Բաժիններ՝

Շուրջ 60 ընկերություն կմասնակցի «Երկրները` մեկ հարկի տակ» միջազգային երկրորդ փառատոնին

Շուրջ 60 ընկերություն կմասնակցի «Երկրները` մեկ հարկի տակ» միջազգային երկրորդ փառատոնին, որը կանցկացվի սեպտեմբերի 20–22–ը Երևանում, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրել է միջոցառման կազմակերպիչ, GMG Media Group ընկերության տնօրեն Մարիամ Մանուկյանը։

«Մեր փառատոնը շատ հետաքրքիր նպատակ է հետապնդում. միավորել բիզնեսն ու մշակույթը, թույլ տալ հայրենական և արտասահմանյան ապրանք արտադրողներին հանդիպել մեկ վայրում, իրենց փորձը փոխանակել և քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության հարցերը»,– ըստ ԱՌԿԱ-ի, ասել է նա։

Մանուկյանը նշել է, որ ՀՀ սփյուռքի և էկոնոմիկայի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի և Հանրապետության արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ GMG Media Group ընկերության կողմից կազմակերպված փառատոնն ընդգրկում է տարբեր ոլորտներ, այդ թվում` արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, բժշկություն և զբոսաշրջություն։

2012թ.–ի սեպտեմբերի 21–28–ը Երևանում անցկացված առաջին փառատոնին մասնակցեցին շուրջ 40 տեղական և արտասահմանյան ընկերություններ։

Այս տարի միջոցառումը կանցկացվի Հյուսիսային պողոտայում։ Այնտեղ կտեղադրվեն տաղավարներ, որտեղ 20 երկրների (որոնց թվում են Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Իրանը) ընկերություններ կներկայացնեն իրենց արտադրանքը։

Փառատոնը կուղեկցվի  միջոցառման մասնակից երկրների ազգային երգերով և պարերով։

«Բացի այդ, այցելուներին կառաջարկվեն ազգային, այդ թվում սիրիական և եգիպտական խոհանոցի ավանդական ճաշատեսակներ»,– ասել է Մանուկյանը։

Ամբողջական հրապարակումը՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս