
Մի շարք օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Եվրոպայում սպասվում է վերջին 100 տարվա ամենախիստ ձմեռը

Newsru.com-ի փոխանցմամբ՝ արևմտյան մի շարք օդերևութաբաններ եկել են այն եզրակացության, որ Եվրոպայում սպասվում է վերջին 100 տարվա ամենախիստ ձմեռը: Ընդ որում, ցրտերը պահպանվելու են մինչև ապրիլ:
Մասնավորապես, այդ մասին հայտարարել է ամերիկացի օդերևութաբան Ջո Բաստարդին, ով Եվրոպայում ցուրտ ձմեռվա գրանցումը պայմանավորել է նրանով, որ այդ ժամանակ Եվրոպան ծածկելու է վիթխարի հակացիկլոնը, ինչպես նաև գրանցվելու է արևային ցածր ակտիվություն ու Ատլանտիկայի մակերևույթին ջերմաստիճանի անկում:
Այդ ամենը հանգեցնելու է անոմալ և ձգձգվող ցրտերի, ինչպես որ գրանցվել է նախորդ դարի 20-ական թվականներին: Նրա հետ համակարծիք է գերմանացի մասնագետ Դոմինիկ Յունգը: Մասնագետները վախենում են նաև Ռուսաստանի արևելքից «կատաղի քամուց»: Սակայն ոչ բոլոր օդերևութաբաններն են համակարծիք այդպիսի մռայլ կանխատեսումների հետ:
Շվեյցարացի օդերևութաբան Յորգ Կաչելմանն այդ կանխատեսումները որակել է որպես «խաբեություն»: Ռուս օդերևութաբաններն իրենց հերթին երկրի տարածքում կանխատեսում են սովորական ձմեռ՝ ընդգծելով, որ առաջիկա ձմռանը Սիբիրում կգրանցվի ավելի տաք ջերմաստիճան՝ համեմատած նախորդ տարվա հետ: