Բաժիններ՝

Քիմիայի ոլորտը Հայաստանում անապատանում է

Գիտության զարգացումն է, որ բերում է հասարակության զարգացմանը, և առանց դրա մենք պարզապես չենք կարող պատկերացնել մեր կյանքը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Մ.Մանվելյանի անվան Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Նիկոլայ Կնյազյանը` ցավով արձանագրելով, որ այսօր Հայաստանում երիտասարդները քիմիայով չեն հետաքրքրվում:

«Այն, որ այժմ «Քիմիա» մասնագիտությամբ 8-10 հոգի են ընդունվում ինստիտուտ, իսկ քիմիայի ուղղությամբ անգամ ասպիրանտուրա ընդունվողներ չկան, շատ ծիծաղելի է մի հանրապետությունում, որը ժամանակին քիմիայի երկիր էր համարվում, իսկ հոսքը այս ուղղությամբ այնքան շատ էր, որ չգիտեիր, թե ո՞ւմ ինչպե՞ս ասել, որ այլևս տեղ չունենք ընդունելու»,- ասաց Ն. Կնյազյանը: Այս ամենի պատճառը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ տվյալ ոլորտ եկող երիտասարդը գիտի՝ հետագայում աշխատանքի, աշխատավարձի և մասնագիտական հեռանկարների խնդրի առջև է կանգնելու: «Այսինքն` նրա հետագա բարեկեցության և ընտանիքի ապահովվության խնդիրն է այստեղ առկա, քանի որ այժմ հիմնականում քիմիական գործարանները չեն աշխատում, իսկ գործարարները քիմիայով շատ թռուցիկ են հետաքրքրվում»,- ասաց Ն. Կնյազյանը:

Գիտնականը նշում է, որ շատ է ցանկանում, որ և՛ հեռուստատեսությամբ, և՛ մամուլով անընդհատ խոսվի ինժեների, քիմիկոսի կամ ֆիզիկոսի մասնագիտությունների մասին, քանի որ հենց այդ մարդիկ, ովքեր գիտությամբ են զբաղվում, պետք է այս երկրի հիմնարարները լինեն, այնինչ, ըստ Ն. Կնյազյանի` այսօր մտածող և նորարարությամբ զբաղվող մարդիկ հեռու են կանգնած հասարակությունից:

«Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե միայն քաղաքական ուժերով կարելի է հասարակությունը կամ պետությունը փրկել: Ճիշտ է, ես չեմ տանում դեպի տեխնոկրատիայի կողմը, այդուամենայնիվ, պետք է հասկանալ, որ խելացի մտածող և գործող մարդիկ պետք են այս հանրապետությանը, որպեսզի ոտքի կանգնեցնենք Հայաստանի արդյունաբերությունը, որը և կնպաստի մեր երկրի զարգացմանը»,- ասաց ՀՀ ԳԱԱ  Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենը` նշելով, որ իրենք այժմ երիտասարդներին համոզում են, որ գիտության բնագավառ մտնեն, որովհետև այդ ճանապարհը թեև շատ դժվար է, բայց միևնույն ժամանակ պատվաբեր է: «Մեր բնագավառում պաշտպանած յուրաքանչյուր ասպիրանտով մենք ուրախանում ենք: Իհարկե, նոր մարդիկ ընդունվում են, սակայն նրանց քանակը բավարար չէ սերնդափոխություն կատարելու համար: Սա լուրջ խնդիր է, քանի որ քանակից բացի, նրանք նաև դեռ բավականին աճելու տեղ ունեն»,- ասաց Ն. Կնյազյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս