Լևոն Բարսեղյան. Դատարանն ինձ համար շշմելու վճիռ է կայացրել
Սեպտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացվեց մամուլի ասուլիս` «Լևոն Բարսեղյանն ընդդեմ ոստիկանության» դատական գործընթացի նախադեպային ավարտի մասին: Ասուլիսի բանախոսներն էին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը և դատարանում նրա ներկայացուցիչ, իրավաբան Արտակ Զեյնալյանը: 2011թ. սեպտեմբերի 21-ին ոստիկանությունը Երևանում՝ Սարյանի արձանի մոտից, բերման էր ենթարկել Բարսեղյանին, երբ վերջինս մասնակցում էր Հանրապետության հրապարակում միևնույն ժամանակ անցկացվող, Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված շքերթում օտար պետությունների զորքերի, զինանշանների ու դրոշների առկայության դեմ բողոքի ակցիային:
Ոստիկանները Բարսեղյանին և ակցիայի ևս մեկ մասնակցի տարել էին Կենտրոնի բաժին, 3 ժամ պահել ու շքերթի ավարտից հետո բաց թողել: Մեկ ու կես տարի տևած դատավարությունից հետո դատարանն ամբողջովին բավարարել է հայցը: Դատարանը նաև վճռել է, որ ոստիկանությունը Լևոն Բարսեղյանին պետք է վճարի 8 հազար դրամ: «Դատարանն ինձ համար շշմելու վճիռ է կայացրել. առաջին անգամ է, որ ճանաչվել է քաղաքացու ազատ խոսքի, տեղաշարժման, հավաքների մասնակցության իրավունքի խախտումը»,- «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ ասաց Լևոն Բարսեղյանը:
Նրա կարծիքով՝ դատական գործի ելքի համար վճռական նշանակություն է ունեցել երկու հեռուստառեպորտաժ («Ազատություն» ռադիոկայանի և epress.am-ի), որոնք կցված էին գործին և ապացուցում էին, որ ոստիկանները ստում են դատարանում և չեն կարողանում հիմնավորել, թե ինչու են բերման ենթարկել իրեն: «Մենք վկա էինք հրավիրել պիկետի մասնակիցներին և ոստիկանների չէինք հրավիրել: Ոստիկանությունն ինքն էր հրավիրել ոստիկաններին որպես վկա, և այդ 4 ոստիկանների հարցաքննությունը ամենազվարճալին է, ինչ ես տեսել եմ դատարանում»,- ասաց Լևոն Բարսեղյանը: Արտակ Զեյնալյանը դատարանի որոշումը նախադեպային համարեց այն առումով, որ այսուհետև յուրաքանչյուր անձ նմանատիպ փաստական հանգամանքներում կարող է ակնկալել նման ելքով դատավարություն:
«Սա միայն Լևոն Բարսեղյանի գործը չէ: Լևոն Բարսեղյանը, իր իրավունքները պաշտպանելով, պաշտպանում է հանրության յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքները: Խախտված իրավունք պիտի չմնա: Լևոն Բարսեղյանը ստեղծում է օրինակելի իրավակիրառական պրակտիկա, որը պիտանի կլինի մյուսների համար»,- ասաց Արտակ Զեյնալյանը: Նրա համոզմամբ՝ այս օրերին Երևանի քաղաքապետարանի մոտ և Կոմիտասի 5 հասցեում բողոքի ակցիաներ անցկացնող անձանց իրավունքներին ևս տեղի է ունենում միջամտություն, և վերջիններս կարող են ընտրել Լևոն Բարսեղյանի անցած ճանապարհը:
«Քաղաքացիներին խորհուրդ կտայի բոլոր դեպքերում պաշտպանել իրենց իրավունքները, որպեսզի մեր իրավունքները չխախտվեն,- ասաց Արտակ Զեյնալյանը և հավելեց,- մենք շարունակելու ենք այս պրոցեսը, ուղղակի չենք մանրամասնում՝ ինչ ենք անելու, որպեսզի մեր մրցակիցները չխափանեն»: Ասուլիսի վերջում, անդրադառնալով սեպտեմբերի 3-ին Ռուսաստանում Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը՝ Արտակ Զեյնալյանն ասաց. «2011թ. սեպեմբերի 21-ին, երբ Լևոն Բարսեղյանը պլակատներ էր գրում, որ «Հայաստանը Ռուսաստանի մաս չէ», «Հայաստանը անկախ պետություն է», սրա համար էր գրում, որ Հայաստանը մնա անկախ պետություն»:
«Մեդիա կենտրոն»