«Պետք է կասեցնել այս արյունահոսությունը». ՀՅԴ-ն նոր ծրագիր է առաջարկում
«Այս ասուլիսով մենք ուզում ենք սկիզբ դնել մի գործընթացի, որն անվանել ենք «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագիր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի (ԳՄ) ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Ծրագրի հիմնական նպատակը, ինչպես ներկայացրեց դաշնակցականը, Հայաստանից բնակչության արտագաղթի կասեցումն է: Իսկ արտագաղթը, Արմեն Ռուստամյանի խոսքերով, այսօր երկրի գլխավոր հիմնահարցն է: «Պետք է կասեցնել այս արյունահոսությունը. մեր պատկերացմամբ` արտագաղթը օրգանիզմի արյունահոսություն է»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Վերջինս մեկ այլ դաշնակցական` ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի հետ միասին շեշտեցին, որ ենք «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագիրը, որը բաղկացած է 11 կետերից, հիմնված է նախորդ տարվա դեկտեմբերին` նախընտրական շրջանում, Դաշնակցության ներկայացրած 7 կետանոց պլատֆորմի վրա, և սկզբունքային որևէ նորություն չկա: Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ կուսակցությունը մի քանի ամիս աշխատել է այս ծրագրի վրա, և եղել են մասնագիտական քննարկումներ, որոնք շարունակվելու ենք առաջիկայում: Դաշնակցությունը նշված ծրագիրը դիտարկում է որպես տեղատոմս` «գլխավոր չարիքից` իշխող կուսակցության և պետության նույնացումից և դրանից բխող բոլոր բացասական երևույթներից օրե առաջ ազատվելու համար»: Դաշնակցությունը, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այժմ մտադիր է այս կետերի շուրջ համախմբել հասարակությանը և այս ծրագրի իրականացմամբ է պատկերացնում իշխանափոխությունը:
«Մեր պատկերացմամբ` հարցի ամբողջական լուծումը կլինի, երբ իրականացվի ամբողջական իշխանափոխություն` այդ 7 կետերի տրամաբանությամբ շարժվելով, բայց մինչ այդ պետք է կանգնեցնել արյունահոսությունը…»,- նշեց Արմեն Ռուստամյանը:
Ստորև ներկայացնում ենք ՀՅԴ-ի առաջարկած նոր ծրագիրը.
«ՄԵՆՔ ԱՊՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ
Հայաստանի առջև ծառացած խոշորագույն մարտահրավերը ազգային անվտանգության սպառնալիքի վերաճած արտագաղթն է։
Վերլուծությունները փաստում են, որ երկրից հեռանալ ցանկացողների թիվը չափազանց մեծ է։ Արտագաղթի հիմնական պատճառներն են աշխատանք և բավարար ապրուստ չունենալը, արդարության նկատմամբ հավատի բացակայությունն ու հեռանկար չտեսնելը։
Երկրում ստեղծվել է մի վիճակ, երբ, չկարողանալով ինքնադրսևորվել, շատերը իրենց և սերունղների ապագայի անորոշությունից դրդված, լքում են հայրենիքը։
Երկրի բազմաբնույթ խնդիրների ամբողջական և համապարփակ լուծումների հիմքը ազգային մտածողություն ունեցող, բարոյական չափանիշներով ապրող նոր որակի քաղաքական վերնախավի (էլիտայի) ձևավորումն է։ Վստահ ենք` արմատական բարեփոխումներ նախատեսող յոթ առաջնահերթ գործողությունների ՀՅԴ պլատֆորմի իրագործումը կստեղծի այդպիսի վիճակ։
Բայց այն նախ պետք է ընկալելի դառնա քաղաքական իշխանության, ընդդիմության և հասարակության բոլոր շերտերի կողմից։ Հետևաբար օր առաջ պետք է նպատակային քաղաքականությամբ, հասարակական ամենալայն շրջանակների համախմբմամբ հասնել իշխանությունների որակական փոփոխության, երկրում ձևավորել քաղաքացու կյանքի, ազատության և սեփականության անձեռնամխելի իրավունքների Երաշխավորման համակարգ։ Այդ դեպքում հեռանալու որոշումը մարդիկ կփոխեն երկրում արժանապատիվ ապրելու որոշման։
Առ այդ առաջնահերթ է.
1. Տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը։ Վարել անձի չվարկաբեկվածության, անհրաժեշտ ունակության ու փորձառության վրա հիմնված կադրային քաղաքականություն։ Պաշտոնատար անձը պետք է գործի թափանցիկ և հաշվետու լինի հանրությանը։ Քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդներին քաղաքական ու կառավարման համակարգում ինքնադրսևորման լայն հնարավորություն պետք է տալ։
2. Ստեղծել նոր աշխատատեղեր և արդարացի վարձատրության համակարգ։
3. Հարկային և մաքսային քաղաքականությունը դարձնել կանխատեսելի, ներդրումները խրախուսող: Վերանայել տուրքի, տուգանքի, պարտադիր այլ վճարի անվան տակ հոգուտ մասնավորի դրամ կորզելու գործելաոճը (կարմիր գծեր, չափագրող սարքեր և այլն)։
4. Սոցիալականից անցնել արդյունաբերական գյուղատնտեսության։
5. Կրթությունը դարձնել որակյալ և մատչելի, ապակուսակցականացնել կրթական համակարգի ղեկավարումը։
6. Ապահովել յուրաքանչյուր քաղաքացու՝ նվազագույնից ոչ ցածր եկամուտ և բնակտարածք ունենալու իրավունքի իրացումը։
7. Ներդնել առողջության պարտադիր ապահովագրության համակարգ՝ սկսելով ազատամարտիկներից և նրանց ընտանիքներից։
8. Վերացնել անպատժելիությունը, իրականացնել արդարադատության հաստատման օրենսդրակիրառական վերափոխումներ։ Բացառել գերակա հանրային շահի և այլ հիմնավորումներով սեփականության իրավունքից գրվելը։
9. Բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը, իրականացնել վերաբնակեցում։
10. Դիմագրավել հակահայաստանյան քարոզչությանը, ձևավորել Հայաստանում արժանապատիվ ապրելու համոզում ու ազատ քաղաքացու կերպար։ Քաղաքական իշխանության և նրա ծրագրերի քննադատությունը չպետք է դիտվի որպես երկրի քննադատություն, իսկ իշխանություններին և նրանց ծրագրերը քննադատողները չպետք է այն վերածեն երկրի քննադատության։
«Մենք ապրելու ենք մեր երկրռւմ» ծրագրի նշված ուղղությունները ներառում են կոնկրետ քայլեր։
Ծրագրի գործադրման մեջ պատասխանատվություն պետք է ստանձնի քաղաքական իշխանությունը, անելիքներ ունեն ընդդիմությունը, զանգվածային լրատվության միջոցները, քաղաքացիական հասարակությունը. հասարակական-քադաքական հատվածը, եկեղեցին, սփյուռքի ազդեցիկ շրջանակները, մտավորականությանը և հատկապես երիտասարդությանը։
Ծրագրի արդյունավետ գործադրման երաշխիքը հասարակության լայն համախոհությունը, պահանջների բյուրեղացումն ու կազմակերպվածությունն է, ինչն ապահովելու նպատակով նշված բոլոր հասցեատերերի հետ կարճ ժամանակահատվածում իրականացվելու են ծրագրային գործողությունների և դրանց ճանապարհային քարտեզի քննարկումներ։
Լայն համաձայնությամբ ձևավորված ամբողջական ծրագրի գործադրմանը խոչընդոտող ցանկացած արգելք համախմբված հասարակության կողմից պետք է գնահատվի որպես անկախ պետականության սպառնալիք և վերացվի սահմանադրությամբ չարգելված գործողություններով։
Պահի լրջությունը պահանջում է մեկտեղել բոլորիս ուժերը, ցուցաբերել կամք և վճռականություն, ձեռնարկել գործողություններ՝ վերականգնելու ապագայի նկատմամբ հավատը, նվազեցնելու արտագաղթի տեմպերը, հիմքեր ստեղծելու ներգաղթի կազմակերպման և պետականության հզորացման համար։
Համոզված ենք ծրագրի կատարումը ներազգային համերաշխության և միասնականության ապահովման հիմքն է։