«Արդեն սպառնացին-պրծան, էլի, դրանից հետո ինչի՞ պիտի սպառնան». Ասում է «բանդայի» գործով մահացած ամբաստանյանի հայրը` Ալբերտ Դալլաքյանը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ՝ «բանդայի» գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց վերջինիս
մահվան պատճառով:

Արման Դալլաքյանի հայրը՝ Ալբերտ Դալլաքյանը, դիմում էր ներկայացրել դատարան՝ խնդրելով իր որդու մասով գործը կարճել: Նշենք, որ ավելի վաղ Ալբերտ Դալլաքյանը դիմումով դատարանից խնդրել էր որդու մասով գործը չկարճել, շարունակել դատաքննությունը և արդարացնել որդուն: Սեպտեմբերի 20-ին դատարան մուտք եղած դիմումով, սակայն, Ալբերտ Դալլաքյանն արդեն խնդրել էր նախկին դիմումը թողնել անհետևանք:

Նշենք, որ Արման Դալլաքյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա
2011-ի մայիսի սկզբին անդամագրվել է անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Արտուշ Հակոբյանի և Գուրգեն Հայրապետյանի կողմից ստեղծված և ղեկավարվող, ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիրով, 5,45մմ տրամաչափի «ԱԿ-74» տեսակի «ԱՎ 312939» համարի ինքնաձիգով, 7,62մմ տրամաչափի «ՏՕԶ-49» տեսակի «ԻՔՍ-Ն 1105» համարի թմբուկավոր ատրճանակով, 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի «ՍԿ 3540 Պ» համարի ատրճանակով, 7,62մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի «ՕԳ 34» համարի ատրճանակով, «ՏՏ» տեսակի առանց գործարանային համարի ատրճանակով, «ԲԼՈՈւ Ց 06» տեսակի

«7-012348» համարի մարտականի ձևափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակով և դրանցից կրակոցներ արձակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով զինված, կայուն կազմակերպված խմբին` բանդային: Ըստ մեղադրանքի՝ ապա Արման Դալլաքյանը բանդայի կազմում մասնակցել է 2011-ի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում Էդուարդ Բեզոյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, որի ընթացքում բանդայի անդամները, առանց հափշտակելու նպատակի, նաև ապօրինի տիրացել են Էդուարդ Բեզոյանի ավտոմեքենային:

Կարդացեք նաև

Բացի այդ, համաձայն մեղադրանքի` Ա. Դալլաքյանը` առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել է խոշոր չափի` 1,15 գրամ հաստատուն քաշով ափիոն տեսակի թմրամիջոց: 1972-ին ծնված Ա. Դալլաքյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 6 հոդվածներով՝ 222-րդ հոդվածի 1-ին մաս (անձանց կամ կազմակերպությունների վրա հարձակվելու նպատակով կազմակերպված զինված խումբ ստեղծելը, այսպիսի խումբ ղեկավարելը, կամ բանդայի կողմից կատարվող հարձակումներին մասնակցելը), 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով), 175-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալ առանց հափշտակելու նպատակի, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով), 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, որը կատարվել է խոշոր չափերով):

banda-armanԱրման Դալլաքյանի պաշտպան Վաչագան Քոսյանը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դիմումը ստորագրել էր նաև Ա. Դալլաքյանի մայրը: Վ. Քոսյանը տեղեկացրեց, որ իրենք գնալու են Արման Դալլաքյանի նկատմամբ բռնություններ գործադրելու, խոշտանգումների, ճնշումների և ոչ բավարար բժշկական օգնություն ապահովելու ապացուցման ճանապարհով:

Փաստաբանի հաղորդմամբ՝ իրենք պատրաստվում են բողոք ներկայացնել գլխավոր դատախազին բռնությունների և մյուս հարցերի վերաբերյալ. պահանջելու են պատասխանատվության ենթարկել համապատասխան մեղավոր անձանց:

Պաշտպանը ևս մեկ անգամ հիշեցրեց գործում կցված տեսաձայնագրությունը, որտեղ երևում է՝ ինչ նվաստացուցիչ վերաբերմունք են ցուցաբերել ոստիկանները Ա. Դալլաքյանի նկատմամբ, ապա նշեց, որ վիրահատվելուց 24 ժամ անց նա դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից, տեղափոխվել Ոստիկանության հոսպիտալ. «Իմ հարցմանն «Էրեբունի» բժշկական կենտրոնը պատասխանել է, որ ոստիկանների պահանջով է դուրս գրվել: Այդ պայմաններում Ոստիկանության բաժնում Ա. Դալլաքյանին հարցաքննել են»: Պաշտպանը հիշատակեց նաև այն հանգամանքը, որ 13 ամիս Ա. Դալլաքյանը ճողվածք ունենալու պայմաններում կալանք է կրել, իսկ մեկուսարանի ղեկավարությունը թույլ չի տվել, որպեսզի ծնողներն իրենց միջոցներով բժշկական օգնություն ապահովեն նրա համար:

Վաչագան Քոսյանն ասաց, որ դեռևս չի ստացվել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Փաստաբանն ավելի վաղ «168 Ժամի» հետ զրույցում մանրամասնել էր Ա. Դալլաքյանի նկատմամբ կիրառված բռնությունները՝ նշելով, որ երբ վերջինս վիրահատությունից հետո ուշքի է եկել, տեսել է, որ ինքը դիմակներով ոստիկանների հսկողության տակ է, ովքեր սպառնացել են իրեն, ինչպես նաև հայտնել էր այն մասին, որ նրանից կորզել են ինքնախոստովանական ցուցմունքներ:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Ա. Դալլաքյանի ծնողների որոշման փոփոխությունը, Վ. Քոսյանը պատասխանեց. «Իրենց դիրքորոշումն է»: Անդրադառնալով խոսակցություններին, որ հնարավոր է՝ Ա. Դալլաքյանի ծնողների նկատմամբ սպառնալիքներ են եղել, որոնց պատճառով էլ նրանք փոխել են իրենց դիրքորոշումը` կապված իրենց որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ: «Սպառնալիքների մասին ես որևէ բան չեմ կարծում: Եթե այդպիսի բան լիներ, կարծում եմ՝ ծնողները որևէ կերպ ինձ կակնարկեին կամ տեղյակ կպահեին»,- ասաց Վաչագան Քոսյանը:

Մենք զրուցեցինք նաև Արման Դալլաքյանի հոր՝ Ալբերտ Դալլաքյանի հետ՝ պարզելու համար, թե որն է եղել որոշման փոփոխության պատճառը: «Որովհետև արդեն կամաց-կամաց լուրեր են գալիս, որ դիտավորյալ սպանություն է, այս կողմ, այն կողմ… Դրա համար ես ուզում եմ ճիշտը պարզել, որ ես ճիշտը իմանամ՝ իմ երեխեն ինչի՞ է մահացել»,- ասաց Ալբերտ Դալլաքյանը:

Նա նշեց, որ դատարանից այլևս հույս չունի. «Չէ, դատարանից էլ ի՞նչ հույս ունենամ, ի՞նչ հույս ունենամ դատարանից»:

«Ոչ մեկն ինձ չի սպառնացել, ոչ մեկը չի կարող ինձ սպառնալ, որովհետև ես դեռ իմ գլխին խելք ունեմ, ու ես շարժվում եմ իմ խելքով: Ո՞վ պիտի ինձ սպառնա: Ես չեմ հասկանում: Արդեն սպառնացին-պրծան, էլի, դրանից հետո ինչի՞ պիտի սպառնան»,- ասաց Արման Դալլաքյանի հայրը:

Նա տեղեկացրեց նաև, որ պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ պարզելու համար իր որդու մահվան պատճառը:

Ալբերտ Դալլաքյանի տեղեկացմամբ՝ ինքը դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին. «Բոլորին ներկայացրել եմ, ոչ մեկը ոչ մի արձագանք չի տվել, հիմա էլ ի՞նչ են ուզում, ես չեմ հասկանում»: «Ես այդ մարդկանցից ի՞նչ պահանջեմ… Որովհետև իրենցը չի. տղեն իրենցը չի… Եթե իրենցը լիներ, տեր կկանգնեին»,- հավելեց Ալբերտ Դալլաքյանը:

Ավելի վաղ Վաչագան Քոսյանը «168 Ժամի» հետ զրույցում ասել էր, որ գործում Արման Դալլաքյանին մեղադրող որևէ ապացույց չկա, բացառությամբ նրա տված ցուցմունքի, որը փաստաբանը բավարար չէր համարել:

Նշենք նաև, որ ըստ «Փաստինֆոյի»` երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում իրենց նկատմամբ կիրառված բռնությունների մասին են խոսել գործով մյուս ամբաստանյալներից մի քանիսը: Մասնավորապես, ըստ աղբյուրի, ամբաստանյալ Դավիթ Գալստյանը հայտնել է, որ ինքը նախաքննության ընթացքում 10 օր պահվել է ՁՊՎ-ում, որի պատճառն այն էր, որ «այնքան էին ծեծել, որ ոտքի վրա չէի կարողանում կանգնել»: Նշենք, որ «բանդայի» գործով նախորդ դատական նիստի ընթացքում ամբաստանյալն ինքնավնասման փորձ էր կատարել:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս