Բաժիններ՝

Հայաստանը՝ աղքատ ազգական

Հինգշաբթի լույս ուրբաթ, երբ շատ հավանական էր Սիրիայի ռմբակոծությունը, նամակ գրեցի դամասկոսաբնակ վաղեմի ընկերոջս` Նազարեթ Էլմաջյանին: «Ինչո՞ւ չես գալիս Հայաստան»,- հարցնում եմ նրան` պատրաստ, որ կներկայացնի բոլոր այն պատճառները, որոնք խոչընդոտում են իր և իր մեծ ընտանիքի վերադարձին՝ գումարի պակաս, անձնագրերի խնդիր, Հայաստանում ապրելու զրոյական միջոցներ: Նազարեթից ստանում եմ բառացիորեն հետևյալ պատասխանը. «Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում ինձ հետ: Սրտումս վախ ունեմ, որ եթե ես Դամասկոսը լքեմ, կարող է կյանքում էլ չտեսնեմ: Էնպես որ՝ գժի պես կպել եմ իմ քաղաքին: Էստեղ մեր ծնողների գերեզմաններն են, մեր բարեկամները, մեր հիշողությունները: Սա կարող են հասկանալ միայն էն մարդիկ, որ եղել են Դամասկոսում: Մեր գերդաստանն 80 հոգի է: Ութսունս էլ Դամասկոսում ենք»:
Ի՞նչ է ստացվում, իսլամական այդ երկիրը՝ Սիրիան, քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի համար ստեղծել է այնպիսի պայմաններ, որ անգամ մահվան սպառնալիքը նրանց համար պակաս սարսափելի է թվում, քան հայրենիքի, հիշողությունների կորո՞ւստը:

Այդպես իրենց խարխուլ տներից կպած են Հայաստանի սահմանամերձ ու իշխանությունների կողմից մոռացված գյուղերի բնակիչները: Չգիտեինք, որ մեր երկրի սահմաններին այդ անուններով գյուղեր կան: Նրանց մասին հիշեցնում են ադրբեջանցիները՝ պարբերաբար ռմբակոծելով: Ու պարզվում է, այդ գյուղում կան բնակիչներ, անգամ դպրոցներ՝ իրենց տարիքից անհամեմատ իմաստուն երեխաներով:
Եվ հիմա ռմբակոծության թիրախ է Սիրիան: Այս օրերին միջազգային լրատվամիջոցների հիմնական թողարկումների հիթը Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, եվրոպական այլ երկրների քաղաքացիների բողոքի ցույցերն էին՝ ընդդեմ Սիրիայի հնարավոր ռմբակոծությունների: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև ևս մարդիկ կան խմբված, սակայն ամենևին ոչ Սիրիայի դեմ կիրառվող ավերածությունների դեմ բողոքելու, այլ ԱՄՆ մուտքի վիազա ստանալու համար:

Հարցնում ես պաշտոնյային՝ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն հնչեցնում տագնապի զանգերը: Պատասխանում է՝ «Ինչպե՞ս կարող է Հայաստանի Հանրապետությունն օգնել 60.000-անոց սիրիահայ համայնքին: Վերացեք զգացմունքայնությունից, սթափ դատեք. այդքան գումար մեզ որտեղի՞ց, մեր հայրենակիցների տարհանումը ինչպե՞ս կարող ենք կազմակերպել»: Նախ՝ հենց Նազարեթ Էլմաջյանի 80-հոգանոց գերդաստանի օրինակով համոզվեցինք՝ բոլորը չէ, որ ցանկանում են հեռանալ Սիրիայից: Բացի դա՝ նժարին դրված է մեր հայրենակիցների կյանքի խնդիրը:
Շատերը, ովքեր ցանկանում են իրենց ընտանիքները տեղափոխել Հայաստան, գումարի խնդիր ունեն: Հայաստան հասնելու համար անհրաժեշտ է 800 դոլար: Եթե առաջ 800 դոլարը հավասար էր սիրիական 40.000 լիրայի, այսօր 800 դոլարը 200.000 լիրա է: Քաղաքացիական պատերազմը հյուծել է նաև երկրի տնտեսությունը, ու մարդկանց ձեռքին գումար չկա:

