ՌԴ-ի հետ Վրաստանի հարաբերությունների կարգավորման հարցում գործում եմ զգուշորեն՝ չսխալվելու համար. Իվանիշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր լրագրողների հետ զրույցում վերստին հայտարարել է, որ ցանկանում է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները և գործում է զգուշորեն՝ չսխալվելու համար.

«Մեր իշխանության գալուց հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները զգալիորեն առաջ են գնացել: Ես մեծ ցանկություն ունեմ կարգավորել մեր մեծ հարևանի հետ հարաբերությունները, և մենք կհասնենք դրան: Ես զգուշավորություն եմ ցուցաբերում Ռուսաստանի հետ հարաբերության կարգավորման հարցում, որպեսզի սխալ թույլ չտամ:

Ես զգույշ եմ իմ հայտարարություններում, գործողություններում, քանի որ թեման շատ զգայուն է: Հենց այդ զգուշավորության պատճառով հրաժարվեցի վրացական ծագմամբ ռուս գործարարների օգնությունից, որոնք ցանկություն էին հայտնել միանալ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Վրաստանի նոր կառավարությունը ծանր ժառանգություն է ստացել նախկին իշխանությունից: Մեր իշխանությունը պետք է լինի խելամիտ: Ստանալով ծանր ժառանգություն՝ մենք պետք է զգույշ լինենք:

Վրաստանը չպետք է հրաժարվի Ռուսաստանի հետ որևէ ձևաչափով երկխոսելու հնարավորությունից: Վրաստանը ոչ մի կերպ չի հրաժարվի Ժնևյան բանակցությունների ձևաչափից»:

Տեսանյութեր

Լրահոս