Համաներման թաքնված ուղերձը

Երեկ միանգամից երկու կարևոր իրադարձություն է տեղի ունեցել խորհրդարանում: Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովին է ներկայացրել ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկությունը, իսկ կրկին Սերժ Սարգսյանի կողմից որպես գլխավոր դատախազի թեկնածու ներկայացված Գևորգ Կոստանյանն անձամբ է ներկայացել ԱԺ, ելույթ է ունեցել ու պատասխանել պատգամավորների հարցերին:

Առաջին հայացքից` այս երկու իրադարձությունների միջև միակ ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ առնչվում են արդարադատության համակարգին: Բայց դրանց միջև կա ևս մեկ, շատ ավելի «բովանդակային» կապ կամ ենթատեքստ, որը կարելի է համարել Սերժ Սարգսյանի թաքնված ուղերձը հասարակությանը: Գևորգ Կոստանյանը՝ չնայած երիտասարդ տարիքին, ներկայացնում է այն նույն համակարգը, որի գործունեության արդյունքում բազմաթիվ ճակատագրեր են խեղվել, տասնյակ մարդիկ դատապարտվել են այդ անարդարացի մեղադրանքներով, հարյուրավոր քաղբանտարկյալներ են հայտնվել անազատության մեջ, և այլն: Մտածել, որ անձի փոփոխությամբ այդ համակարգը կարող է փոխվել՝ իհարկե, միամտություն կլինի: Այսինքն՝ Հայաստանում, ինչպես ընդունված է ասել, արդարության ճգնաժամը շարունակվելու է, մարդիկ չեն սկսելու հավատալ արդարադատությանը: Այս պայմաններում՝ Գևորգ Կոստանյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթին զուգահեռ համաներման առաջարկություն ներկայացնելով` Սերժ Սարգսյանը, ըստ էության, ցույց է տալիս, որ Հայաստանում շարունակվող անարդարության պայմաններում միայն ինքը կարող է «արդարություն հաստատել»:

Սա ուղերձ է այն մասին, որ Դատախազությունն ու, ընդհանուր առմամբ, արդարադատության համակարգը կշարունակի գործել «բարի ավանդույթներով», բայց մի քանի տարին մեկ համաներում կհայտարարվի, ինչի համար ազատության մեջ հայտնվածներն ու նրանց հարազատները պետք է շնորհակալ լինեն, առաջին հերթին, երկրի նախագահին: Ըստ ամենայնի, հենց այս նպատակով է համաներման առաջարկությունն ԱԺ ներկայացվել այն օրը, երբ խորհրդարանում ելույթ պետք է ունենար Գևորգ Կոստանյանը: Իհարկե, ոմանք կարող են հակադարձել, որ իրադարձությունները համընկել են պատահականորեն: Բայց քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, պատահականություններ չեն լինում:

Տեսանյութեր

Լրահոս