Ոսկեհասկի բնակիչներ. «Մեր գյուղը չարորակ ուռուցքով հիվանդ գյուղ է»
Ոսկեհասկ գյուղը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 5կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Մոլլամուսա, Մուսական անվանումները: Ոսպեհասկ է վերանվանվել 1946 թվականին: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 2059 բնակիչ:
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Ունի գրադարան, մանկապարտեզ, բուժկետ: Ոսկեհասկն ունի նաև գործող դպրոց, սակայն վերջինս գտնվում է վթարային վիճակում: Գյուղացիների պնդմամբ՝ մեկ ցնցում, և դպրոցը փուլ կգա աշակերտների գլխին: Գյուղացիները պատմում են, որ մինչերկրաշարժյան տարիներին գյուղում որոշվել է կառուցել 500 աշակերտի համար նախատեսված դպրոց.
«Մինչև երկրաշարժն էր, գնացել էինք Կարեն Դեմիրճյանի մոտ, ասել էինք, որ 80 աշակերտ ունենք, կուզենանք 500 աշակերտի համար նախատեսված դպրոց կառուցել: Պարոն Դեմիրճյանն էլ զանգել է համապատասխան մարմիններին, ու հաջորդ օրն էկել, 1000 հոգու համար նախատեսված դպրոցի հիմքը գցել են: Հիմքը գցեցին, ու երկրաշարժն էղավ: Էդպես էլ գործը կիսատ մնաց, դպրոց էլ չունեցանք»,- պատմում են գյուղացիները:
Հիմա գյուղի աշակերտները դասերն անցկացնում են նախկին մանկապարտեզի վթարային շենքում, որն ամեն օր փլվելու վտանգի առջև է կանգնած: Գյուղի ճանապարհներն ահավոր վիճակում են: Մեքենաներն էլ խուսափում են այդ ճանապարհներով երթևեկել: Հատկանշական է նաև այն փաստը, որ գյուղում ծնելիությունը մահացությունից երեք անգամ քիչ է: Ինչպես նշեցին գյուղացիները՝ գյուղի երիտասարդությունը թողել-հեռացել է գյուղից, մնացել են միայն տարեցները. «Մեր գյուղը չարորակ ուռուցքով հիվանդ գյուղ է, մնացել են մենակ մեծերն ու թոշակառուները, ջահելների շունչը չկա, բոլորը գնացել են, կեսը՝ քաղաքում ուսում են ստանում, էդտեղ էլ մնում են, կեսն էլ արտագնա աշխատանքների են մեկնում»,- նշեցին գյուղացիները:
Գյուղը չունի մշակույթի տուն, գրադարան, զբաղմունքի ոչ մի միջոց, ոչ էլ՝ այգիներ: Ասում են՝ ժամանակին գյուղը 5 այգի է ունեցել. «Երկրաշարժին գյուղացիները բոլոր ծառերը կտրեցին, որ վառելիք ունենան, հիմա էլ ոչ այգիներ կան, ոչ ծառեր»,- նշեցին նրանք: Գյուղատնտեսության հիմնական ուղղությունը երկրագործությունն է: Գյուղատնտեսական հողերը գրեթե ամբողջությամբ օգտագործվում են՝ որպես վարելահողեր: Նախկինում մեծ տարածքներ են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքերը, որոնք կրճատվել են երկրաշարժի արդյունքում Սպիտակի շաքարի գործարանի փլուզման պատճառով: Գյուղացիների ապրուստի հիմնական միջոցներից է խոշոր եղջերավոր անասնապահությունը:
Գյումրի