Մեր պետությունն, ինչպես միշտ, թշվառի, աղքատի կեցվածք է ընդունել՝ իբրև, որտեղի՞ց մեզ գումար, որ կարողանանք բոլորին օգնել:
Իրավիճակի լրջությունն ընկալելու դեպքում հատուկ ուղերձով թե՛ ՀՀ քաղաքացիներին, թե՛ սիրիահայերին պետք է դիմի երկրի նախագահը: Պետք է հայտարարվի համազգային դրամահավաք` ով որքան կարող է՝ իրականացնելու մեր հայրենակիցների էվակուացիան: Դամասկոսում բնակվող ընկերուհիս, ով չցանկացավ անունը հրապարակել, հենց երեկ դառնացած էր գրում Հայաստանի մասին: «Ի՞նչ կարող ենք անել»,- հարցրեցի: Շատ չոր պատասխանեց. «Արդեն ուշ է ինչ-որ բան անել»: Նկատեց, որ բազմաթիվ սիրիահայեր եկել են Հայաստան, սակայն աշխատանք չեն գտել: Այսինքն՝ Հայաստանում ոչ մի հեռանկար չունեն: «Համաձայն եմ, Սփյուռքի նախարարությունը որոշ օգնություն ցուցաբերեց, բայցգ»: Դամասկոսում ավերածություններ գրեթե չկան: Բաց է դեպի Լիբանան գնացող ճանապարհը: Անելանելի է Հալեպի բնակիչների վիճակը:

Հալեպում այսօր մոտ 30.000 հայ կա: Սակայն, ըստ բարեկամուհուս` «Քանի օր է՝ Հալեպեն ոչ մի լուր չունենք»:
Հալեպում բնակվող հայերի 40 տոկոսը, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, ժամանակին հեռացել է քաղաքից: Հալեպն արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհը նշանառուների հսկողության տակ է. յուրաքանչյուրը, ով հայտնվում է այդ ճանապարհին, գնդակահարվում է: Մարդիկ այնտեղ ուղղակի նահատակվում են. ողջ քաղաքում աշխատում է հացի 4 փուռ, հացն ահավոր թանկ է, այն գնելու համար ամենաքիչը 2-3 ժամ հերթ են կանգնում: Քաղաքում հումանիտար աղետ է: «Հալեպի հարցը,- բարեկամուհիս անխնա ու չոր էր պատասխանում հարցերիս,- այլևս փակ է: Մոռացեք»:

Ինչը, կարծես, արվում է: Լոկալ, փոքրիկ օգնությունները եղանակ չեն ստեղծում: Սա այն դեպքն էր, երբ Հայաստանը` որպես ինքն իրեն ու իր բարեկամ երկրներին հարգող պետություն, պետք է դիմեր ոչ միայն Սիրիայի մեր հայրենակիցներին, այլև Սիրիայի արաբ բնակչությանը: «Սիրիայի հարգելի քաղաքացիներ, դուք Ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդին մեզ համար ծանր պահի ընդունեցիք: Ընդ որում՝ ընդունեցիք այնպես, որ Սիրիայի հայկական համայնքը դարձավ Սփյուռքի ամենակազմակերպված, մեծ համայնքը: Հիմա դուք եք դժվարության մեջ, և ձեզ օգնելու հերթը մերն է՝ Հայաստանը բացում է իր դռները ձեր առաջ»:

Բայց արդյո՞ք ուշ չէ: Երեկ Ֆրանսիայի նախագահ Օլանդն արդեն ժամկետ է նշել` «Դամասկոսը կռմբակոծվի, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի 4-ին»:

Հ.Գ. Այս օրերին Երևանում ընթանում է միջազգային գիտաժողով` խիստ արդիական խորագրով` «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարում»:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս