«3-րդ երեխայիս ծնունդից հետո զգացինք, որ հոգեկանը խանգարվել է»
Երեք մանկահասակ երեխաներն ապրում են անլույս պայմաններում
7-ամյա Լուիզան այս տարի առաջին անգամ գնաց դպրոց, որտեղ հավանաբար իրեն անհամեմատ ավելի լավ է զգում, քան իրենց անլույս տնակում: Անլույս տնակը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի անմարդաբնակ տարածքում՝ Ֆանարջյան 76 հասցեում, որտեղ ինձ հասցրած` մաքրությունից փայլող սպիտակ տաքսին հեռանում է փոշու շերտից անգույն դարձած: Էլեկտրականությունից զուրկ տնակի բնակիչ դպրոցական Լուիզան ամեն օր դպրոց է հաճախում մաքուր, կոկիկ, հարևանուհու տանն արդուկած համազգեստով, ու դպրոցում հաստատ չգիտեն այս երեխայի պատմությունը: Ու դպրոցում հաստատ չգիտեն, որ Լուիզայի պատմությունն այնքան ցավոտ է, որ մեկ ժամ իր էլեկտրականությունից զուրկ տանը լինելով միակ բանը, որ ուզում ես՝ բռնել Լուիզայի ու նրա երկու քույրերի ձեռքից ու փախչել մի տեղ, որտեղ մանկահասակ երեխաների ներկայությամբ չեն ասում, որ իրենց մայրը հիվանդ է, անաշխատունակ է:
Վանիկն ու Տաթևիկը չափազանց լավ մարդիկ են և գուցե կարողանան «ոտքի կանգնել», հաղթահարել դժբախտությունը մեր օգնությամբ:
3-ամյա Զառայի ծննդաբերությունից հետո Տաթևիկի մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ են առաջացել: Մասնագիտությամբ լինելով տնտեսագետ՝ մինչ այդ Տաթևիկն աշխատել է և սիրված է եղել բոլորի կողմից: Ասում է՝ «Ես անարդար եմ համարում հոգեբուժարանում հայտնվելու իմ դեպքը, որովհետև այն միջավայրում, որտեղ ես էի՝ մարդիկ գիտակցության հետ կապված խնդիրներ ունեին: Ես չգիտեմ ինչո՞ւ ինձ այնտեղ տարան, բայց ես սիրում եմ ամուսնուս, երեխաներիս և ընդունակ չեմ նրանց ցավ պատճառել»:
Վանիկը շատ բարի ու համբերատար մարդ է, ով սրտացավությամբ լսում է կնոջն ու հաստատ հոգում, ինչ-որ մի թաքուն տեղ լաց է լինում: Ասում է՝ «Երրորդ երեխայիս ծնունդից հետո զգացինք, որ ինչ-որ բան այն չէ: Խելագարություն էր, բայց բուժման կուրսից հետո, դեղորայքի շնորհիվ հիմա լավ է: Ինքը լավ կին է, ես սիրում եմ իրեն ու ինչ էլ լինի չեմ թողնի մենակ: Նա երեխաներիս համար լավ մայր է ու ու եթե ինչ-որ բաներ էլ արել է՝ այդ հիվանդության արդյունքն է»:
Տաթևիկի և Վանիկի հարևանները դիմել են մեզ՝ խնդրելով այցելել այս ընտանիքին և ականատես լինել, թե ինչ պայմաններում են մեծանում երեք մանկահասակ երեխաները: Պայմանները նկարագրելու ենթակա չեն, իսկ անլույս մեծացող երեխաների աչքերի խեղճությանը երկար նայել չի կարողանում անգամ հայրը՝ Վանիկը, ով անընդհատ իրեն դուրս է գցում ծխելու: Վանիկի մի ոտքը դուրսն է, մյուսը՝ տանը, որովհետև երեխաներին և՛ հայրություն է անում, և՛ մայրություն: Տաքսի վարելով օրական միայն հացի գումար է վաստակում, իսկ օրվա մի մասն էլ տրամադրում է երեխաների խնամքին: Վանիկն արժանապատիվ մարդ է և չի ցանկանում խոսել դժվարություններից, միայն խնդրում է՝ էլեկտրականության լարերը մինչև իրենց տնակ հասցնելու հարցում օգնել, որովհետև երեխաների հոգեբանությունը խաթարվում է: Մեկ էլ՝ վախենում է կնոջ համար, քանի որ իրենց պայմանները նման հիվանդություն ունեցող մարդու համար նպաստավոր պայման է կրկին հոգեբուժարանում հայտնվելու համար:
Մեր այցելության ժամանակ ներկա էին նաև Վանիկի և Տաթևիկի մայրերը, որոնցից ամեն մեկն իր երեխային պաշտպանելու համար նվաստացնում է մյուսին: Վանիկի մայրն ամեն խոսքի հետ շեշտում է, որ ամուսինները զագսավորված չեն, և Վանիկը պարտավոր չէ հիվանդ կնոջը խնամել. «Ինքը ժառանգական հիվանդություն ա ունեցել, մեզ խաբել են, հասկանո՞ւմ եք: Եթե ես իմանայի, որ տենց բան կար՝ հարս չէի բերի ու իմ տղային դժբախտացնի: Սա ոչ մի բանի ընդունակ չի, իրա երեխաների համար մայրություն չի կարա անի, ոչ էլ իմ տղայի համար կին ա»:
Վանիկի մայրը ահավոր խոսքեր է շպրտում Տաթևիկի հասցեին՝ Տաթևիկի ներկայությամբ, ով սառած հայացքով նայելով մի կետի, այնուամենայնիվ չի արձագանքում: Մայրը սկսում է սկեսրոջ հետ վեճի բռնվել՝ ասելով, որ՝ «Քո հետ ապրողը ոնց կարար չգժվեր: Էդքան տարի քար էր, որ դիմացավ: Իմ աղջիկը դաստիարակված, կիրթ մարդ ա եղել, որին բոլորը սիրել, հարգել են: Թող գոնե հիմա հանգիստ ապրեն, մի դժբախտացրու ավելի»:
Երկու մայրերն իրար մեղադրում են խաբված լինելու մեջ, երկուսն էլ Տաթևիկի հիվանդության մեջ մեղադրում են միմյանց, ու ամուսիններն առանց «ծպտուն» հանելու լուռ լսում են: Երեք երեխաները շփոթված աչքերով հետևում են երկու տատիկների բղավոցներին, լսում են իրենց մոր հասցեին հնչող ստորացնող արտահայտությունները, ու Լուիզան հաստատ վաղը դպրոց գնալով հիշելու է, որ ի տարբերություն համադասարանցիների մայրերի՝ իր մայրը «գիժ» է, անպիտան ու անաշխատունակ ու իր մայրը չի կարող իրենց մայրություն անել:
Վանիկի մայրը Տաթևիկի մորից պահանջում է՝ «Ձեր աղջկան տարեք պահեք»: Տաթևիկի մայրն էլ բղավելով հակադարձում է՝ «Թող հանգիստ, իմ աղջիկն ընտանիքի հետ նորմալ ապրի»:
Երկու մայրերն ամեն խոսք շպրտելով ակնկալում են, որ իրենց զավակները հաստատեն ու պաշտպանեն իրենց մեղադրանքները, բայց Վանիկը չարությամբ նայում է մորը, իսկ Տաթևիկն էլ փորձում է իր մոր «բերանը փակել»: «Ես չեմ հրաժարվի կնոջիցս, ինչ ուզում է լինի»,- ասում է Վանիկը, ում խոսքերն այլևս չհանդուրժելով հեռանում է մայրը: Հեռանում է նաև Տաթևիկի մայրը՝ դեղորայքի ազդեցության շնորհիվ հանդարտ ապրող աղջկան կրկին նույն վիճակում հայտնաբերելու վախից բառիս բուն իմաստով իրեն կորցրած վիճակում:
Վիճաբանության աղմուկից իրենց դուրս գցած երեխաները կրկին մուտք են գործում իրենց տնակ, մոտենում են ծնողներին ու համբուրելով նրանց ծնկները, անշարժանում են նրանց գրկում: Տաթևիկն ու Վանիկն ուզում են իրենց երեխաներին պաշտպանել: Տատիկները նույնպես ուզում են իրենց երեխաներին պաշտպանել: Միայն թե նման պաշտպանությունը խեղաթյուրում, խելագարության է հասցնում նաև այս մանկահասակ երեխաներին, ովքեր այս դարում քիչ է ապրում են անլույս ու անհաց, դեռ մի բան էլ՝ ականատես են լինում անհավանական տեսարանների:
Ես չգիտեմ՝ ինչո՞վ են զբաղված վարչական շրջանների սոցիալական բաժիններն իրենց հազար ու մի մասնագետներով ու հաստիքներով: Ես չգիտեմ նաև` ինչո՞ւ են Հայաստանում ամեն օր ստեղծվում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ ու պետական կառույցներ, բայց վստահ եմ, որ ստեղծվում են Վանիկի ու Տաթևիկի երեք երեխաների պաշտպանության համար, սակայն այդպես էլ չիմանալով նման անպաշտպան երեխաների տեղն ու պատմությունը: Այս երեք երեխաներն իրենց ծնողների հետ կարող են երջանիկ ապրել եթե անգամ ոչ նյութական աջակցություն ստանալու պարագայում, ապա գոնե՝ նրանց ծնողներին այդքան անհրաժեշտ՝ մասնագիտական խորհրդատվության:
Ես չգիտեմ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ինչպե՞ս է իրականացնում մանկատները բեռնաթափելու ծրագիր՝ երեխաներին ընտանիքում պահելու համար, բայց մանկատուն չհանձնված երեխաները ապրում են ճիշտ նույն վիճակում, որում են այս երեք երեխաները, ու ստում են այս ոլորտի պատասխանատուները՝ ասելով, որ` «անհրաժեշտ օգնությունը ցուցաբերում ենք ընտանիքին, որպեսզի երեխան ընտանիքում ապրի»:
Հ.Գ. «168 Ժամն» այս ընտանիքի խնդրով կդիմի նաև Երևանի քաղաքապետարանին «Երքաղլույս» ՓԲԸ-ին և նրանց պատասխանները կներկայացնենք թերթի առաջիկա համարներում: