ՏՏ ոլորտն աճ է արձանագրում ոչ թե պետական աջակցության, այլ մարդկային ներուժի շնորհիվ
Այս տարի սեպտեմբերի 13-ին կնշվի Ծրագրավորողների միջազգային օրը: Տոնը նշվում է ամեն տարվա 256-րդ օրը: Դա ունի իր բացատրությունը. 256 թիվը 2-ի 8 աստիճանն է: Այսինքն՝ 256-ն այն ամբողջ թիվն է, որը կարելի է արտահայտել մեկ բայթով (8 բիթ): Տոնը ծրագրավորողները հիմնականում նշում են հենց համացանցում: Սակայն, այս տարի հայ ծրագրավորողները միմյանց կշնորհավորեն ոչ միայն սոցցանցերում, ինչպես սովորաբար, այլ նաև իրական կյանքում: Նրանք ծրագրավորողի օրը սկսել են նշել սեպտեմբերի 12-ի երեկոյան Uptown-ում` ժամը 20:00-ից սկսած, որին հրավիրում են նաև ոչ ծրագրավորողներին:
Տոնին ընդառաջ սետեմբերի 12-ին ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ` X-TECH ընկերության հիմնադիր տնօրեն Արման Աթոյանը, Shahumyan Media ընկերության հիմնադիր տնօրեն Արիկ Շահումյանը, «Ինտերնետ հանրութուն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը և Հայաստանում Google ծրագրավորողների խմբի համակարգող Վարդան Գրիգորյանը հանդիպեցին լրագրողների հետ:
Ըստ Ա. Աթոյանի`տարբեր զարգացած երկրներ իրենց տոնացույցում ավելացրել են այս տոնը, իսկ 2009 թվականից արդեն նաև Ռուսաստանում պաշտոնապես նշվում է Ծրագրավորողների օրը: Սակայն Հայաստանում ծրագրավորողների տոն գոյություն չունի: «Մենք ցանկություն ունենք, որ Հայաստանում ևս այս տոնը պաշտոնապես ընդունվի, քանի որ գաղտնիք չէ, որ մեր երկրում ՏՏ ոլորտը համարվում է որպես տնտեսության գերակա ճյուղ, իսկ ծրագրավորողների և ընդհանրապես տեխնոլոգիական ոլորտի աշխատողների շնորհիվ բյուջեում կամաց-կամաց ավելի շատ գումարներ են ավելանում, հետևաբար ցանկալի է, որ ինչպես ուսուցիչների կամ օրինակ` ոստիկանների կամ մնացած մասնագետների տոնը նշվում է, ապա ինչու ոչ, կարելի է նշել նաև ծրագրավորողների տոնը»,- ասաց Ա. Աթոյանը:
Հարցին, թե ինչպիսին է այս ոլորտում մասնագետների արտահոսքը Հայստանից, պատասխանեց Shahumyan Media ընկերության հիմնադիր տնօրեն Արիկ Շահումյանը: Նրա խոսքով` համեմատելով այլ ոլորտների հետ ՏՏ ոլորտից արտերկիր մեկնողների թիվը ամենափոքր տոկոսն է կազմում, որովհետև այս ոլորտում աշխատավարձները բավականին բարձր են և, բացի այդ, Հայաստանում մի շարք հայտնի համաշխարհային նշանակության խոշոր ընկերություներ կան ներկայացված: «Հասնել նոր բարձրունքների հնարավոր է նաև այստեղ: Սակայն ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Հայաստանում մարդիկ նաև ձգտում ունեն աշխատել էլ ավելի մեծ ընկերություններում, օրինակ` Google, Apple, Facebook և մի շարք այլ նոր, սակայն ոչ այդքան հայտնի խոշոր ընկերություններում, որոնք պարզապես ոչ մի ձևով ներկայացված չեն Հայաստանում, իսկ տանից նրանց համար աշխատելը որևէ կերպ հնարավոր չէ»,- ասաց Ա. Շահումյանը:
Նրա խոսքով` տանից աշխատում են հիմնականում ամենացածր պրոդուկտների վրա. ոչ բոլորը կվստահեն իրենց կարևորագույն աշխատանքները անշանոթ ծրագրավորողներին: Այդ պատճառով գնացողների մի մասը մեկնում է, որովհետև ձգտում է և ունի ավելի ամբիցիոզ ծրագրեր` հետագայի համար, որոնք Հայաստանում ինչ-ինչ պայմաններում դեռևս հնարավոր չէ իրականացնել: «Այդուամենայնիվ, հայկական ՏՏ շուկայում գնալու տենդենցը մեծ չի: Իհարկե ինչ-որ տոկոսով գնում են, բայց երևի թե բոլոր երկրներում էլ այդպես է: Արդեն երկար տարիներ է՝ Հայաստանում աշխատանքի խնդիր այս ոլորտում երբևիցե չի եղել, այլ եղել է որակյալ աշխատուժի խնդիր, որի հետ կարծում եմ կհամաձայնեն բոլոր ՏՏ ոլորտի ընկերությունների տնօրենները»,- ասաց Ա. Շահումյանը:
«Ինտերնետ հանրութուն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանն էլ մասնագետների արտահոսքի վիճակագրության վերաբերյալ ասաց. «Ընդհանուր թվեր կան, սակայն գրված չէ, թե կոնկրետ քանի ծրագրավորող է գնում, քանի վեբ- դիզայներ և այլն: Սակայն, օրինակ`մեր հիմնարկից բոլորը պատրաստվել և գնացել են արտասահման. և բոլորն էլ լավ տեղեր են զբաղեցնում արտասահմանյան տեխնոլոգիական խոշոր ընկերություններում, Microsoft-ում առնվազն 2 հոգի կա և ուրիշ տեղերում էլ կան մերոնք»,- ասաց Գ. Սաղյանը՝ ավելացնելով. «Կա մի նոր տենդենց, որ ծրագրավորողները աշխատում են առանց ընկերությունների մեջ ներգրավվելու կամ որևէ տեղական հիմնարկի հետ պայմանագիր կնքելու, ինչը դժվարություն է ստեղծում ոլորտի իրական աճը գնահատելու առումով»: Նրա խոսքով` 2000 թվականից սկսած իհարկե մեծ առաջընթաց է արձանագրվել, սակայն ոչ այն պատճառով, որ ՏՏ ոլորտի արդյունաբերությունը ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղերից մեկը կամ պետական աջակցության հետևանքն է:
Ըստ Գ. Սաղյանի` աճ է արձանագրել մարդկային ներուժի շնորհիվ, որն ունի մեր ժողովուրդը: «Ես բազմիցս ասել եմ և կրկին կասեմ, ընդհնարապես չխառնվելը շատ ավելի լավ է, քան աջակցելը, որովհետև աջակցելու համար ստեղծվում են կառույցներ, որոնք պարզապես գումարներ են կորզում, մինչդեռ դրանց օպերացիոն ծախսերի` շենքերի, մեքենաների և բարձր աշխատավարձերի այդ գումարները պետք է ուղղված լինեն ոլորտի աջակցությանը: Տվյալ դեպքում, կարծում եմ, որ ավելի լավ է ոչինչ չանել, թողնել մրցակցության վրա, ինչպես դա արվում է օրինակ`Միացյալ Նահանգներում»,- ասաց Գ. Սաղյանը:
Վերադառնալով ծրագրավորողների թեմային Հայաստանում Google ծրագրավորողների խմբի համակարգող Վարդան Գրիգորյանն ասաց, որ իրենք փորձում են տարբեր միջոցառումներով և մրցույթներով այնպես անել, որ Հայաստանում ծրագրավորողներն ավելի ակտիվանան և զարգանա համագործակցությունը` ծրագրավորողների միջև: Նմանատիպ միջոցառումներից է GDG Devfest Armenia 2013-ը, որն առաջին անգամ Հայաստանում կանցկացվի սեպտեմեբրի 28-29-ը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: