«Ապրում ենք մի հասարակությունում, որտեղ չես կարող հեռու մնալ սոցիալական խնդիրներից և զբաղվել միայն արվեստով»
168.am-ն անդրադառնալով սեպտեմբերի 28-ին Լոնդոնում կայացած վանաձորյան «Որդան Կարմիր» և «Ան Գորդոնախ» խմբերի բարեգործական համերգին` խոստացել էր ավելի մանրամասն անդրադառնալ «Ան Գորդոնախ» խմբին: Ներկայացնում ենք 168.am-ի հարցազրույցը խմբի կիթառահար Տիրայր Մխիթարյանի հետ:
– Տիրայր, ինչո՞ւ հենց՝ «Ան Գորդոնախ»: Ո՞ւմն էր խմբի անվան ընտրությունը, և ի՞նչ է նշանակում: Հետաքրքիր է` ի՞նչ բացատրություն ունի Ձեր խմբի լոգոն:
– Խմբի անվան ընտրությունը Սթյուարտինն է, քանի որ խումբ հավաքելու գաղափարը նրանն էր: Երբ հանդիպեցինք նրան, ասաց, որ ցանկանում է խումբ հավաքել՝ «Ան Գորդոնախ» անվամբ: Ան Գորդոնախ նշանակում է՝ հանուն գորդոնների, պատերազմական կանչ է, որը մարդիկ գոռացել են կռիվ գնալուց առաջ: Ինչպես գիտեք` Սթյուարտը շոտլանդացի է, գորդոնների կլանից, և իր ասելով՝ դա հարգանքի տուրք է իր կլանին` գորդոնների կլանին: Լոգոն գորդոնների կլանինն է, որի գույնը մի փոքր փոխելով՝ ստացել ենք այս լոգոն: Բացի դա էլ` ցանկանում էինք, որ Հայաստանում ինչ-որ հետաքրքիր և նոր բան արվեր, որ մարդիկ լսելով՝ Ան Գորդոնախ, հետաքրքրվեին, թե դա ինչ է:
– Մի փոքր կպատմե՞ք՝ ինչպես ձևավորվեց խումբը և ովքեր են անդամները:
– 2010 թվականին Սթյուարտը եկել էր Հայաստան և աշխատում էր Վանաձոր ՀՍԻԿ-ում (Մարդու իրավունքների պաշտպանության հ/կ-ում) և դրան զուգահեռ՝ ցանկանում էր խումբ հավաքել: Մեր ընդհանուր ծանոթներից մեկը ծանոթացրեց ինձ ու Սթյուարտին և ասաց, որ նա ցանկանում է խումբ հավաքել: Միտքն ինձ դուր եկավ: Այդ ժամանակ ես ազատ էի և որևէ խմբում չէի նվագում: Մինչ այդ PUSH վանաձորյան ռոք խմբի սոլո կիթառիստն էի: Քանի որ Սթյուարտը կիթառիստ է, «Ան Գորդոնախում» ես անցա բաս կիթառին, իսկ որպես թմբկահար՝ հրավիրեցի իմ հին լավ ընկեր Կարեն Պողոսյանին: Այսպես ձևավորվեց խումբը, և սկսեցինք փորձեր անել մեր լավ ընկերների` «Որդան Կարմիր» խմբի տղաների փորձատեղիում:
– Հետաքրքիր է` ի՞նչ ազդեցություն է ունեցել շոտլանդական երաժշտությունը խմբի վրա:
– Իհարկե, որոշ ազդեցություն կա, սակայն՝ ոչ որպես շոտլանդական ազգային երաժշտություն: Ճիշտ է, համերգներին Սթյուարտը հագնում է շոտլանդական ազգային կիլտ, մի երգ էլ ունենք, որը շոտլանդական ժողովրդական երգ է, սակայն մեր երաժշտությունը բրիտանական երաժշտություն է: Հաճախ մարդիկ համերգներին սպասում են, որ «իսկական» շոտլանդական ազգային երաժշտություն ենք նվագելու, բայց մենք «հիասթափեցնում» ենք նրանց` նվագելով բրիտանական ալտերնատիվ երաժշտություն:
– Լսելով Ձեր խմբի երգերը` նկատեցի, որ բոլորն անգլերեն են, առաջիկայում հայերեն երգ ներկայացնելու մտադրություն չկա՞: Կարծում եմ` շոտլանդացու շուրթերով հայերենը հետաքրքիր կհնչի:
– Այո, երգերն անգլերեն են, բայց ապագայում մտադրություններ կան Սթյուարտին հայերեն երգեցնելու, և ինքն էլ կարծես դեմ չէ: Նա ցանկանում է հայերեն ռաբիս երգ վերցնել և փանկ-ռաբիս դարձնել:
– «Ան Գորդոնախ» խումբն ավելի շատ Երևանո՞ւմ, թե՞ Վանաձորում է համերգներ ունեցել: Մի փոքր կտարբերակե՞ք վանաձորյան և երևանյան հանդիսատեսին:
– Մենք համերգներ ենք ունեցել և՛ Վանաձորում, և՛ Երևանում: Այս ամառ, երբ Սթյուարտը Հայաստանում էր, նվագեցինք միայն Երևանում, իսկ Վանաձորում, ցավոք սրտի, չհասցրեցինք: Վանաձորյան և երևանյան համերգների մասին կկիսվի Սթյուարտը:
Սթյուարտ– Վանաձորյան հանդիսատեսն ինձ ավելի շատ է դուր եկել: Երևանում սառած-նստած լսում էին, իսկ Վանաձորում ավելի շատ էներգիա կար, ցանկանում էին պարել, ավելի շատ էին հետաքրքրված: Նկատեցի նաև, որ Վանաձորում բրիտանական երաժշտությանն ու ընդհանրապես ալտերնատիվին ավելի լավ էին ծանոթ և սիրում էին:
– Նախորդ հարցազրույցի ժամանակ ասացիք, որ Ձեր խմբի երգերը սոցիալական, քաղաքական ուղղվածություն ունեն: Ի՞նչ խնդիրներ եք փորձում Դուք բարձրաձայնել:
– Այո, մեր երգերից շատերն ունեն սոցիալական, քաղաքական ուղղվածություն: Այստեղ հետաքրքիր է նաև Սթյուարտի հայ չլինելն ու շատ հարցերին, խնդիրներին օտարազգի ներկայացուցչի աչքերով նայելը: Այս դեպքում սկսում ես քեզ կողքից նայել ու գնահատել: Ունենք մի երգ` «Gurr»-ը, որը գրվել է մարտի մեկի դեպքերի մասին, նոր սկավառակում երգ կա, որը գրված է արտագաղթի թեմայով, «5000» երգն ընտրություններին ձայնը ծախելու մասին է, իսկ «Disassociation»-ն էլ ռոք ասոցիացիայի մասին է, որը, մեր կարծիքով՝ աննպատակ և մեռած կառույց է: Այսինքն` շատ հարցեր, որոնք մեզ հուզում են, փորձում ենք բարձրաձայնել, քանի որ ապրում ենք մի հասարակությունում, որտեղ չես կարող հեռու մնալ սոցիալական խնդիրներից և զբաղվել միայն արվեստով: Ասեմ նաև, որ բացի քաղաքական տեքստերից, մեր երգերի թեմա են հանդիսանում շոտլանդական, սկանդինավյան, հունական լեգենդները:
– Ի՞նչ եք կարծում` Underground երաժշտություն նվագողների ճանապարհն ինչո՞վ է դժվար: Կոնկրետ Դուք ի՞նչ խնդիրների եք հանդիպել (հանդիպում):
– Իմ կարծիքով` Underground-ը նոր ձևավորվող դաշտ է Հայաստանում: Կան խմբեր, որոնք տարիներ շարունակ նվագում են, բայց այդպես էլ մեծ բեմեր դուրս չեն գալիս, չունեն մեծ ճանաչում, սակայն շատ լավ և որակյալ երաժշտություն են նվագում: Հիմա խնդիրը նրանց լսելի դարձնելն է, հատկապես՝ նոր խմբերին: Տասը տարի առաջ, երբ ես նոր էի սկսել նվագել, որպես նոր խումբ՝ շատ ավելի հեշտ էր համերգների մասնակցելը, քան հիմա: Ամենամեծ խնդիրը ռոք երաժշտությունն ընդհանրապես լայն մասսաներին լսելի դարձնելն է, հատկապես նոր ռոք երաժշտությունը և ոչ թե՝ 1970-1980-ականների ռոք երաժշտությունը, որը նվագում են մեր ռոք խմբերից շատերը:
– Պատրաստվում եք թողարկել երկրորդ ձայնասկավառակը… ե՞րբ, քանի՞ երգ է նախատեսվում:
– Այո, երգերն արդեն ձայնագրված են, աշխատանքների մեծ մասն արված է: Հույս ունեմ, որ շուտով ամբողջովին կվերջացնենք: Ձայնասկավառակը բաղկացած կլինի ութ երգից:
– Լոնդոնից վերադառնալուն պես այստեղ համերգներ ունենալո՞ւ եք:
– Հավանաբար համերգներ չենք ունենա, որովհետև Սթյուարտը կմնա Լոնդոնում, բայց հույս ունենք՝ մոտ ապագայում նա կվերադառնա, և հնարավորություն կունենանք ներկայացնելու մեր նոր երգերը: