
Կտարանջատվեն Հայաստանի համար ընդունելի և բանակցությունների ենթակա նորմերը՝ Մաքսային միությանն անդամակցելու կապակցությամբ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Մաքսային միությանն անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկին, որը ներառում է Մաքսային միությունում գործող փաստաթղթերի և ՀՀ կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի գույքագրումը, առևտրի համաշխարհային կազմակերպությունում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված` Մաքսային միության անդամակցությունից բխող խնդիրների ուսումնասիրությունը, Հայաստանի համար անմիջապես ընդունելի, ընդունման համար որոշակի ժամանակ պահանջող և բանակցման ենթակա նորմերի տարանջատումը, Մաքսային միությանը միանալու համար վավերացման ենթակա միջազգային պայմանագրերի և իրավական ակտերի թարգմանությունը և այլն:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարվել է երկօրյա ժամկետում ՀՀ վարչապետին առաջարկություններ ներկայացնել Մաքսային միությանը ՀՀ միացման գործընթացները համակարգող հանձնաժողովի և համապատասխան ոլորտային աշխատանքային խմբերի ստեղծման վերաբերյալ: