Մեր երկիրն ամբողջությամբ կառավարվում է դրսից

Հարցազրույց Նախախորհրդարան շարժման քարտուղարության անդամ Ժիրայր Սէֆիլյանի հետ

– Պարոն Սէֆիլյան, Ձեր վերջին հարցազրույցում կարծիք եք հայտնել, որ Եվրոպան խաբված չէ` Մաքսային միություն մտնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարության հետևանքով, և այս ամենը «թատերական խաղ է»: Կարո՞ղ եք մանրամասնել:

– Դա տարողունակ թեմա է, հավանաբար մոտ ժամանակներս վերլուծական հոդվածով դրան կանդրադառնամ:

– Լրացավ Հայաստանի Անկախության հռչակման 22-րդ տարեդարձը: Ձեր կարծիքով` որքանո՞վ է այժմ վտանգված ՀՀ անկախությունը: Կարո՞ղ ենք ասել, որ մտնելով Մաքսային միություն, հետագայում էլ` Եվրասիական միություն` Հայաստանը կնվազեցնի իր ինքնիշխանությունը և կգնա դեպի հերթական գաղութացում:

Կարդացեք նաև

– Մենք այսօր արդեն իսկ գտնվում ենք նոր գաղութատիրական իրավիճակում: Անդամակցումը Մաքսային Միությանը Եվրասիական Միությանն անդամագրվելու նախաքայլն է, և այդ վտանգի դեմ մենք ազգային ազատագրական պայքարի դրոշն ենք բարձրացրել: Վստահ եմ, որ արդյունքում մեզ հաջողվելու է ստեղծել անկախ պետություն:

– Դուք դեմ եք և՛ Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը, և՛ Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, այդպե՞ս է:

– Այո՛: Տեսանելի ապագայում Հայ ժողովրդի և հայկական պետության գերխնդիրը ցեղասպանության հետևանքների ամբողջական հաղթահարումն է, ինչը ենթադրում է Հայաստանի արտաքին անվտանգության առավելագույնս ճկուն, դինամիկ և արդյունավետ ռազմավարություն, որի առանցքը պետք է լինի հայաստանակենտրոնությունը: Մինչդեռ գոյություն ունեցող վերպետական միջազգային կազմակերպությունները, հատկապես համադաշնության սկզբունքով ձևավորվողները, որոնց դասին է պատկանում նաև դիտարկվող Եվրասիական միությունը, ինչպես նաև ռազմաքաղաքական դաշինքները, ոչ միայն նման նպատակ չեն հետապնդում, այլև համատեքստային հակասության մեջ են այս գերխնդրի հետ:

Ավելին, դրանց ներկազմակերպական կանոններն օբյեկտիվորեն կաշկանդում և էապես նվազեցնում են անդամակցող պետությունների հնարավորությունները կազմակերպության նպատակներին չհամապատասխանող խնդիրների լուծման գործում:

– Իսկ սա միայն Ձեր անձնակա՞ն դիրքորոշումն է, թե՞ նաև Նախախորհրդարանի:

– Սա Նախախորհրդարանում գերիշխող դիրքորոշում է, այն բխում է Նախախորհրդարանի կողմից որդեգրած հայաստանակենտրոնության սկզբունքից:

– Վերջերս Դաշնակցություն կուսակցության անդամ Արմեն Ռուստամյանը Մաքսային միություն մտնելու «պարտադրված» որոշումը համեմատեց այն իրավիճակի հետ, երբ 1920թ. Հայաստանի Առաջին Հանրապետության իշխանությունները, թուրքական և բոլշևիկյան հարձակման պայմաններում, ստիպված եղան համաձայնել Հայաստանի խորհրդայնացմանը` եղած տարածքը պահպանելու համար: Որքանո՞վ եք համամիտ նման, ըստ էության, ծայրահեղ ձևակերպման հետ:

– Նմանություններ և տարբերություններ, իհա՛արկե, կան, սակայն ես կարծում եմ, որ այսօրվա աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական անցուդարձը և ստեղծված իրավիճակը հիմա ավելի նպաստավոր է մեզ համար, քան հարյուր տարի առաջ էր: Այսօր մեր ինքնիշխանության պահպանման համար ավելի շատ նախադրյալներ ունենք, քան անցյալ դարում էր:

– Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ Մաքսային միություն մտնելու հարցը պետք է դրվի համաժողովրդական հանրաքվեի:

– Սկզբունքորեն, ռազմավարական նշանակության խնդիրները պիտի դրվեն հանրաքվեի, և մեր երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելուց հետո այդպես էլ լինելու է: Բայց այսօր խոսել դրա մասին` անհեթեթություն է, որովհետև մենք պետություն չունենք:

– Մոսկովյան հայտնի հայտարարությունից հետո քաղաքական գործիչներից մեկը հայտարարեց, թե Հայաստանը կարող է կառավարվել կա՛մ Վաշինգտոնից, կա՛մ Մոսկվայից, կա՛մ էլ Ազատության հրապարակից: Ձեր կարծիքով` որտեղի՞ց է իրականում կառավարվում Հայաստանը այժմ և որտեղի՞ց պե՛տք է կառավարվի:

– Երկրին տիրություն պիտի անի ժողովուրդը, եթե նա անտեր է թողնում իր երկիրը, ապա աշխարհաքաղաքական կենտրոններն են դա անում: Փաստն այն է, որ մեր երկիրն ամբողջությամբ կառավարվում է դրսից, իրենց ձեռնտու և իրենց գոհացնող որակի կառավարչի կողմից:

– Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ելքը ստեղծված իրավիճակից:

– Այս իրավիճակից դուրս գալու ծրագիրը մենք հրապարակել ենք: Ելքը ներկայիս խանի կողմից վերահսկելի քաղաքական դաշտ կոչված տարածքում չէ, այլ գործող համակարգին զուգահեռ այլընտրանքային համակարգի ձևավորման մեջ է: Ըստ այդմ` առանձնացնում ենք նախնական հինգ կարևորագույն գործընթացներ.
Համահայկական մտավոր և գաղափարական ներուժի համախմբում,
Հայաստանում նոր որակի պետության ստեղծման և զարգացման ծրագրի մշակում,
Քաղաքական սերնդափոխությամբ նոր ընտրախավի ձևավորում,
Կոլեգիալ որոշումների կայացման մշակույթի արմատավորում,
Նոր ընտրախավի «հրեշացման» կանխարգելիչ մեխանիզմների ձևավորում:

Այս խնդիրները պիտի լուծվեն նախքան համակարգափոխություն սկսելը, իսկ ուղին պիտի հնարավորինս անցնցում լինի: Արաբական գարունների շռայլությունը մենք մեզ չենք կարող թույլ տալ:

Տեսանյութեր

Լրահոս