Բաժիններ՝

«Բիլայնը» փակել է իր գրասենյակները Չեչնիայում

«Вымпелком» ընկերությունը (առևտրային նշանը՝ «Билайн») փակել է Չեչնիայում գործող բոլոր գրասենյակները՝ իր աշխատակիցների և հաճախորդների անվտանգության նկատառումներով։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ընկերության հյուսկովկասյան տարածաշրջանային ներկայացուցիչ Իլյա Զախարովին։

«Вымпелком»-ը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ Գրոզնիում գտնվող գրասենյակներից մեկը հարձակման է ենթարկվել վանդալների կողմից։ Զախարովը չի նշել, թե երբ է ընկերությունը մտադիր վերաբացել գրասենյակները։ «Вымпелком»-ի պաշտոնական կայքի համաձայն՝ Չեչնիայում այն ունի 2 սեփական գրասենյակ և արագ սպասարկման 20 կենտրոն։

Գրասենյակի վրա հարձակումը տեղի էր ունեցել օգոստոսի 30-ի երեկոյան։ Հարձակվողները «ամոթ» և  «Ալլահ Աքբար» վանկարկումներով ձվեր էին նետել շենքի ուղղությամբ և կտրել ընկերության պատկանող մալուխները, որի պատճառով քաղաքում բջջային կապը կաթվածահար էր եղել։ Նման հարձակման ենթարկվել էր նաև «Мегафона»-ի գրասենյակը։

Չեչենների դժգոհության առիթը եղել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հայտարարությունը։ Նա, մասնավորապես, ասել էր, որ բջջային օպերատորները մեքենայություններ են կատարել Ռուսաստանի խորհրդանիշների մրցույթի ձայների հաշվարկի ժամանակ։  Ըստ Կադիրով՝ հենց բջջային օպերատորների գործողությունների պատճառով է, որ Գրոզնու «Չեչնիայի սիրտը» մզկիթը չի զբաղեցրել առաջին տեղը։

Կադիրովը բջջային օպերատորներից պահանջել էր վերադարձնել քվեարկության վրա ծախսված գումարները, իսկ հաճախորդներին կոչ էր արել հրաժարվել այդ ընկերությունների ծառայություններից և դառնալ «Вайнах Телеком»-ի բաժանորդ։ «Билайн»-ը և «Мегафон»-ը հերքել են Կադիրովի մեղադրանքները և նշել, որ քվեարկության ժամանակ տեղի ունեցած խափանումները ունեցել են տեխնիկական պատճառներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս