Բաժիններ՝

«ՀՀ դատական համակարգն Արման Մկրտումյանի անձնական գրասենյակն է». Ռուս ներդրողը չի շտապում «վեճը տանից դուրս հանել»

Ռուսաստանցի գործարար Ալեքսեյ Կորեպանովն արդեն 5 տարի Հայաստանում պայքարում է իր իրավունքների ոտնահարման դեմ: Նրա հիմնած ընկերությունը մեր երկրում շինարարության ոլորտում ներդրումներ է կատարել, սակայն, իր պնդմամբ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդին` Վիկտոր Տեր-Հովսեփյանը մոտ 5 միլիոն դոլար «քցել» է ու հափշտակել: 168.am-ի հետ զրույցում Կորեպանովը տեղեկացրեց, որ ներկայումս դատական մի քանի ատյաններ ներկայացրած հայցերը քննության ընթացքում են, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական դատարանում, 1 հայց Մոսկվայում է քննվում, որտեղ ևս 1-ը պատրաստվում է ներկայացնել:

Կորեպանովի տրամադրությունը լավ է, մարտական, բայց նրա խոսքով՝ գործերը գնում են այն սցենարով, որը նախապես գրել են ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանը, ինչի արդյունքում ոտնահարվում է ողջամտությունը, ոտնահարվում է արդարադատությունը, կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները:

«Մենք դիմել ենք տարբեր դատական ատյաններ, բայց տպավորությունն այնպիսին է, որ դատարանները Արման Մկրտումյանի անձնական գրասենյակներն են, ուր դիմում են մարդիկ, քանի որ այլ դիմելու տեղ չկա, և տեղի է ունենում դատական գործընթացների բեմականացում, չնայած, իմ տպավորությամբ, հարցերի լուծումները վաղուց հրահանգված են: Գալիս են դատավորի հագուստով, մուրճով հարվածում են, հետո որոշում են կայացնում, որոնք այնքան աբսուրդային են, որ ողջախոհությանը չեն ենթարկվում»,- ասաց Ա. Կորեպանովը:

Գործարարը չի շտապում, իր խոսքով, «վեճը տանից դուրս հանել»: Նա նշեց, որ շատերը խորհուրդ են տալիս դիմել միջազգային տարբեր ատյաններ Ռուաստանում ու Եվրոպայում, տեղեկություններ տարածել, թե ինչպես են ՀՀ-ում վերաբերվում ներդրողներին. «Այստեղ որոշակիորեն հատվում են պրագմատիզմն ու իդեալիզմը, ես շրջել եմ ամբողջ Հայաստանում, Արցախում, այստեղ հանգստանում ես հոգով, ես շատ ընկերներ եմ ձեռք բերել: Ես հավատում եմ, որ ես նրանցից մեկն եմ, որոնք այստեղ մեծ խնդիրներ ունեն, ու դրանց լուծման ժամանակը դեռ չի եկել, բայց լուծումը հենց երկրի ներսում է, ու եթե կռիվը խոհանոցից դուրս հանեմ, մեծ վնաս կհասցնեմ ՀՀ վարկին: Նույնիսկ իմ հիմնական գործընկերները դեռ չգիտեն, թե ինչ է կատարվել ինձ հետ Հայաստանում»:

Ա.Կորեպանովը հաշվարկել է, որ 2011 թ. ապրիլի 20-ից մինչ օրս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 8 խորհրդակցություն է անցկացրել դատական համակարգի ղեկավարության մասնակցությամբ ու բարձրաձայնել առկա խնդիրների՝ անարդարության, կոռուպցիայի մասին, որ մարդիկ տառապում են, դա վնասում է երկրի անվտանգությանը և այլն, ու հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակը փոխելու համար: Այսինքն, ըստ ներդրողի, Արման Մկրտումյանը և նրա շրջապատի մարդիկ հանձնարարությունները ոչ թե լավ չեն կատարում, այլ ընդհանրապես չեն կատարում և այն նպատակներն ու խնդիրները, որ Սերժ Սարգսյանը դնում է այդ համակարգի ու անձամբ Արման Մկրտումյանի առջև, պարզապես անտեսվում են: Կորեպանովի կարծիքով՝ դա պատճառներից մեկն է, որ ՀՀ-ից տարեկան հեռանում է 100-120 հազար մարդ, որոնք աշխատունակ են և ուզում են աշխատել:

«Նախագահի վզին մեծ բուրգ է նստած ու նա շրջապատված է տեղեկատվական հատուկ դաշտով, քանի որ նա անձամբ չի կարող ամեն ինչին հետևել, դրա համար, ես կարծում եմ, որ Արման Մկրտումյանը մենակ չի աշխատում, նա օգնականներ ունի: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանին շրջապատող մարդիկ նրան սահմանափակ չափաքանակի տեղեկություն են տալիս, ոչ ամբողջական և նա, հավանաբար, ամեն ինչից տեղյակ չէ»,- նշեց Կորեպանովը՝ հայտնելով, որ 2009 թ-ից 6 անգամ բաց նամակ է գրել Սերժ Սարգսյանին, առաջին նամակին հստակ ու միանշանակ արձագանք է եղել, որ Ս.Սարգսյանն անձնական հսկողության տակ է վերցնում գործը, հետո ոչ մի արձագանք չի եղել:

Միաժամանակ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ եթե այսպես շարունակվի, գործը կարող է հասնել ՄԻԵԴ. «Բայց դա ոչ ճիշտ է, ոչ էլ շահավետ թե իմ, թե ՀՀ ժողովրդի համար: Օրինակ՝ 2012 թ-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրեց 5 մլն եվրո վճարել տարբեր գործերով, բայց դատական համակարգից որևէ մեկը պատասխանատվություն կրե՞ց: Տվյալ դեպքում իմ շահերը համընկնում են տուժողների և ամբողջ հայ ժողովրդի շահերի հետ: Ինչո՞ւ դրան արձագանք չկա»:

Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք հետագայում կրկին ներդրումներ անել Հայաստանում, ռուս գործարարը պատասխանեց, որ ծրագրեր կան, բայց դրանց իրականացնումը կախված է այս գործի ելքից, քանի որ գումարը քիչ չէ՝ 5 մլն դոլար, և արդեն 9-րդ տարին է:

«Գործը շահելու մեր հնարավորությունները լավն են, բայց ժամանակն է ափսոս, որ իրերի հակառակ դասավորության դեպքում աշխատատեղեր կստեղծվեին, և´ մենք գոհ կլնեինք, և´ մարդկանց համար լավ կլիներ»,- նկատեց Կորեպանովը:

Ա.Կորեպանովը «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն գրանցել է 2005 թ-ին: Ընկերության համահիմնադիրն է Սուրեն Օսիպյանի կինը` Լյուբով Փիլոյանը: Ըստ Սերժ Սարգսյանին հղած նամակներից մեկի՝ Կորեպանովը համաձայնել է Փիլոյանին փայատեր դարձնել, որովհետև նրա որդու՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանի հետ ընկերական հարաբերություններ է ունեցել և վերջինս էր խնդրել այդ մասին: Վիկտոր Տեր-Հովսեփյանին ևս առանձին պայմանագրերով հնարավորություն է տրվել մտնել ծրագրի մեջ և հետագայում կառույցն ավարտելուց հետո որոշ ակնկալիքներ ունենալ:

Ընկերությունը Երևանում, Կասկադի մոտակայքում, պետք է կառուցեր առևտրա-բնակարանային համալիր: Ծրագիրն իրականացնելու համար Կասկադում բնակվող առանձին անհատ քաղաքացիներից ձեռք է բերվել նրանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերը, որի համար ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4 մլն ԱՄՆ դոլար: Ընդ որում, ըստ նամակի, ներդրումները կատարվել են բացառապես մեր` Դմիտրի Աֆոնինի, Ալեքսեյ Կորեպանովի և Դմիտրի Կոտովի կողմից:

Օսիպյանի կապերի շնորհիվ՝ փորձել են ռուս գործարարին պարտադրել հաշտության համաձայնության քողի տակ Օսիպյանների ընտանիքին վճարել 1.5 մլն ԱՄՆ դոլար այն պայմաններում, երբ նշված ընտանիքը մեկ ցենտ անգամ չի ներդրել ընկերությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս