Արևածաղկի սերմի օգտակարությունը
Բուժիչ նամակներ
Հնագույն ժամանակներից մարդը սրբացրել է արևը` որպես լույսի և ջերմության ամնահզոր բնական աղբյուր։ Օվիդիոսը գովերգել է դեպի արևը պտտվող բույսը, սակայն իհարկե ոչ արևածաղիկը, քանի որ դրա հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։ Հնէաբանները կարծում են, որ այժմյա Արիզոնա նահանգի տարածքում 5000 տարի առաջ արևածաղկի ինչ-որ տեսակ են մշակել։ Ացտեկները և ինկերը (այժմյա Պերուի տարածք) պատրաստել են արևածաղկի սերմից ալյուր և յուղ, իսկ ծաղիկից ստացել են ծիրանագույն ներկ։
Ինկերը պաշտել են բույսի ոսկեձույլ արձանիկը, որպես Արևի խորհրդանիշ։
Ժամանակակից հերալդիկայում արևածաղիկը խորհրդանշում է պտղաբերություն, բարգավաճում, միասնություն, խաղաղություն, արևի լույս։ Արևածաղիկը նման մեծարման է արժանացել իր արևամետ (հելիոտրոպ) հատկության շնորհիվ։ Արևածաղկի դեռ չբացված ծաղկաբույլը ամբողջ օրվա ընթացքում պտտվում է դեպի արևը, սակայն ծաղկելուց հետո այն հիմնականում ուղղված է դեպի արևելք։ Բույսի աճը կարգավորում է աուկսին հորմոնը, որը ուղղորդում է բույսի զամբյուղաթափքը և տերևները դեպի արևը։ Գիտնականներին հետաքրքրել է նաև` թե ինչ օրինաչափությամբ են դասավորված ծաղկաբույլի ծաղիկները (սերմերը)։ Պարզվել է, որ յուրաքանչյուր սերմի դիրքը կարելի է գտնել ֆերմիի գալարագծի բանաձևից։ Արևածաղկավոր բույսերի ցեղը (heգlianthus) պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին, ընդգրկում է 108 տեսակներ, որոնցից առավել հայտնի են արևածաղիկ միամյան (H. annus) և գետնախնձորը` (H. tuberosus), իսկ ավելի ստույգ` գետնատանձը։
Հայերենում արևածաղիկն ունի այլ իմատալից անվանումներ` արևելած, արևերթիկ։
Երևի թե ոչ մի այլ բույս չի ունեցել արևածաղկի նման զարմանալի ճակատագիր։ Իր հայրենիքից բույսի սերմերը տարվել են դեպի արևելք` Եվրոպա, հետո Ռուսաստան, որտեղ մոտ երեք դար այն մշակվում էր որպես զարդաբույս։
Պորտուգալիայում արևածաղկի սերմը օգտագործել են որպես ձավար, Գերմանիայում աղացած սերմը փոխարինել է սուրճին։ 1828թ. ռուս ճորտ գյուղացի Բոկարյովը հաշվարկել է, որ արևածաղկից ստացված յուղը շատ ավելի էժան է, քան կտավատի յուղը։ Ընդամենը հինգ տարի անց կառուցվում է արևածաղկի ձեթ արտադրող առաջին գործարանը, իսկ կարճ ժամանակ հետո նման գործարաններ են կառուցվում նաև ԱՄՆ-ում. արևածաղիկ միամյան սկսեցին մեծ ծավալներով մշակել նաև իր հայրենիքում։ Մեր օրերին արևածաղիկը զբաղեցնում է մոտ 6 մլն հա ցանքատարածքներ։
Արևածաղկի սերմի քիմիական բաղադրությունը և օգտակար հատկությունները
Արևածաղկի սերմը պարունակում է 40-52 տոկոս չհագեցած ճարպաթթուների գլիցերիդներ, 19,1 տոկոս սպիտակուց, 26,5 տոկոս ածխաջրեր, 2 տոկոս ֆիտին, 1,5 տոկոս դաբաղանյութեր։
Փոքրիկ սերմի մեջ կարծես կենտրոնացած են մարդու օրգանիզմին շատ անհրաժեշտ նյութեր` B1 վիտամին (1,9 մգ` 100 գրամի մեջ), մագնիում` 311 մգ, ֆոսֆոր` 837 մգ, նաև B2, B3, B6, K և D վիտամիններ, օրգանական թթուներ, կարոտինային նյութեր, ֆոսֆոլիպիդներ, լեցիտին, ստերին, բջջանք, երկաթ, ցինկ, սելեն, յոդ։
B1 վիտամինը կարգավորում է նյարդային համակարգի, մկանների, սրտի աշխատանքը։ B1-ը շատ ապագ է յուրացվում աղիներում և արյան հոսքով հասնում է լյարդին, որտեղ միկրոէլեմենտ մարգանեցի և սպիտակուցների հետ համատեղ գոյացնում է միլիարդավոր ֆերմենտներ։ Ֆերմենտները տրոհում են սննդի հետ ներմուծվող ածխաջրերը, և առաջանում է գլյուկոզա։ Եթե նյարդերի և ուղեղի բջիջները չեն ստանում բավարար քանակի գլյուկոզա, ապա մեծանում են, որպեսզի կարողանան ավելի շատ էներգիա (գլյուկոզա) կլանել։ Սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը` դեֆորմացված բջիջը 60 տոկոս ավելի քիչ գլյուկոզա է կլանում։
Վերջերս կար տեղեկատվություն այն մասին, թե արևածաղկի սերմ չրթելն ունի հոգեբանական թերապիտայի հատկանիշներ։ Նույնիսկ նշվում են չափերը. 100-ական գրամ` երեկոյան ժամերին։ Նման թերապևտիկ սեանսները պետք է շարունակել 10 օր։
Պարզվել է նաև, որ մոծակները ավելի շատ են «սիրում» այն անձանց, որոնց մոտ նկատվում է B1 վիտամինի սակավություն։
B1-ի սակավությունը առաջացնում է մոռացկոտություն, ախորժակի անկում, հոգնածություն, դեպրեսիվ բնույթի հոգեկան խանգարումներ, առիթմիա, այտուցներ, ցավեր և ծակոցներ վերջույթներում, մկանների թորշոմություն։
B1 հանդեպ օրգանիզմի մեկ օրվա պահանջը 1-1,5 մգ է։ B1-ի պահանջը բարձրանում է լյարդի հիվանդությունների, վահանագեղձի բարձր ֆունկցիայի, շաքարային դիաբետի դեպքում։
Հեպատիտ, հիպերտիրեոզ, հետվիրահատական թերապիա. Փոշիացրեք արևածաղկի սերմերը, 2 ճ/գ հումքը խառնեք 1 թ/գ գարեջրի խմորիչի մեջ։ Խմեք օրը 1 թ/գ (տե՛ս Ջ. Սահակյան, Лечебные письма, 9. 2010թ. էջ 13)։
Այս խառնուրդը հարուստ է նաև B2 վիտամինով, սակայն պետք է հաշվի առնել, որ այն հեշտությամբ է քայքայվում լույսի ազդեցությամբ և դժվար է լուծվում ջրում։
Մագնիում. 70 գ արևածաղկի սերմը ապահովում է օրգանիզմի մագնիումի 1 օրվա պահանջարկի ճիշտ կեսը (200 մգ)։ Մագնիումի օգտակարության մասին գրել ենք վերջերս (տե՛ս «168 Ժամ», 22.08.2013թ.)։ Ավելացնենք, որ B1 և B2 վիտամիններն ու սերմում պարունակվող չհագեցած ճարպաթթուները և օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուները զգալիորեն ուժեղացնում են մագնիումի օգտակար ազդեցությունը։
Արևածաղկի սերմն օգտակար է, սակայն ոչ ավելի, քան 50-60 գրամը:
- 100 գ արևածաղկի սերմի էներգետիկ արժեքը 520 կկալ է, ինչը հավասարազոր է դառը կամ կաթնային շոկոլադի կալորիականությանը (530-540 կկալ), և ավելի սննդարար է, քան խոզի խաշած փափուկ միսը (300 կկալ)։
- Սերմը չրթելու դեպքում միանշանակ վնասվում է ատամների էմալը։ Մասնագետները խորհուրդ են տալիս հեռացնել կեղևը մատների օգնությամբ։
- Ապացուցված է, որ մարդու օրգանիզմը չի կարող յուրացնել 100 գրամից ավելի արևածաղկի սերմ։
- Սերմը պարունակում է կադմիում և կապար։ Այդ նյութերն ունեն ճնշումը բարձրացնող հատկություն, բացասաբար են ազդում երիկամների գործունեության և մտավոր զարգացման վրա։
(Շարունակելի)