Գոհարը պատմում է, թե ինչու է ինքնասպանության երկու փորձ է կատարել սիրած տղայի պատճառով
20-ամյա Գոհար Մ.-ն մի քանի օրում ինքնասպանության երկու փորձ է կատարել:
«168 ժամի» հետ զրույցում նա պատմեց, որ իր այդ քայլի պատճառն ընկերոջ հետ ունեցած վեճն է: Գոհարի խոսքով՝ ինքը ծնողներ չունի, մանկուց գտնվել է տատիկի խնամքի տակ: «Տատիկս ինձ շատ լավ էր վերաբերվում, ես խնդիր չունեմ տատիկիս հետ, ուղղակի այս դեպքից հետո…»,- պատմեց Գոհարը:
Նրա խոսքով՝ որոշ ժամանակ անց «ծանոթի միջոցով» հանդիպել է մի երիտասարդի, սիրահարվել նրան: Որոշ ժամանակ ընկերություն անելուց հետո որոշել են ամուսնանալ: «Եկավ, ասաց՝ ուզում եմ շուտ ամուսնանալ, տատիկս դեմ եղավ, ես էլ տատիկիս հետ վիճեցի, տանից դուրս եկա»,- պատմեց Գոհարը՝ նշելով, որ տատիկը չի բացատրել՝ ինչո՞ւ է դեմ իր և ընկերոջ ամուսնությանը, սակայն ինչպես ինքն է հասկանում, տատիկը դեմ է եղել ոչ թե իր՝ շուտ ամուսնանալուն, այլ այդ տղային:
«Տանից դուրս եկա, զանգահարեցի իրեն, ասացի՝ արի’ հետևիցս, դրսում եմ, ասաց՝ ես քեզ չեմ սիրում, ես քո վրա թքած ունեմ, մոռացի’ր ինձ, ինձ քո նման աղջիկ պետք չի, ես էլ, այսպես ասեմ, արյունը տվեց գլխիս, ոչ մի բանի մասին չէի մտածում»,- շարունակեց իր պատմությունը Գոհարը:
Նրա խոսքով՝ միչև այդ դեպքը իր և ընկերոջ հարաբերությունները շատ լավ են եղել, և ինքն այդպես էլ չի հասկացել՝ ինչո՞ւ նա այդ օրը նման կերպ պատասխանեց իրեն. «Ինքը ասել էր՝ երբ որ դու տանից դուրս գաս, ես քո կողքին եմ…»: Գոհարի խոսքով՝ ընկերոջ ծնողները եկել են իրենց տուն, ծանոթացել տատիկի, քույրերի հետ, երբեմն էլ ինքն է գնացել նրանց տուն. «Ամեն ինչ նորմալ էր, ընդունելությունը նորմալ էր, ասեցին՝ դու մեր հարսիկն ես լինելու»:
Գոհար Մ.-ն պատմեց, որ ընկերոջ հետ խոսակցությունից հետո փորձել է իրեն նետել Երևանյան լիճը, սակայն մի երիտասարդ թույլ չի տվել նրան իր մտադրությունն իրականացնել: Մեկ օր անց Գոհար Մ.-ն ինքնասպանության երկրորդ փորձն է կատարել. «Մտա խանութ, գնեցի ածելի, և ինքնասպանության փորձ…»:
Այս անգամ աղջկան օգնության է հասել մի ոստիկան, ուղեկցել ոստիկանության բաժին, որտեղ նրան հարցաքննել են, ապա բժշկական օգնություն տրամադրել, ենթարկել դատաբժշկական փորձաքննության: Իր ինքնասպանության երկրորդ փորձի մասին տեղյակ է նաև նրա ընկերը, ում բերման են ենթարկել ոստիկանություն` իր տված ցուցմունքների հիման վրա: «Տղա գոյություն չունի, վերջ ամեն ինչին»,- ասաց Գոհարը:
Մինչ այժմ Գոհարն ու նրա տատիկը չեն հաշտվել. ոչ ինքը, ոչ էլ տատիկը նման ցանկություն չեն ունեցել; Իսկ թե ինչո՞ւ չի ցանկանում հաշտվել տատիկի հետ, Գոհար Մ.-ն չի ցանկանում ասել. «Այդ թեմայի շուրջ բան չունեմ խոսելու: Ուղղակի չուզեցի, տատիկս առավել ևս չէր ուզում: Տատիկս ինձ չեր կարողանում ներել, որ ես տանից դուրս եկա հանուն մի տղայի…»,- ասաց նա:
Գոհարն այժմ ապրում է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամում: Իր իսկ խոսքերով՝ իրեն հիմնադրամում շատ լավ է զգում. հաճախում է վարսահարդարման դասընթացների. «Ես հիմա սովորում եմ, պիտի աշխատեմ, հետո էլ իմ կյանքը դասավորեմ»:
Հիմնադրամի աշխատակիցները նշում են, որ մեկ շաբաթից ավելի է՝ Գոհարն ապրում է այնտեղ. թե’ աշխատակիցների, թե’ Գոհարի խոսքերով՝ այժմ իրեն լավ է զգում: Երբ դեռ նոր էր տեղափոխվել այնտեղ՝ չէր ժպտում. այժմ նրա դեմքին ժպիտ է հայտնվել:
Հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանն ասաց, որ Կենտրոնի ոստիկանությունից են զանգահարել հիմնադրամ, գրություն ուղարկել իրենց.
«Մենք պարտավորվել ենք բալիկին կյանքի կոչել և կարողանանաք օգնել ամեն հարցում, որպեսզի ինքն ինքնուրույն անցնի կյանքի»:
Շ. Խաչատրյանի խոսքով՝ իրենց մոտ տեղափոխվելու առաջին օրերին Գոհարը կաշկանդված էր, չէր շփվում, մարդկանց հետ չէր կիսվում, իսկ այժմ իրեն ավելի լավ է զգում. «Դասերին նստում է, շփվում է տարբեր խավերի մարդկանց հետ»,- ասաց տնօրենը: