«Մարդ». Բարձր է հնչում, բայց ո’չ համոզիչ
Սկիզբը` այստեղ.
Երկրում տեղի ունեցող խնդիրներն ընկալելու և լուծումներ առաջարկելու առումով ՀՀ իշխանությունների արձագանքը համարժեք չէ: Թեև բարձրաստիճան պաշտոնյաների քիչ առավելություններից մեկն այն է, որ իրենց անտեղյակությունից չեն բարդույթավորվում: Ավելին, դա նրանց նույնիսկ տեղ-տեղ զվարճացնում է: Այս ենթատեքստում լրիվ սպասելի էր, որ Սիրիայի և սիրիահայերի հարցում համակարգված ու հեռատես քայլեր այդպես էլ չարվեցին: Սակայն հարցն ունի մեկ այլ կողմ ևս` Սփյուռքը: Այն, որ Սիրիայում վիճակը հասնելու է ծայրահեղ լարվածության, քաղաքագետները զգուշացնում էին կոնֆլիկտի հենց սկզբից: Այդ դեպքում ինչո՞ւ ստացվեց այնպես, որ այսօր միայն Հալեպում շրջափակման մեջ են շուրջ 30.000 (այս թիվը մի անգամ էլ կրկնենք` 30.000) հայեր:
Նրանք ուղղակի պատանդ են` գրոհայիններով շրջապատված քաղաքում: Եթե Հալեպից դուրս գալը ուղղակի մահվան սպառնալիք` նշանառուները գնդակահարում են, ապա Դամասկոսից Լիբանան գնալու ճանապարհը բաց է: Սակայն այս դեպքում արդեն մեր հայրենակիցները ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարող իրենց ընտանիքները տեղափոխելու խնդիրը լուծել: Քեսաբում, որը Թուրքիայի սահմանին գտնվող, հիմնականում հայերով բնակեցված գյուղաքաղաք է, ըստ մեր աղբյուրի` տնտեսական վիճակը տանելի է` ի տարբերություն Հալեպի: Մարդիկ սնունդով և բուժօգնությամբ ապահովված են, թեև հենց երեկ արդեն ռմբակոծվել են Քեսաբից մոտ 5 կմ հեռավորության տարածքները:
Այսինքն` Քեսաբում ևս խաղաղությունը վիճարկելի է : Դեպի Լիբանան տանող ճանապարհը Քեսաբից (Լաթաքիայի կողմից) բաց է, Թուրքիայի կողմից` փակ:
Դեռևս կոնֆլիկտի սկզբից հայտնի էր, որ սիրիահայերից շատերը, ամեն դեպքում, պատրաստ են մնալ այն երկրում, որն իրենց` Եղեռնից մի կերպ փրկված, առանց միջոցների փախստականներին, ընդունել է և տվել զարգանալու հնարավորություն: Սակայն պատերազմն ունի իր կանոնները` առաջնահերթը մարդկանց ֆիզիկական անվտանգությունն է: Սիրիահայերին ևս ճամբարներում կամ անվտանգության այլ գոտիներում ժամանակավոր տեղավորելով` կարելի էր լուծել նրանց ֆիզիկական անվտանգության հարցը:
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի վերջին ուղերձը սիրիահայերի թեմայով 2012թ. վաղեմություն ունի: 2012թ. հուլիսի 21-ին նա հանդես էր եկել հայտարարությամբ, ցուցումներ էր տվել Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդի գրասենկյակին` կազմակերպել հայ ընտանիքներին նյութական օգնություն ցույց տալու հարցը, Վեհափառը հիշեցրել էր, որ Սիրիայում հաստատված հայերը Սիրիայի քաղաքացիներ են և կշարունակեն կապված մնալ Սիրիային` տեր կանգնելով իրենց պարտավորություններին և իրավունքներին` նույնսիկ ներկայիս դժվար պայմաններում, և որ Սիրիայի հայությունը դեմ է արտագաղթին: Սիրիայի հայության թե՛ հոգևոր, թե՛ համայնքային պատասխանատուները Վեհափառին վստահեցրել էին, որ Սիրիայից արտագաղթ գոյություն չունի:
Ինչո՞ւ պետք է հայերը (խոսքը նրանց մասին է, որոնք իրենց ընտանիքներն ավելի ապահով տեղ տեղափոխելու լրիվ հասկանալի խնդիր ունեն) պետք է Հալեպում մնալու վտանգավոր ու անհեռանկար որոշում կայացնեին: Այն դեպքում, երբ անվտանգության խնդիրը բոլորի համար է առաջնահերթ` անկախ ազգային պատկանելությունից: Հենց երեկ Associated Press-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի` գաղթականների հարցով գերագույն հանձնակատարին, նշել է, որ 2011թ. հակամարտությունից մինչ օրս ավելի քան 7 միլիոն մարդ է ստիպված եղել թողնել իրենց տները և հեռանալ Սիրիայից:
2012-ի օգոստոսի 27-ի Վեհափառի ֆեյսբուքյան էջում նշված էր, «Սիրիոյ հայ գաղութը պատմական կարեւորութիւն կը ներկայացնե թէ՛ Հայաստանի,
թէ՛ Սփիւռքի և թէ՛՛ եր պահանջատիրութեան համար: Հետևաբար, անոր կազմակերպ ու կենսունակ պահպանումը համահայկական խնդիր է»: Եվ որ ինչպես լիբանանյան պատերազմի ժամանակ հայկական համայնքը ` շնորհիվ իր հավաքական կամքի, հավատի, կարողացավ կանգուն մնալ, հիմա փորձության հերթը սիրիահայերինն է:
Որքանո՞վ ընդհանուր եզրեր ունեն Լիբանանի և Սիրիայի իրադարձությունները: Եվ արդյո՞ք ճիշտ է մատնացույց անել լիբանանյան պատերազմը: Իսկ եթե որպես նախադեպ դիտարկենք Իրա՞քը:
Արևելագետ Արաքս Փաշայանի կարծիքով` «Լիբանանի քաղաքացիական պատերազմի և սիրիական ճգնաժամի միջև թե՛ նմանություններ, թե՛ տարբերություններ կան: Երկու դեպքում էլ քաղաքական ներքին խնդիրներ կային, հակասություններ կրոնադավանական տարբեր համայնքների միջև: Երկու դեպքում էլ կար արտաքին ներգրավվածություն: Սակայն դրանք տարբեր են իրենց ծավալներով, հակամարտության բնույթով ու շեշտադրումներով, արտաքին ներգրավվածության մասշտաբով, զոհերի, ավերածությունների և փախստականների քանակով, և այլն:
Լիբանանի քաղաքացիական պատերազմը տևեց մոտ 15 տարի, դրան զոհ գնաց մոտ 120.000 մարդ: Մոտ 1 միլիոն մարդ հեռացավ Լիբանանից: Սիրիայում 2011-ից այսօր զոհվել է 100.000-ից ավելի մարդ, փախստականների թիվը 7 միլիոն է հաշվվում: Այստեղ գործում են միջազգային ահաբեկչական մի շարք խմբավորումներ, օտարերկրյա վարձկաններ:
Կրոնական մոլեռանդությունը, քրեական իրավիճակը, ի վերջո, հումանիտար ճգնաժամն այստեղ գնալով մեծ թափ է ստանում: Սիրիական ճգնաժամը, ձևավորվելով որպես հակակառավարական հուզում կամ քաղաքացիական նախաձեռնություն, աստիճանաբար օգտագործվեց արտաքին ուժերի կողմից ` Սիրիան ներքաշելու քաղաքացիական պատերազմի և քաոսի մեջ` նման այն իրավիճակին, ինչ ստեղծվել էր հարևան Իրաքում: Սիրիան վերաճել է պատերազմի մի հարթակի, որտեղ բախվում են ուժային տարբեր կենտրոնների և գերտերությունների հետաքրքրությունները: Այստեղ բախվում են նաև սուննիական և շիայական աշխարհաքաղաքական բևեռների շահերը: Սիրիական ճգնաժամը շատ տարողունակ է և այլևս դժվար հանգուցալուծվող»:
Սիրիահայ համայնքի ամբողջականությունն ու նվազագույն կորուստներով այս իրավիճակը հաղթահարելը լավագույն, սակայն գրեթե անհնար լուծում է: Դեռևս մեկ տարի առաջ հավաստիացումները, թե խնդիրն այնքան լուրջ չէ` խուճապի մեջ ընկնելու համար, որ հայ համայնքն «ամեն գնով» պետք է պահպանվի, որ, օրինակ, ՀՅԴ-ն կանգնած է սիրիահայերի կողքին, կարելի է գնահատել որպես անպատասխանատու:
«Դաշնակցությունն անում է հնարավորը` սիրիահայ համայնքի անվտանգությունն ապահովելու համար: Այդ նպատակով համապատասխան շրջանակների հետ աշխատանքներ են տարվում»,- դեռ 2012-ի հուլիսի 25-ի ասուլիսում հայտարարել էր ՀՅԴ բյուրոյի հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօերն Կիրո Մանոյանը:
Դամասկոսի մեր աղբյուրները վկայում են, որ բազմաթիվ արաբներ վաղուց հեռացել են երկրից` իրենց ֆիզիկական անվտանգությունն առաջնահերթություն դիտելով: Այս դեպքում` հայերին այնտեղ պահելու խնդիրը ո՞րն է: Մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության մյուս նժարին ի՞նչն է` Սիրիայում մեր հարստությո՞ւնը (կա՞ մեկը, ով գիտի` ինչ ունենք կոնկրետ և որն է այդ ամենը պահպանելու գինը): Ամենամեծ հարստությունը մարդիկ են, ողջ մարդիկ, որոնք միայն ու միայն ողջ վիճակում կարող են տեր կանգնել թե՛ նյութական, թե՛ հոգևոր ժառանգությանը:
«168 ԺԱՄ»