Ալեքսեյ Վլասով. Այս որոշումը չի նշանակում, որ Հայաստանը չի շարժվի դեպի Եվրամիություն

168.am-ի զրուցակիցն է ռուսական «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսեյ Վլասովը:

– Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է մտնել Մաքսային միության մեջ և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Ինչպե՞ս եք գնահատում սա:

– Երբ ես Երևանում էի, ելույթ էի ունենում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության առավելությունների մասին զեկույցով, այն ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը 2 ժամ ինձ կտրուկ քննադատության ենթարկեց (առանց չափազանցության 2 ժամ), խոսելով այն մասին, որ Հայաստանին շահավետ է համագործակցել ԱՊՀ ազատ առևտրի գոտու և Եվրամիության հետ համանման մի փաստաթղթի շրջանակներում:

Եվ եթե այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի կաբինետում նախարար Դավթյանի փոփոխությամբ վերաբերմունքը Եվրասիական միության հանդեպ շատ չփոխվեց, կարելի է ենթադրել, որ սա ՀՀ նախագահի քաղաքական որոշումն է, և ինչպես նկատել է հայ փորձագետ Շուգարյանը, Եվրոպական և Եվրասիական նախագծերի «հակամարտության» մեջ հաղթեց ՀԱՊԿ-ն: Այսինքն, սա ուղիղ ձևով կապված է Ռուսաստանի՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավորի գործոնի հետ:

– Անվտանգության խնդիրների հետ կապված՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Վլադիմիր Պուտինն օգոստոսին այցելեց Ադրբեջան, իսկ Հայաստան այցելության մասին արդեն երկրորդ տարին է՝ խոսվում է, բայց այդպես էլ Պուտինը Երևան չեկավ: Արդյունքում՝ Սարգսյան-Պուտին հանդիպումը կայացավ Պուտին-Ալիև հանդիպումից հետո և ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում:

– Կարծում եմ, ներկայիս իրադրությունում, ինչպես սիրում է ասել Վլադիմիր Վլադիմիրովիչը՝ «мухи отдельно, котлеты отдельно»: Պուտինի այցը Ադրբեջան ազդակ էր ՀՀ քաղաքական վերնախավին, որ Ռուսաստանը նույնպես դիվերսիֆիկացնում է քաղաքականությունը Հարավային Կովկասում, բայց մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները, եթե չվերցնենք Ղարաբաղի թեման, զարգանում են այլ ուղղությամբ՝ էներգետիկա, Կասպից ծով: Հայաստանի հետ հարաբերությունները տնտեսական ոլորտում մի քիչ այլ թեմա է: Դրա համար ես չեմ կարծում, որ այստեղ Մաքսային միությանն անդամակցելու Սարգսյանի որոշումը կարող է ազդել տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրադրության վրա: Այն կմնա մոտավորապես նույնը, ինչ եղել է այս տարվա ամռան սկզբներին: Եվ այս առումով Պուտինի այցը Ադրբեջան ու Սարգսյանի այցը Ռուսաստան ինչ-որ առումով հավասարակշռում են միմյանց, այսինքն՝ բալանսը Ռուսաստանի կողմից պահպանվել է:

– Ձեր գնահատականով՝ Ս.Սարգսյանի որոշումը ետ քայլ է Եվրամիությա՞ն հետ հարաբերությունների զարգացումից:

– Ես կարծում եմ, որ այստեղ հարցն այլ է՝ վերջին հաշվով ի՞նչն է Հայաստանի համար առաջնահերթ: ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, կամ ինչպես հայ գործընկերներն են ասում՝ եվրոպական ստանդարտների ներդրումը բիզնեսի վարման, օրենսդրության և այլ հարցերում, դրանք լավ են, բայց դա ընդհանուր ինչ-որ հեռանկար է: Այն, ինչ Ռուսաստանը կարող է տալ ՀՀ-ին, օրինակ՝ երկաթուղային տրանսպորտի զարգացման հնարավորությունների մասին խոսում էր Ռուսաստանի երկաթուղու ղեկավարը, դրանք ռեալ փողեր են: Դրա համար, ես կածում եմ, որ Սարգսյանը կանգ է առել «ռեալ պոլիտիկ» ֆորմատի վրա: Գիտե՞ք` ժողովրդական խոսքը՝ «лучше журавль в небе, чем синица в руках»: Կարծում եմ, պարոն Սարգսյանը նախընտրել է առավել պրագմատիկ որոշում կայացնել:

– Այսինքն, Ձեր կարծիքով, Ասոցացման համաձայնագիրը չի՞ նախաստորագրվի վիլնյուսյան հանդիպման ժամանակ:

– Եթե Հայաստանը իրապես անդամակցելու է Մաքսային միությանը, ապա այդտեղ կան փաստաթղթերի նախաստորագրման հետ կապված որոշակի իրավական հարցեր: Հիմա ես հաստատապես չեմ կարող պատասխանել այդ հարցին, բայց կարծում եմ, այդպես է: Սակայն Մաքսային միության օգտին կայացրած որոշումը չի նշանակում, որ Հայաստանը չի շարժվի դեպի Եվրամիություն: Այնուամենայնիվ, այս տարի նոյեմբերին Վիլնյուսում փաստաթղթերի պաշտոնական վավերացում կարող է և չկայանալ: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունն արդեն մեկընդմիշտ կատարվել է: Ետխորհրդային տարածքում ՌԴ բոլոր գործընկերները բարդ խաղ են տանում շատերի հետ, դրա համար՝ երբեք պետք չի ասել երբեք:

– Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման առումով մեծ նշանակություն ունի աբխազական երկաթուղու բացումը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ մոտ ապագայում այն կարող է վերագործարկվել:

– Այստեղ չափազանց շատ են «անհայտներով հավասարությունները», դրա համար կանխատեսումներ անելը տեղին չէ: Առավել հեշտ է, այսպես ասած, դեկլարատիվ հայտարարություններ անել, ինչպես այսօր նախագահները հնչեցրին, և առավել բարդ է այդ դեկլարացիան վերածել հստակ նախագծերի, որոնք կիրականացվեն: Ես չեմ ուզում կանխատեսում անել մի հարցի շուրջ, որը դեռ 50/50 հարաբերակցությամբ է: Բայց այն, ինչ տեղի ունցավ այսօր, դա պետք չէ դիտարկել Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհաքաղաքական խնդիրների տեսանկյունից, և ոչ էլ Մաքսային միության ու միասնական տնտեսական գոտու հզորացման տեսանկյունից, այլ այն, որ ետխորհդային տարածքի համար, այնուամենայնիվ, Եվրամիության ու Եվրասիական միության միջև ընտրության հարց կա, ինչպես էլ դա մեկնաբանեն հայ կամ  վրացի փորձագետները: Այդ մեթոդոլոգիական որոշման տեսանկյունից էլ պետք է գնահատել այսօր կատարվածը:

Տեսանյութեր

Լրահոս