Մեղադրվում է անչափահասի հետ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու համար
Տավուշի մարզի Բրեդ քաղաքի առաջւն ատյանի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 6-ին կշարունակվի երկու ամբաստանյալների գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Կ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012-ի հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 02:00-ի սահմաններում Տավուշի մարզի Հաղարծին գյուղի հարակից անտառամասում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, անչափահաս Մ. Բ.-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ և դրանով վերջինիս սպանելու` բռնություն գործադրելու սպառնալիքով, նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն:
Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Մ. Հ.-ի նկատմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012-ի նոյեմբերի կեսին, գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղարծին գյուղում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, անչափահաս Մ. Բ.-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ և դրանով վերջինիս սպանելու` բռնություն գործադրելու սպառնալիքով, նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն: Նախկինում չդատապարտված երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնաբարությունը, տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով, որը կատարվել էանչափահասի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: