Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար սահմանը սկզբունքային չէ
Ինչպե՞ս կանդրադառնա Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի վրա: Այս մասին 168.am-ը փորձել է պարզել ոլորտի ներկայացուցիչներից:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով` Մաքսային միությանն անդամակցելը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, մասնավորապես` ծրագրավորման վրա հիմնականում ազդեցություն, որպես այդպիսին, չի ունենա, սակայն այդ ամենը կարող է դրական ազդեցություն ունենալ ճարտարագիտության վրա:
«Իրականում, եթե սահմանները բացվեն և արտահանումը հեշտանա, դա կարող է ոլորտին բավականաչափ օգնել: Օրինակ՝ եթե սարքեր արտադրվեն Հայաստանում և արտահանվեն դուրս: Սակայն ընդհանուր առմամբ ՏՏ ոլորտի համար «սահման» գաղափարը գոյություն չունի և սահման հասկացությունը սկզբունքային չէ»,- ասաց Բ. Ենգիբարյանը`նշելով, որ դա զուտ ծրագրային փաթեթներին և ծրագրավորման ոլորտին է վերաբերում: «Այդ ամենն ինտերնետով գալիս է և ինտերնետով գնում, իսկ եթե սարք եք պատրաստել, որն առանց լրացուցիչ մաքսային բեռի և ժամանակին կարողանում եք տեղ հասցնել, ապա, իհարկե, դուք շահում եք»,- ասաց Բ. Ենգիբարյանը: Նրա խոսքով`Հայաստանում գործող ՏՏ ոլորտի ծրագրավորման ընկերությունները հիմնականում ԱՄՆ-ի հետ են համագործակցում, իսկ ինժեներական ոլորտը, որի հիմնական շուկան Ռուսաստանն է և Ասիան՝ ընդհանրապես, դեռ նոր են սկսում զարգացնել:
«ՏՏ ոլորտի համար ամենամեծ շուկան Միացյալ Նահանգներն է, որտեղ սահմանը խնդիր չէ, իսկ ճարտարագիտությունը նոր ենք սկսում զարգացնել, որտեղ, իհարկե, Ռուսաստանը կարող է հետաքրքիր լինել, որովհետև Ռուսաստանը բավականին մեծ շուկա է»,- ասաց Բ. Ենգիբարյանը` նշելով, որ որքան ինքը տեղյակ է՝ հիմա էլ դեպի Եվրոպա չեն կարողանում ճարտարագիտական ապրանքների լուրջ արտահանում իրականացնել, որովհետև այնտեղ մրցակցությունը դաժան է:
«Պատկերացնո՞ւմ եք՝ գերմանացիների հետ հայերը մրցեն ինչ-որ սարքերով: Այնտեղ դա շատ բարդ է, իսկ Ռուսաստանի հետ այս մասով (խոսքը սարքերի մասին է,-Լ.Մ.) դու կարող ես վաճառել քո ստեղծածը»,- ասաց Բ. Ենգիբարյանը:
Ինչ վերաբերում է սարքերի ներմուծմանը, ապա մեր զրուցակիցն ասաց. «Ներմուծման մասով՝ չգիտեմ ինչպես կլինի: Պետք է նայել, թե Հայաստանը որտեղի՞ց է ավելի շատ սարքեր բերում: Դա պետք է շատ ուշադիր նայել, որովհետև սարքեր ներկրում են ոչ միայն տեխնոլոգիական զարգացման համար, այլև տարբեր կազմակերպություններ դրանք բերում են իրենց հնարավորությունների մեծացման և այլ նպատակներով: Այսինքն` կարող են գյուղատնտեսության մեջ կիրառելու համար էլ սարքեր բերել»,- ասաց Բ. Ենգիբարյանը:
«Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանի խոսքով՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի խափանումից ՏՏ ոլորտին վնաս չի լինի, սակայն օգուտ էլ չի լինի:
«Օրինակ՝ մենք վերջերս մեր մասնագետներին Եվրոպա, մասնավորապես` Գերմանիա ուղարկելու հետ կապված դժվարություններ ունեինք, նրանք պետք է աշխատեին այդ պատվիրատուների համար հենց այնտեղ` Գերմանիայում, մինդեռ այնտեղ մնալու ժամկետների խնդիր կար: Այսինքն` հայաստանյան ինչ-որ ընկերություն չի կարող իր աշխատակցին գործուղման ուղարկել 1 կամ 2 տարով, որը կգնա և Գերմանիայում ինչ-որ աշխատանք կկատարի ու հետ կվերադառնա»,- ասաց Ա. Պողոսյանը` նշելով, որ իրենք հուսով էին, որ նման դժվարությունները կլուծվեին, սակայն այժմ այդ հույսը փոքր-ինչ նվազում է:
Ըստ Ա. Պողոսյանի`կան խնդիրներ, որոնք լուծված չեն, և, իհարկե, լավ կլիներ, որ դրանք լուծվեին, սակայն ներկայիս հնարավոր գործընթացները (Մաքսային միությանը ՀՀ անդամակցությունը,-Լ.Մ.) չի վատթարացնի արդեն առկա վիճակը: «Այսինքն` ավելի վատ չի կարող լինել, ուղղակի ավելի լավ հնարավորություններ կարող էին ստեղծվել, որոնք, փաստորեն, չեն ստեղծվի»,- ասաց Ա. Պողոսյանը` նշելով, որ Եվրամիության ասոցացման համաձայնագրի կնքումը ոլորտին, իհարկե, օգուտ կտար, իսկ այժմ քանի որ Մաքսային միության մասին շատ տեղեկություններ չունի, դժվարանում է ասել, թե ինչ արտոնություններ կստանա ՏՏ ոլորտը Ռուսաստանի, Ղազախստանի կամ Բելառուսի՝ Մաքսային միությանը անդամակցող երկրների հետ համագործակցության ժամանակ:
Ա. Պողոսյանը նշում է, որ իր ղեկավարած ընկերության շուկաների 96%-ը Գերմանիան և ԱՄՆ-ն են: «Ռուսական շուկայում մենք դեռևս պատվիրատու չունենք, միկրոէլեկտրոնիկայի ոլորտում երևի բնական է, որ չենք ունենա. այնտեղ այդքան էլ զարգացած չէ այդ ամենը, նույնը վերաբերում է նաև Ղազախստանին`միկրոէլեկտրոնային սարքավորումների արտադրություն այնտեղ էլ չկա և ոչ էլ ավտոմատացման գործիքներ ստեղծողներ կան, այդ իսկ պատճառով՝ մեր շուկան Եվրոպան և ԱՄՆ-ն են, որտեղ մենք մեծ ձեռքբերումներ ունենք»,- ասաց Ա. Պողոսյանը`նշելով, սակայն, որ ռուսական և ղազախական շուկան իրենց ընկերության այլ արտադրանքների համար կարող է հետաքրքիր լինել, քանի որ իրենք նաև կրթական, վերապատրաստման և մասնագետների որակի բարձրացման տարբեր փաթեթներ, ինչպես նաև դպրոցական ծրագրեր են առաջարկում ինֆորմատիկայի հետ կապված:
«Ռուսական և ղազախական շուկան կարող է հետաքրքիր լինել նաև անօդաչու սարքերի համար, որի ուղղությամբ մենք շուտով կսկսենք աշխատել: Այնպես որ, եթե այնտեղ պայմաններ և արտոնություններ լինեն՝ դա նույնպես գրավիչ կարող է լինել: Դժվար է գնահատելը, թե ո՞ր ուղղությամբ շարժվելն է ավելի լավ, սակայն, ներկա պահին, իհարկե, մեր գործունեության համար ավելի գրավիչ է եվրոպական ուղղությունը, թեև պրոդուկտներ ունենք, որոնք պետք է ստեղծենք կամ ստեղծում ենք, որոնք կարող են հետաքրքիր լինել նաև ռուսական և ղազախական շուկաներին»,- ասաց Ա.Պողոսյանը: Նրա խոսքով` տեխնոլոգիական արտադրանքներն արտահանելն այդքան բարդ չէ: Ըստ մեր զրուկցակցի`հայաստանյան տեխնոլոլոգիական ոլորտը մեծ մասամբ ծրագրային ապահովմամբ է զբաղվում, վաճառում է դրանք կամ ծառայություններ է մատուցում: Իրենց դեպքում ևս այդպես է:
«Չեմ կարծում, որ Մաքսային միությանը անդամակցելը կարող է հետընթաց լինել, ուղղակի որոշ բաներ կարող էր հեշտանալ մեզ համար, օրինակ` Հայաստանի մասնագետները կկարողանային գնալ երկարաժամկետ գործուղումների և աշխատել այնտեղ` կոնկրետ ծառայություններ մատուցել հենց տեղում` եվրոպական երկրներին: Այսինքն` ոլորտի ծավալը կարող էր ավելի մեծանալ, իսկ համագործակցությունը կարող էր ավելի աճել…»,- ասաց Ա. Պողոսյանը:
Ինչ վերաբերում է դրսից տեխնիկայի ներմուծման վրա այս ամենի ազդեցությանը՝ Ա. Պողոսյանն ասաց.
«Ներմուծման հետ կապված կարևորում եմ հետևյալը. Մաքսային վարչարարությունը և օրենքները միգուցե լավն են, բայց փաստը մնում է փաստ, որ շատ դժվար է ապրանք ներկրելը, լինի դա ԱՄՆ-ից, թե Եվրոպայից՝ որտեղից ուզում ես: Կարևոր չէ՝ դու Եվրամիության ասոցացված անդամ ես, թե Մաքսային միության անդամ ես, եթե ապրանքը գալիս-հասնում է ու դու չես կարողանում օրերով այդ ապրանքը ստանալ Մաքսային կոմիտեից կամ այդ կարգով տերմինալներից, դա ուղղակի պրոցեդուրային սխալ է, դժվարություններ են, և այստեղ արդեն կապ չունի դուք ասոցացված անդա՞մ եք, թե ՞ Մաքսային միության անդամ եք»,- ասաց Ա. Պողոսյանը:
Հ.Գ. Մենք հարցումներ կատարեցինք նաև ՏՏ ոլորտի մի շարք այլ ընկերությունների ներկայացուցիչների շրջանում, որոնք Մաքսային միությանը անդամակցելու պայմանների վերաբերյալ հիմնականում տեղեկացված չէին: Մեր զրուցակիցները հիմնականում նշում էին, որ զբաղվում են ծրագրային ապահովմամբ, որի համար մաքսային սահմանները էական նշանակություն չունեն, քանի որ աշխատում են ինտերնետում, իսկ այդտեղ, բնականաբար, սահմաններ և սահմանափակումներ չկան: