«Լեռները կատակներ չեն սիրում, յուրաքանչյուր սխալ կարող է վատ ավարտ ունենալ»

Բիբլիական Արարատ լեռան գագաթ բարձրանալն այսօր էլ շատերի համար շարունակում է երազանք մնալ: Բայց եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա նկատելի է, որ այսօր բավականին շատացել է Արարատ բարձրացողների քանակը: «Արևի» զբոսաշրջային ընկերության տնօրեն Գևորգ Գասպարյանն արդեն երրորդ անգամ է լեռը բարձրանում: Բարձրանալու ողջ գործընթացի, ճանապարհի դժվարությունների և ունեցած տպավորությունների մասին Գևորգը կիսվել է 168.am-ի հետ:

 – Գևորգ, տեղյակ եմ, որ վերջերս Արարատ էիք բարձրացել, կպատմե՞ք` ե՞րբ եք բարձրացել, քանի հոգով էիք, ընթացքը քանի օր տևեց…

– Այս տարվա ընթացքում սա իմ երկրորդ վերելքն էր: Վերջինը օգոստոսի 20-ին սկսեցինք, խմբում 15 մասնակից էր: Ընդհանուր առմամբ՝ Արարատի վերելքը տևում է 4-5 օր, որոշ դեպքերում՝ մինչև 6 օր, սակայն 2 խումբն էլ հաղթահարեց այն ընդամենը 3 օրում, առանց դժվարության:

Ararat1

Կարդացեք նաև

– Կմանրամասնե՞ք Արարատ բարձրանալու ողջ գործընթացը, յուրաքանչյուր օր ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել:

– Բարձրանալը սկսվում է 2200մ բարձրության մակարդակից: Մինչ այդ մեքենայի ճանապարհ կա: Առաջին խնդիրը դրված է 2200մ-ից հասնել մինչև 3300մ՝ առաջին ճամբար, որի երկարությունը մոտ 12 կմ է, և մասնակիցները այն հաղթահարում են միջինը 4 ժամում: Առաջին հատվածում տեղ-տեղ ալպիական մարգագետիններ կան, սակայն գերիշխում է քարքարոտությունը: Երկրորդ օրը մասնակիցները բարձրացան 3300մ-ից մինչև 4200մ, ուր տեղակայված է երկրորդ ճամբարը: Երկրորդ օրվա վերելքի ճանապարհը շուրջ 9 կմ է, որը մասնակիցներն անցնում են միջինը 3.5 ժամում: Երկրորդ հատվածը ամբողջությամբ անցնում է քարքարոտ արահետներով, ինչը բավականին դժվարացնում է վերելքը: Վերջին օրը ուշ գիշերով` ժամը 02:00-ին, սկսվեց վերելքը դեպի գագաթ: Այն տևում է մոտ 5-6 ժամ` կախված եղանակային պայմաններից:

Ararat6

Ararat5

Ararat4

Բարեբախտաբար, երկու խմբերի դեպքում էլ եղանակը բարենպաստ էր, չկար ամպամածություն, ամպրոպ և այլն: Նման եղանակի դեպքում լուսաբացին բացվում է սքանչելի տեսարան, երբ Արարատ լեռան ստվերն ընկնում է Բայազետի շրջակա դաշտի վրա: Երկու խմբերի մասնակիցներն էլ ականատես եղան անզուգական այդ տեսարանին: 4900մ-ից սկսվում է սառցադաշտի մասը, որտեղ արդեն օգտագործվում են «կատու» կոչվող հարմարանքները, որոնք նախատեսված են սառույցի վրա քայլելու համար: Սակայն սառցադաաշտի մակերևույթից կախված՝ որոշ դեպքերում դրա օգտագործման անհրաժեշտությունը չի լինում: Գագաթին հասնելուն պես բացվում է անբացատրելի տեսարան դեպի Սիս լեռը, Գեղամա լեռնաշղթան, Արագածը, որոշ դեպքերում նշմարվում է Արայի լեռը, Հատիսը, ինչպես նաև Երևան քաղաքը:

– Ինչպիսի՞ զգացողություններ եք ունենում, երբ մի քանի օր շարունակ այդքան բարձրություն հաղթահարելուց հետո, ի վերջո, հասնում եք գագաթին:

– Տպավորություններից կարող եմ նշել միայն տեսարանը, որն ամեն անգամ յուրովի էր: Մնացած առումներով իմ ամբողջ ուշադրությունը սևեռված էր խմբին: Անում էինք ամեն ինչ, որպեսզի հնարավոր լիներ ապահովել բոլորի անվնաս վերելքը գագաթ:

– Ինչի՞ց եք ամենաշատը տպավորվել:

– Ամենատպավորիչ երեք բան կարող եմ նշել` մայրամուտը, Սիսը` լուսաբացը չսկսած, և Արարատ լեռան ստվերը:

– Որպես լեռնագնաց, կասե՞ք՝ որքանով է բարդ Արարատ բարձրանալը:

– Արարատը բարդ լեռ չէ, այն բաձրանալու համար պետք չէ տիրապետել հատուկ ալպինիստական հմտությունների: Կարևորն առողջությունը, հանդերձանքն ու լավ եղանակն է:

Ararat3

Ararat

– Բարձրանալիս ի՞նչ դժվարությունների առջև կարող եք կանգնել:

– Շատ են լինում դեպքեր, երբ անբարենպաստ եղանակի պատճառով ուղղակի անհնարին է լինում վերելքի իրականացումը: Միայն դա կառանձնացնեմ:

– Եթե համեմատական կարգով վերլուծենք Սիսն ու Մասիսը, ապա ո՞րն է ավելի դյուրին բարձրանալ:

-Եթե հաշվի առնվի այն հանգամանքը, որ Մասիսի գագաթ հասնելու համար 3 օրը բավական է, ապա Սիսը վերելքի և վայրէջքի համար պահանջում է շուրջ 14 ժամ:  Բնականաբար, ստացվում է, որ Սիս բարձրանալն ավելի բարդ է և ուժ է պահանջում: Բացի այդ, Սիսի լանջերի թեքությունն ավելին է, քան Արարատինը և այնտեղ քարերի սահք կա, ինչը վտանգավոր է դարձնում վերելքը: Համեմատության համար ասեմ, որ Սիսի գագաթ հասնելն ակտիվ տեմպով քայլելու դեպքում տևում է մոտ 7 ժամ և դա դեռ մեկ ուղղությունն է:

– Ցանկացած մարդ կարո՞ղ է Արարատ բարձրանալ: Կա՞ն հատուկ պատրաստվածություններ, որոնք պահանջվում են լեռը բարձրանալու համար:

– Առհասարակ լեռները պահանջում են պատրաստվածություն, սկսած՝ մասնակցի առողջական վիճակից, մինչև համապատասխան հանդերձանք: Լեռները կատակներ չեն սիրում, յուրաքանչյուր սխալ կարող է վատ ավարտ ունենալ: Այդ իսկ պատճառով մենք մեծ ուշադրություն ենք դարձնում հանդերձանքին, որոնք պետք է լինեն լեռնային պայմանների համար նախատեսված և ոչ թե՝ սպորտային կամ սիրողական:

– Դուք նախապատրաստո՞ւմ եք մարդկանց, դասեր անցկացնո՞ւմ եք:

– Մինչ Արարատ բարձրանալն իրականացնում ենք մի քանի հանդիպումներ, որի ընթացքում մանրամասն ներկայացվում և ցուցադրվում է ծրագիրը, հանդերձանքը և քննարկվում այլ հարցեր: Դրանից հետո մենք իրականացնում ենք մի քանի փորձնական վերելքներ, որոնք նման են «քննության», նաև նպատակ ունեն պատրաստելու մարդկանց, քանի որ դրանցից երկուսը` Գեղամա լեռների և Արագածի վերելքներն իրականացվում են գիշերակացով, ինչը ակլիմատիզացիայի տեսանկյունից ունի մեծ կարևորություն:

– Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա կնկատենք, որ այսօր շատացել է Արարատ բարձրացողների քանակը: Դուք սա ինչո՞վ եք պայմանավորում:

– Կարծում եմ Արարատ բարձրացող խմբերի քանակն ավելանում է շնորհիվ հասանելիություն: Մարդիկ կամաց-կամաց համոզվում են, որ դա անվտանգ և հասանելի երազանք է:

– Ի վերջո, գնային առումով մատչելի՞ է Արարատ բարձրանալը:

– Գնային տեսանկյունից չեմ կարող ստույգ ասել` մատչելի է՞, թե՞ ոչ: Եթե համեմատենք այլ երկրների տուրերի հետ, օրինակ Նեպալ, ապա Արարատ գնալը կիսով չափ ավելի մատչելի է:

– Առաջիկայում նորից բարձրանալու մտադրություններ կա՞ն:

– Մյուս տարվա համար արդեն ունենք պլաններ և արդեն մասնակիցների հավաքագրման գործընթացը սկսված է: Շատ են նաև արտասահմանից մեր հայրենակիցների արձագանքները և պատրաստակամությունը՝ միանալու մեր խմբերին, ինչը շատ ողջունելի է: Բոլորին մաղթում եմ անամպ երկինք և անվնաս վերելք:

Լուսանկարները` «Արևի» զբոսաշրջային ընկերության և Գևորգ Գասպարյանի ֆեյսբուքյան էջերից:

Տեսանյութեր

Լրահոս