Շանթ Հարությունյան. «Հայաստանը ներկայացնում են ոչ թե Շանթը կամ Շանթի նման տղերքը, այլ Սերժն ու Սերժի նման տղերքը»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը, սեպտեմբերի 7-ին «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ խոսելով Մաքսային միության և այդ կառույցին Հայաստանի անդամակցության մասին, Հայաստանը համեմատել է Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ:

Ազգային միացյալ նախաձեռնության ներկայացուցիչ Շանթ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում` ի պատասխան հարցին, թե որպես ՀՀ քաղաքացի և քաղաքական գործիչ` արդյոք իր համար վիրավորվական չէ՞ ռուս պաշտոնյայի նման ձևակերպումը, ասաց.

«Վիրավորականը դնենք մի կողմ: Տեսեք, ես կարծում եմ, նույնիսկ համոզված եմ, որ այդ մարդիկ, տարիների ընթացքում շփվելով Հայաստանի իշխանությունների և մասնավորապես` նախագահի հետ, իրենց մոտ ձևավորել են այն համոզմունքը, որ Հայաստանն իրենց համար իսկապես Կալինինգրադի նման մի տարածք է: Երբ էդ Գլազևն ինձ նմանի հետ շփվի, նա կհամոզվի, որ ինքն ընդհանրապես ապուշ է, ոչ միայն ապուշ է, եթե ինձ նման մարդու հետ շփվի, իմ կողքը զգաստ կկանգնի: Բայց ես ի՞նչ ասեմ, երբ Հայաստանը ներկայացնում են ոչ թե Շանթը կամ Շանթի նման տղերքը, այլ ներկայացնում է Սերժն ու Սերժի նման տղերքը: Հիմա ես իրենցի՞ց հարցնեմ` ինչո՞ւ եք նման կարծիք կազմել Սերժից: Հայաստանը ներկայացնում է Սերժ Սարգսյանը, ես չեմ կարող մատից հոտ քաշել, թե ինչո՞ւ է նա Սերժ Սարգսյանից նման կարծիք կազմել Հայաստանի Հանրապետության մասին»:

Ըստ Շանթ Հարությունյանի` վերջին 20 տարիներին` Հայաստանի անկախության հռչակումից ի վեր, ռուսաստանյան ղեկավարները Հայաստանի հետ վարվել են մեր երկրի իշխանությունների ներկայացրածին համապատասխան, այսինքն` որքան արժանապատվորեն են ներկայացրել, այդպիսի վերաբերմունք էլ ստացել են:

Կարդացեք նաև

«Բայց մի այլ բան ասեմ. ռուսը չլինի, լինի մոզամբիկցին կամ պակիստանցի մեկը, եթե իր զինվորներն են պաշտպանում մեկ այլ երկրի սահմանը, իր երեխաների արյունով է պաշտպանվում մեկ այլ երկրի սահմանը, նշանակում է` այդ սահմանում պետություն չկա: Իր երեխաները հենց այնպես չեն գնում` կանգնեն սահմանին: Եվ որքան էլ պետությունը լինի հումանիստ, արդարասեր ու խաղաղասեր, միևնույն է՝ հնարավոր չէ, որ նրա զինվորներն այդ երկրի համար արյուն թափեն, բայց այդ տարածքը համարվի պետություն:

Ոչ ոք ուրիշի շահերի համար չի գնում կռվելու, դա ապացուցված է: Երբ ամերիկյան զորքերը գնում են Լիբիա, Իրաք կամ այլ երկրներ, դրա հիմքում դրված է լինում ԱՄՆ-ի ազգային անվտանգության գաղափարը: Նույնն էլ ռուսն է»,- ասաց Շանթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի պաշտոնյաները նման արտահայտություններ Հայաստանի հասցեին արել են նաև նախկինում, և Գլազևն առաջինը չէ, ով Հայաստանը համեմատել է Կալինինգրադի մարզի հետ: Մասնավորապես, 2012 թ. դեկտեմբերին` Երևան կատարած այցի ժամանակ,  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Հայաստանն անվանեց «էքսկլավ» (ինքնիշխանություն չունեցող տարածք, որը պատկանում մի պետությանը, սակայն չունի դրա հետ ընդհանուր սահման): Իսկ ավելի վաղ` ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գռիզլովը Հայաստանն անվանել էր «ֆորպոստ» (թարգմ.` «առաջադիրք», «պահակակետ», «ամրակետ», այս տերմինը Ռուսական կայսրությունում տարածված է եղել ռազմական բառապաշարում):

Հ.Գ. Ներկայացնում ենք Սերգեյ Գլազևի հարցազրույցի` Հայաստանի և Կալինինգրադի համեմատությանը վերաբերող հատվածը:
– Լրագրող Ա. Վենեդիկտով. Հայաստանը Մաքսային միության հետ չունի ընդհանուր սահման:
Ս. Գլազև. Բայց չէ՞ որ մենք ունենք Կալինինգրադի մարզ, որի հետ նույնպես չկա ընդհանուր սահման:
Ա. Վենեդիկտով. Ամեն դեպքում Հայաստանը պետություն է:
Ս. Գլազև. Մեզ համար տարբերություն չկա` պետություն է, թե պետության մարզ: Ամենակարևորն ընդհանուր մաքսային տարածքի է: Արդեն 5-րդ տարին է, ինչ Կալինինգրադի մարզն ընգրկված է մեր ընդհանուր մաքսային տարածքի մեջ, սակայն նրա հետ չկա ընդհանուր սահման:

Տեսանյութեր

Լրահոս