովհետև նրանք, լինելով նույն հարթության վրա, չէին կարող վերևից ներքև վնասվածք հասցնել նրան»:
Ն. Փաշինյանի խոսքով նախաքննական մարմինը՝ չկարողանալով բացատրել հակասությունները, իրեն հիմար վիճակի մեջ է դրել: Նա անդրադարձավ նաև տեսանյութի այն հատվածին, որտեղ ինչ-որ մեկը կանչում է «Ավետ». «Կոստանյանն ասում է, թե էական չէ, ով է կանչում: Բայց ես պնդում եմ, որ էական է, որովհետև եթե պարզվի, որ կանչողը Սուրիկ Խաչատրյանն է, իսկ դա հավանական է, Կոստանյանի առաջ քաշած վարկածը, թե նա քնած էր՝ կջախջախվի»:
Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ ենթադրվում է, որ թիվ մեկ վնասվածքը հասցվել է մի անձի կողմից, ով կրակոց է հասցրել տանիքիքց կամ պատշգամբից:
«Ակնհայտ է, որ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքերի գործը վարող մարմինը՝ Գևորգ Կոստանյանի ղեկավարությամբ, ամեն ինչ արել է շրջանցելու, լղոզելու փաստերը, այն վարկածը, թե Բուդաղյանի մահացու հրազենային վնասվածքը կարող էր հասցնել Սուրիկ Խաչատրյանը: Իմ բերած փաստերը կարող էին արձանագրել, որ մենք գործ ունենք դիտավորյալ սպանելու փաստի հետ: Իրավական երկրում, Գ. Կոստանյանին ոչ թե գլխավոր դատախազի թեկնածու կառաջադրեին, այլ՝ գործում կներգրավեին որպես կասկածյալ»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ակնհայտ է, որ «Գևորգ Կոստանյանը չի կարող լինել ավելին, քան Աղվան Հովսեփյանի Նոթինհեմի դիպլոմով տեսակը»: Նա հայտնեց, որ դեմ է քվեարկելու նրա թեկնածությանը: