Ստիպված մտնել Մաքսային Միություն, ինչպես 1920 թվականին մտանք Խորհրդային միություն

«Այդ նշանակումը բացարձակապես չի կաշկանդելու Դաշնակցությանը` իր քաղաքականության մեջ»,- այսօրվա ասուլիսում  ասաց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի (ԳՄ) ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին` Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու հնարավորությունը:

«Եթե Վահան Հովհաննիսյանի հարցնեն` ո՞նց եք պատկերացնում, նա նույն է ասելու, ինչ որ այնտեղ գրված է (7 կետանոց պլատֆորմում ,- Ա.Ս.): Եթե արտգործնախարարությունը կգտնի, որ սա անհամատեղելի է իրենց մոտեցումների հետ (օրինակ` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կամ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ,-Ա.Ս.), այդ ժամանակ Վահան Հովհաննիսյանը դա չի հանդուրժի և, վստահ եմ, որևէ կաշկանդում չի ունենա: Մենք էլ նույնը»,- բացատրեց Արմեն Ռուստամյանը: Այս համատեքստում նրանից հետաքրքրվեցին` Դաշնակցությունը պահանջելո՞ւ է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, ինչպես 2008-2009 թթ.` հայ-թուրքական գործընթացի ժամանակ:

«Արտգործնախարարն արդեն ինքն է փոխել իր մոտեցումները: Հարգելիներս, ամսի 3-ից հետո Հայաստանում բոլորովին այլ վիճակ է, եթե չենք ուզում դա խոստովանել` այդ թվում նաև արտգործնախարարը, իր խնդիրն է, բայց բոլորը գիտեն, որ ամսի 3-ից բոլորովին նոր վիճակ է առաջացել»,- խուսափոխական պատասխան տվեց դաշնակցականը:

«Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը փոխվել է…Մենք գնում ենք դեպի Եվրասիական միություն: Եվրասիական միությունը ձևավորում է աշխարհաքաղաքական բևեռ, որի առանցքում Ռուսաստանը և Չինաստանն են: Սա է խնդիրը, Հայաստանն այս գործընթացի մեջ է մտել… Այդ նույն հարցի հետ կապված ես շատ հստակ ասել եմ` այն հայ-թուրքական հարաբերությունների այն տրամաբանությունը, որը մինչև հիմա զարգացնում էր մեր արտաքին քաղաքականությունը, ձեռնտու չէ Ռուսաստանին. եթե այդ հարաբերությունները զարգանան, հասնեն այն նպատակին, ինչպես նախատեսված էր, Ռուսաստանն այստեղ այլևս անելիք չի ունենա, դա պարզից էլ պարզ է…Ես այդ հարցն իրեն` արտգործնախարարին էլ եմ ուղղել, եթե փորձում է ներկայացնել, որ սա միայն անդամակցություն է Մաքսային միությանը, միայն տնտեսական համագործակցություն է… սուտ է, այդպես չէ: Ասել եմ ավելին ` արտգործնախարարի և ՀՀ նախագահի հայտարարություններն իրար չեն բռնում. այո´, արտգործնախարարը խոսում է Մաքսային միության մասին` Եվրասիական միությունը թողնելով հեռվում, Եվրազես է անվանում: Նախ` Եվրազեսն այլ բան է, Եվրասիական միությունը չէ…Մենք խոսել ենք Եվրասիական միության մասին, դրա մասին խոսել է նախագահը` Մոսկայում: Արտաքին գործերի նախարարն անգամ այդ տարողունակությամբ չի մոտենում հարցին: Եթե խնդիրը ձևակերպի այնպես, ինչպես ես եմ ասում, շատ պարզ կդառնա, որ, իսկապես, Հայաստանն այսօր այլընտրանք չուներ: Եթե չունենք այլընտրանք, պիտի ամրապնդենք այն, ինչ ունենք»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Կարդացեք նաև

«Մեր խնդիրը այսօր լինելիության հարցը լուծելն է, այս փուլը հաղթահարելն է, 18-20 թվականներին նման վիճակ է եղել, ադրբեջանցիները շատ արագ մտան բոլշևիկների հետ համագործակցության, հազիվ կարողացանք Զանգեզուրը պահել, Զանգեզուրով մենք միացանք, մտանք Խորհրդային Միության մեջ։ Այն ժամանակ դաշնակցական կառավարությունն էլ, իրավիճակից ելնելով, զիջեց իշխանությունը բոլշևիկներին։ Եթե այդպես մտածեինք՝ ի՞նչ բոլշևիկյան Ռուսաստան, ավելի բա՞րձր արժեքներ էին այնտեղ, որ մտանք Խորհրդային Միության կազմի մեջ։ Ո՛չ։ Նույնն էլ հիմա է։ Մեր խնդիրը 42 հազար քառակուսի կիլոմետրը մեր սերունդին կտակելն է»,- ասաց Ռուստամյանը։

Մենք փորձեցինք հստակեցնել, թե ո՞րն է Դաշնակցության և արտգործնախարար Նալբանդյանի տարաձայնությունը, այսինքն` Դաշնակցությունը, ի տարբերություն Էդվարդ Նալբանդյանի, համաձայն չէ՞ Եվրոպական միության հետ հետագա հնարավոր համագործակցությանը:

«Տարաձայնությունն այն է, որ այդ հարցն ընկալումով չի ներկայացվում, չի ասվում, որ սա քաղաքական որոշում է` քաղաքական մարմնի մաս կազմելու վերաբերյալ»,- ի պատասխան ասաց Արմեն Ռուստամյանը:

Այդուհանդերձ պե՞տք է շարունակել Եվրամիության ուղղությամբ քաղաքականությունը, թե՞ ոչ: Մեր այս ճշտմանն էլ Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց, թե Եվրամիության հետ կապված նույնպես ամեն ինչ պարզ է, և Եվրամիությունն ինքը հնարավորություն կգտնի Հայաստանի հետ համագործակցելու համար:

«Եվրամիությունը հաշվի է նստելու կատարված փաստի հետ, և նա ունի տարբեր ձևեր: Ասոցացման ձևով չի անի, որովհետև ասոցացումը, բնականաբար, ընդհուպ մոտ է լիարժեք անդամի կարգավիճակին, բայց նա ունի տարբեր կարգավիճակներ: Հնարում են բաներ, օրինակ` «հանուն ժողովրդավարության գործընկեր» կարգավիճակ են ստեղծում…Այսինքն` Եվրոպան կարող է գտնել ձևաչափեր և առաջարկել քեզ համապատասխան կարգավիճակով համագործակցության ձևաչափ: Վստահ եմ` դա կլինի: Կարող է` մերոնք դա ներկայացնեն, թե տեսաք, որ ասում էինք` «և´-և´»-ը հնարավոր է: Դա չէ, դա չի լինելու, դա պետք է մոռանանք»,- նշեց Ռուստամյանը:

«Այսինքն` մոռանանք և համակերպվե՞նք»,- հարցրինք մենք:

«Ի՞նչ պիտի անեք, ասում եմ, մի համակերպվեք, չունեք ռազմական անվտանգություն, չունեք էներգետիկ անվտանգություն»,- պատասխանեց դաշնակցական Արմեն Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոսկովյան համատեղ հայտարարությունից  մի քանի օր անց ՀՀ արտգործնախարար Է.Նալբանդյանը Ազգային ժողովում բացատրություն տվեց հարցի վերաբերյալ` լրագրողների հետ ճեպազրույցում  նշելով, թե հնարավոր է համարում Եվրամիության հետ Հայաստանի հետագա համագործակցությունը` չնայած Մաքսային միությանը միանալու պաշտոնական Երևանի մտադրությանը:

Տեսանյութեր

Լրահոս