«Երբ Արմանը վիրահատությունից հետո ուշքի է եկել, տեսել է, որ ինքը դիմակներով ոստիկանների հսկողության տակ է, որոնք իրեն սպառնում են…»
Սեպտեմբերի 8-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացել էր «բանդայի» գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը: Նրա հայրը՝ Ալբերտ Դալլաքյանը, հայտարարել էր, թե գրեթե համոզված է՝ որդուն «այնպիսի դեղեր են սրսկել, որ կամաց-կամաց քայքայվի, մեռնի»: Արման Դալլաքյանի հոր այս հայտարարության և գործի այլ հանգամանքների մասին 168.am-ը զրուցել է նրա պաշտպան Վաչագան Քոսյանի հետ:
– Պարոգն Քոսյան, Արման Դալլաքյանի մասով դատաքննությունը շարունակվելո՞ւ է:
– Կարծում եմ՝ շարունակվելու է, որովհետև հայրը դիմում էր ներկայացրել: Այդ կապակցությամբ դեռևս դատական նիստ չի եղել: Առայժմ ես այդքանը կարող եմ ասել: Դա իրենց ցանկությունն է:
– Կմանրամասնե՞ք հոր ներկայացրած դիմումը:
– Հայրը խնդրել էր, որ իր որդու մասով գործը չկարճեն, դատաքննությունը շարունակեն և արդարացնեն որդուն:
– Արման Դալլաքյանի հայրը խոսել է որդու նկատմամբ նախաքննության ընթացքում կիրառված բռնությունների մասին: Այս մասով Ձեզ ի՞նչ է հայտնի:
– 2011թ. սեպտեմբերի 25-ին Արմանին ձերբակալել են: Այդ ժամանակ, երբ նրան բերել էին բաժին, նա պնդում էր, որ իր նկատմամբ բռնություններ են եղել, ծեծել են իրեն և այլն: 2011թ. սեպտեմբերի 26-ին նա իրեն հինգ անգամ դանակով հարվածել էր, որոնցից երեքը որովայնի թափանցող վերքեր էին: Դա մոտավորապես սեպտեմբերի 26-ի ժամը 20-ի սահմաններում էր: Անմիջապես հրավիրվել են շտապօգնության, 6-րդ վարչության աշխատակիցներ, և նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 21:00-ին, Արմանը վիրահատվել էր: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 21:00-ին, Արման Դալլաքյանին դուրս էին գրել վերակենդանացման բաժնից և տարել ոստիկանության հոսպիտալ: Այնտեղ նույնը օրը՝ ժամը 22:00-ին հարցաքննություն էր եղել:
Հարց է առաջանում. ընդամենը 24-25 ժամ առաջ վիրահատված անձին հարցաքննո՞ւմ են, ընդ որում՝ առանց պաշտպանի: Ի դեպ, հոսպիտալում մուտքը հաջորդ օրով էին ներկայացրել. փաստաթղթերով նա հոսպիտալ մուտքագրվել է ամսի 28-ին, բայց ամսի 27-ին է նա այնտեղ եղել: Սա է փաստը:
Հաջորդ հարցն այն էր, որի կապակցությամբ ես հարցում եմ կատարել «Էրեբունի» բժշկական կենտրոն, թե ի՞նչ իրավունքով կամ ի՞նչ հիմքերով են նոր վիրահատված անձին դուրս գրել վերակենդանացման բաժանմունքից: Ինձ պատասխանել են, որ դա եղել է ոստիկանների պահանջով: Այդքանը:
Հետագայում՝ սեպտեմբերի 27-ին, Արմանը վիրահատության հաջորդ օրը, կասկածյալի հարցաքննությամբ, երկու նախադասությամբ ինքնախոստովանական ցուցմունք էր տվել: Մեկ անգամ էլ հաջորդ օրն է ցուցմունք տվել այն մասին, որ պնդում է որպես կասկածյալ տված իր ցուցմունքները: Եվ հենց տեղափոխվել է «Նուբարաշենի» մեկուսարան, անմիջապես սկսել է բողոքել, որ իր նկատմամբ բռնություններ են եղել, ճնշումներ են եղել, և երբ ինքը վիրահատությունից հետո ուշքի է եկել, տեսել է, որ ինքը դիմակներով ոստիկանների հսկողության տակ է, որոնք իրեն սպառնում են, և ինքը ճար չի ունեցել, ստիպված գրել է այդ մի քանի նախադասությունը, որպեսզի ազատվի այդ վիճակից: Այսինքն՝ հենց հասել է «Նուբարաշենի» մեկուսարան, սկսել է բողոքարկել:
Հետագայում քննիչը գործի մեջ դրել է մի տեսաձայնագրառման նյութ 6-րդ բաժնում, որտեղ Արմանի հետ զրուցում են: Դա հարցաքննություն չէ, բացատրութուն չէ, պարզապես այսպես ասեմ՝ զրույց է, խոսում են: Եվ շատ վատ են վերաբերվում նրա հետգ գռեհիկ հայհոյանքներով: Այնտեղ դիմակավորված մարդիկ են նստած, մարդիկ են մտնում, դուրս գալիս: Այնտեղ մի դրվագ կա. Արմանը ջուր է խնդրում. նա շատ վատ վիճակում է, երբ նայում ենք: Ասում է՝ ջուր եմ խնդրում, ջո՛ւր տվեք: Մեկը ջերմուկի պլաստմասսայի շշով ջուր է տալիս: Կադրից դուրս գտնվողն ասում է. «Արա՛, հանկարծ շրթունքներիդ չկպցնես այդ շիշը»: Իսկ զրույցը վարողի արձագանքը հետևյալն է՝ ասում է. «Արա՛, լավ, շշի մերը…», ու հայհոյում է՝ «Շիշ է, թող կպցնի էլի, կգցնեք»:
Հիմա դուք պատկերացրեք անձի նվաստացման աստիճանը: Ու հիմա դա դրել են որպես ապացույց, որը, իմ կարծիքով, եթե ցանկացած դատավոր տեսնի, պետք է լրիվ ուրիշ արձագանք տա, էլ չեմ ասում՝ եթե եվրոպական ցանկացած դատարան դա տեսնի, կասի, թե մենք վայրենի ենք:
Վիրահատությունից հետո, երբ Արմանը մեկուսարանում էր, փորի ճողվածք ուներ վիրահատության արդյունքում: Անցյալ տարվա նոյեմբերին վիրահատեցին: Այդ ընթացքում մեկ-երկու անգամ եմ ես դիմել ծնողների անունից, որ նրանց թույլ տան բուժումը կազմակերպել: Բայց ծնողներն էլ շատ չէին ուզում բողոքել, որովհետև, այսպես ասեմ, նրանց հսկողության տակ էր: Հայկական մտածողության բան կար, որ շատ չբողոքեն, փորձեն լուծել ինչ-որ կերպ և այլն: Բայց ես մի երկու անգամ գրություն եմ ուղարկել: Այսպիսով՝ Արմանը շուրջ 1 տարի 2 ամիս այդ վիճակում մնաց, վերջապես նրա ճողվածքը անցյալ տարվա նոյեմբերին վիրահատեցին: Այդ ամբողջ ժամանակ այդ ճողվածքով նա կալանք էր կրում, ինչը սարսափելի ծանր է: Բավական մեծ էր. փորը մի գնդակի չափով ուռել էր:
Դրանից հետո արդեն մեկ լավ էր լինում, մեկ՝ վատ, տրամադրության անկում ուներ, ինչ-որ անհասկանալի խնդիրներ սկսեցին առաջանալ: Եվ վերջին իրադարձություններն արդեն. աճուկների վիրահատություն ունեցավ մահվանից շուրջ 1 ամիս առաջ: Մահվանից մոտ 10 օր առաջ աչքի վիրահատություն տարավ և կտրուկ վատացումգ Հիմա եղավ հայտարարությունը, որը հրապարակեց կալանավայրերի վարչությունը, որ աչքի վիրահատությունը լավ է անցել, սակայն կտրուկ վատացման արդյունքում հրավիրվել է շտապօգնություն, և չենք հասցրել փրկել: Հիմա կարծում եմ, որ ցանկացած սովորական մարդու մեջ հարց կառաջանա. շտապօգնությունը հրավիրում էիք, որ ո՞ւր տանեիք: Դա կալանավայրերի վարչության կենտրոնական հիվանդանոց է:
Այսինքն՝ դա նշանակում է, որ կա՛մ իրենք չունեին համապատասխան դեղորայք, կա՛մ անձնակազմ, կա՛մ համապատասխան սարքավորումների բազա: Այսինքն՝ ակնհայտորեն պակաս բան ունեին, եթե իրենք շտապօգնություն էին հրավիրում, որպեսզի անձին տեղափոխեն: Ընդ որում՝ մահվանից մեկ շաբաթ առաջ Արմանին տարել էին 3-րդ հիվանդանոց, և ասացին, որ նրան չեն ընդունել, հետ են ուղարկել: Այսինքն՝ անձի մոտ ակնհայտորեն խնդիր կար, պետք էր ապահովել համապատասկան սարքավորումներով, դեղորայքով, բժիշկներով, հակառակ դեպքում ինձ համար անհասկանալի է, թե հիվանդանոց շտապօգնություն հրավիրելը ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է, որ պետք է տանեին մեկ այլ տեղ, որտեղ սպասարկման ավելի լավ բազա կար: Իսկ եթե այդպես էր, կարծում եմ, որ նրանք պետք է կանխատեսեին, որ մարդու մոտ կարող է խնդիր լինել, նախապես միջոցներ ձեռնարկեին:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն առայժմ պատրաստ չէ: Սպասում ենք, որ դա լինի, քննարկենք, վերլուծենք, հետո ընթացքը որոշենք:
– Պարոգն Քոսյան, Արմանի հայրն ասել էր, որ դատաբժիշկը գրել է՝ մահն առաջացել է լյարդի քայքայումից: Տեղյա՞կ եք՝ որտեղից է նրան նման տեղեկություն հայտնի, եթե դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս պատրաստ չէ:
– Ես էլ եմ նման բան լսել, բայց, անկեղծ ասած, այս պահին ձեռնպահ կմնայի որևէ բան ասել, մինչև համապատասխան բժշկական եզրակացությունը լինի, որովհետև պտտվում են բազմաթիվ ասեկոսեներ: Այդ պատճառով ես կսպասեի, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները լինեին, նոր խոսեինք այն մասին, թե որն է մահվան իրական պատճառը, որովհետև, իմ կարծիքով, աչքի վիրահատությունը չէ:
Եվ ի՞նչ է նշանակում «կտրուկ վատացում»: Դա ո՞ր օրգանի հետ է կապված: Ի՞նչ առողջական խնդիր է եղել մինչ այդ: Բացի դրանից՝ դատարանը հարցում է կատարել, հիմա պատասխանը ստացել է, սակայն դատական նիստ չեղավ, դրա համար չհրապարակվեց: Հարցրել էին՝ ինչպիսի՞ն է Արմանի առողջական վիճակը, ի՞նչ բուժումներ է ստանում, նա կարո՞ղ է մասնակցել հետագա դատական նիստերին, թե՞ ոչ: Պատասխանը չի հրապարակվել, բայց գուցե դա էլ ինչ-որ լույս սփռի:
– Իսկ դատաբժշկական եզրակացությունը սովորաբար որքա՞ն ժամանակ անց է պատրաստ լինում:
– Սովորաբար մոտավորապես 20-30 օր տևում է, եթե բժիշկների համար վերլուծելու այլ բարդություններ չկան: Պրակտիկան ցույց է տալիս, որ դատաբժշկական փորձաքննությունները միջինը 1 ամսվա շրջանակում են լինում: Մնացածը չեմ կարող ասել՝ այնտեղ առանձին բարդություն կլինի՞, այլ վերլուծություններ կլինե՞ն:
– Արման Դալլաքյանի նկատմամբ ակնհայտ վատ վերաբերմունքի օրինակներ նշեցիք: Պատրաստվո՞ւմ եք այդ առումով դիմել իրավապահ մարմիններին:
– Հենց այն դրվագը, որ ես նշեցի, այդ վերաբերմունքն արդեն իսկ, իմ կարծիքով, սահմանների անցում է: Ծնողների հետ քննարկել ենք, նրանց նախնական կարծիքը հետագա քայլեր կատարելն է, բայց դեռևս վերջնական կարծիք չունեն, քանի դեռ դատաբժշկական փորձաքննությունը չկա: Կարծում եմ՝ այո՛, բայց հաստատ ոչինչ չեմ կարող ասել, իրենք պետք է որոշեն: Գուցեև դատաքննության շրջանակում փորձեն… Արմանի ձեռքով գրված դիմումներ կան ՀՀ գլխավոր դատախազին, նաև այդ դիսկը… Պետք է պատկերացնել՝ եթե նկարահանում չլինի, ինչ կլինի, որովհետև այնտեղ ամեն ինչ այնպես է ընթանում… Տրամաբանությունը սա է՝ դու ո՞վ ես ընդհանրապես, քեզանից ի՞նչ ես ներկայացնում. նման բան կա, որ ինչպես ուզենք՝ կվարվենք: Այդ տեսաձայնագրառման տրամաբանությունը թույլ է տալիս ասելու, որ Արմանի դիմումներով նշված հանգամանքները ճիշտ են եղել:
– Ըստ Արման Դալլաքյանին առաջադրված մեղադրանքի՝ նա ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել խոշոր չափի թմրանյութ: Հայրը՝ Ալբերտը Դալլաքյանն ասել էր, որ դատաքննության ընթացքում ընթերականերից մեկը ցուցմունք է տվել այն մասին, որ թմրանյութը հանել են ոչ թե Արմանի գրպանից, այլ սեղանին դրված թմրանյութը ոստիկանները ներկայացրել են որպես Արմանի գրպանից հանած…
– Ոչ թե սեղանին դրված է եղել, այլ երբ Վարդենիսում նրան բերման են ենթարկում, այնտեղ իր գրպանից դանակը հանում են ու ձեռնաշղթա հագցնում: Հարցնում են՝ զենք կա՞ մոտդ: Նա ասում է, որ փոքր դանակ կա մոտը: Գրպանից հանում են դանակը և ձեռնաշղթա հագցնում: Հետո, երբ բերում են 6-րդ բաժին, բերում են այդ դանակը, նորից դնում են նրա գրպանը, ընթերականեր են կանչում և ընթերակաների ներկայությամբ ասում են՝ գրպանիդ պարունակությունը հանի՛ր: Գրպանի պարունակությունը հանելիս այդ փաթեթն էլ է դուրս գալիս: Արմանը հայտարարում է, որ իրենը չէ:
Դատաքննության ժամանակ ընթերականերից մեկը ներկայացավ դատարան և հայտարարեց, որ ինքը ընդհանրապես ոչինչ չի տեսել, սակայն ստորագրել է, քանի որ շուրջ 4 ժամ եղել է 6-րդ բաժնում և ուզեցել է գնալ տուն, ինքը ոչինչ էլ չի տեսել: Ընդ որում՝ եթե մենք այդ փաստաթղթի բնօրինակը նայենք, տարբեր գրիչներով է կազմված արձանագրությունը և Արմանի ստորագրությունը, որովհետև Արմանը հայտարարում էր, որ հաջորդ օրն իրեն համոզեցին, ստիպեցին, որ ինքը դա ստորագրի, այդքանով բոլոր հարցերը փակվեն: Ինքն էլ ստորագրել է այլ թանաքով:
– Պարո՛ն Քոսյան, Ձեր խոսքում ապօրինությունների մասին ասացիք: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է բացատրվում ոստիկանների նման վերաբերմունքը:
– Կարծում եմ՝ անպատժելիության մթնոլորտով, որովհետև յուրաքնաչյուր հանգամանք չի վերլուծվում, և մեղավորներին պատասխանատվության չեն կանչում: Ես ասում եմ՝ միայն այդ տեսագրությունն արդեն իսկ խոսում է շատ բաների մասին: Վերջապես պետք է հաշվի առնենք, որ Արման Դալլաքյանին մեղադրող որևէ ապացույց չկա, բացառությամբ 24 ժամ առաջ վիրահատված անձի կողմից գրված ընդամենը երկու նախադասության: Չեմ կարծում, որ դա բավարար է. որևէ այլ բան, այլ ապացույց այս քրեական գործով նրա նկատմամբ ձեռք չի բերվել:
Լուսանկարը` «Փաստինֆոյի»