Դիմորդների պակասի պատճառով ԵՊՀ-ում աստղաֆիզիկայի մագիտսրատուրայի առաջին կուրս չկա
Երիտասարդ կադրերի պատրաստման առումով մենք բացթողում ունենք: Այս տարի առաջին անգամ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) Աստղաֆիզիկայի մասնագիտությամբ մագիստրատուրայի առաջին կուրս չկա, քանի որ դիմորդները քիչ էին: Այս մասին այսօր`սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը` նշելով, որ այս տարի այս մասնագիտությամբ մագիստրատուրա ցանկանում էին ընդունվել ընդամենը երկու հոգի, իսկ երկու հոգու համար մագիստրատուրա չի բացվում:
Հ. Հարությունյանի խոսքով` դիմորդներից մեկին ինքը կես դրույքով աշխատանքի է վերցրել Բյուրականում, որպեսզի վերջինս աստղագիտության մեջ լինի և այլ ուղղությամբ չգնա, բացի այդ, հնարավոր է, որ նա ավելի շատ հմտություններ ձեռք բերի հենց աշխատանքի ընթացքում:
Ըստ Հայկ Հարությունյանի` գիտության այդ ուղղությամբ շարունակողներ չլինելու հանգամանքը ամենածանր բացթողումներից մեկն է, սակայն այդ ամենը խոր արմատներ ունի՝ ուսման ավարտից հետո հնարավոր աշխատանք գտնելու և բարեկեցություն ունենալու առումով:
«Նշեմ, սակայն, որ այսօր մեր երիտասարդները շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն միջազգային ծրագրերին մասնակցելու և արտասահմանում աշխատելու առումով, քան խորհրդային տարիներին էր»,- ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:
Իսկ հարցին, թե արդյոք տրվող ֆինանսավորումը բավարա՞ր է, թե՞ ոչ, բանախոսը պատասխանեց. «Երբեք ոչ մի ֆինանսավորում չի կարող բավարար լինել, նույնիսկ արտասահմանյան աստղադիտարաններն են համարում, որ իրենց տրվող ֆինանսավորումը բավարար չէ, մինչդեռ նրանք յուրաքանչյուր աշխատողի ֆինանսավորմամբ մոտ 100 անգամ ավելի շատ են գումար ստանում: Մեկ այլ հարց է, թե այդ աշխատավարձը հանրապետությունում միջին ցուցանիշին հասնո՞ւմ է, թե՞ ոչ: Նշեմ, որ առայժմ դա չի հասնում հանրապետության միջին աշխատավարձի չափին»,- ասաց Հ. Հարությունյանը:
Բանախոսի խոսքով` գիտանականի համար շատ կարևոր է իր սոցիալական կարգավիճակը, այսինքն`եթե գիտնականը չի զգում, որը ինքը հանրապետությունում հարգված մարդ է և իր բնագավառը հարգված է, նա գտնում է մեկ ուրիշ աշխատանք, որտեղ գումար է վաստակում բարեկեցիկ ապրելու համար, կամ գնում է արտասահման և իր գիտական գործունեութունը ծավալում է դրսում: Ընդհանրապես գիտությունը, ըստ Հ. Հարությունյանի` Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում շատ բան է կորցրել ֆինանսավորման բացակայության և գիտնականների արտահոսքի պատճառով: